Հազարավոր ցուցարարներ շարունակում են հակակառավարական ցույցերը Ստամբուլում՝ անտեսելով դրանք դադարեցնելու մասին վարչապետ Էրդողանի հորդորները։
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ ցուցարարներն առավոտը դիմավորեցին Ստամբուլի կենտրոնական Թաքշիմի հրապարակում, որտեղ մեկ շաբաթ առաջ նրանց դեմ էին բերվել ուղղաթիռներ ու ռազմական մեքենաներ։ Բողոքի մասնակիցներն այստեղ խփել են վրաններ։
Ստամբուլի Գազի թաղամասում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ու մարդկանց դեմ հանել ջրցան մեքենաներ։ Այստեղ էին 199Օ-ականներին տեղի ունեցել ոստիկանության հետ ամենաուժեղ բախումները։
Սակայն մայրաքաղաք Անկարայում իրադրությունը հանգիստ է, որտեղ կենտրոնական հրապարակներից մեկում բողոքի ցույցի մասնակիցների թիվն իջել է մինչեւ մի քանի տասնյակի։
Որպես ցուցարարների հետ միասնության ու համերաշխության դրսեւորում, բողոքի ցույցերին են խոստացել միանալ երկրի ֆուտբոլային երեք ակումբների՝ Բեշիքթաշի, Գալաթասարայի եւ Ֆեներբահչեյի երկրպագուները։
Հիշեցնենք, որ բողոքի ալիքը Թուրքիայում բարձրացավ զբոսայգիներից մեկում առեւտրի կենտրոն կառուցելու կառավարության ծրագիրը հրապարակվելուց հետո, որոնք այնուհետեւ վերածվեցին հակակառավարական ցույցերի, ապա՝ վարչապետ Էրդողանի հրաժարականը պահանջող պայքարի։ Ցուցարարները բողոքում են Էրդողանի ինքնակալական իշխանության դեմ ու ընդդեմ մահմեդական արմատներ ունեցող նրա Արդարություն եւ զարգացում կուսակցության քաղաքականության։