Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետ. «Զավեշտ է, թե չինական մետաքսը Գյումրիով չի անցել» (ֆոտոշարք)

Հունիս 08,2013 19:19

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել էր Չինաստանի երբեմնի մայրաքաղաքի`9 միլիոն բնակչություն  ու 3100 տարվա պատմություն ունեցող  Սիանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ուանգ  Քիուենի  գլխավորած պատվիրակությանը: Հետաքրքիրն այն էր, որ Ամանորը, հանգիստը Չինաստանում անցկացնող Գյումրու գործարար քաղաքապետը շատ ավելին գիտեր Չինաստանի մասին, երբեմն ճշգրտումներ էր մտցնում հյուրերի հաղորդած տեղեկատվության մեջ:

Օրինակ` երբ հյուրերը հայտնեցին քանի  բնակիչ ունի իրենց քաղաքը, Սամվել Բալասանյանը  անմիջապես ճշգրտեց` տեղեկացնելով, որ 8,5 միլիոնը գրանցում ունեցողներ են, իսկ Շան Խի մարզը շատ ավելի մեծ է` 36 միլիոն բնակիչ ունեցող: Պարոն Բալասանյանն   ասաց, որ հաճախակի է լինում Չինաստանում, Չինաստանի Չան Չուն քաղաքում մագիստրատուրայի բաժնում է  սովորում իր կրտսեր որդին: Այնուհետ քաղաքապետը իր դժգոհությունը  հայտնեց, որ Գյումրին ընդգրկված չէ  մետաքսե ճանապարհով անցնող   քաղաքների ֆորումում, որը պիտի կազմակերպվի 2014 թվականին Չինաստանում: «Հիմնական խնդիրը էսպիսին է: Սիանի կենտրոնում  կա թանգարան, որտեղից եւ սկսվել է մետաքսի ճանապարհը , առեւտրային կենտրոն է,  պատմական կենտրոն, էդ պատմական կենտրոնում ես տեսա ոնց որ թե ճանապարհը գալիս է  Պարսկաստանով, մտնում է Թուրքիա: Ճիշտն ասած, ինձ համար զավեշտ էր, չէր կարող էդպես լինել, որ Հայաստանում մետաքսե ճանապարհ չլիներ, էսպես է անցել քարավանը, չէր կարող Գյումրի քաղաքով չանցնել: 2014 թվականին Չինաստանում են  հավաքվելու  բոլոր այն քաղաքների քաղաքապետերը, որտեղից անցել է մետաքսե ճանապարը եւ լուրջ ծրագիր են մշակելու եւ դրա տակ լուրջ գումար  են ներդնելու: Ես  խնդրեցի Գյումրին եւս ընդգրկել  ծրագրում, որովհետեւ տրամաբանությունից զուրկ է, որ Գյումրիով չի գնացել Եվրոպա ինչ-որ չինական ապրանք, որովհետեւ մենք  ունենք Կարս-Գյումրի ճանապարհը, որը մինչեւ հիմա էլ կա, պատմությունից եկող բան է»:

3 կետից բաղկացած` մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների համագործակցության   համաձայնագիր կնքվեց Սիան  քաղաքի խորհրդարանի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ուանգ Քիուենի եւ  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  միջեւ: Գյումրու քաղաքապետն ասաց, որ Գյումրին երկկողմանի եւ արժանապատիվ  համագործակցության է գնում: «էնպես չէ, որ պետք է ասենք`  եկեք սա մեր համար արեք, մենք կգանք, էս կանենք: Ոչ, հավասարը հավասարի հետ  տրամաբանության սահմաններում մենք  պետք է կարողանանք համագործակցել», -ասաց պարոն Բալասանյանը: Գյումրու քաղաքապետը  Չինաստանի մասին իր գիտելիքներով իրոք զարմացրեց հյուրերին: Նա ասաց. «Չինաստանում 2013 թվականի սեպտեմբերին արդեն մեզ հրավիրեցին, տեղի է ունենալու տնտեսական ֆորում, որին ես մեկ անգամ մասնակցել եմ որպես Ազգային ժողովի փոխանագահ: Էնտեղ  լուրջ ծրագրեր կան, որոնց հետ կապված մենք կարող ենք համագործակցել: Բայց սա հստակ, կոնկրետ  քաղաքների մեջ էր, հիմա մենք պետք  է կարողանանք հասկանալ  եւ համագործակցության  եզրեր գտնել տարբեր կազմակերպությունների հետ: Ես  ասում եմ, որ իրենց մոտ կազմակերպությունները շատ մեծ են: Մի օրինակ բերեմ: Որ էնտեղ էինք,  հանդիպում ունեցանք մեկ հատ տրանսֆորմատորներ արտադրող ինչ-որ  մի կազմակերպության հետ, որը 150 հեկտար տարածքի վրա էր: Դրա եկամուտը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար էր: Միայն մի կազմակերպության, մենք չենք կարող  էդպիսի կազմակերպության հետ գնալ եւ համագործակցել, բայց որ կարող ենք ասենք տարբեր փոքր կազմակերպությունների հետ համագործակցել, որովհետեւ իրենք ունեն նաեւ ազատ տնտեսական գոտիներ, եւ այդ գոտիներում գրանցված են մոտ 120 հազար կազմակերպություն: Մենք  կարող ենք էդ փորձը ունենալ, պատահական չէ, որ մեզ հրավիրեցին տնտեսական ֆորումի, եւ ինչու չէ նաեւ էս համաձայնագրի  կետերից բխող ուղղակի հնարավորություն  լինի համատեղ ինչ-որ  ձեռնարկություններ ստեղծել, համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնել», -ասաց Սամվել Բալասանյանը:

Հանդիպման վերջում Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց, որ Հայաստանում «Չայնաթաուններ» չկան, սակայն հնարավոր չէ՞   Գյումրիում եթե ոչ  «Չայնաթաուն» , ապա չինական մշակույթի կենտրոն կամ մշակույթի ու ինֆորմացիայի կենտրոն կառուցել: Լեւոն Բարսեղյանի  առաջարկը  անչափ դուր եկավ չինացի պաշտոնյային:Նա խոստացավ հայրենիք  վերադառնալուն պես այս հարցը քննարկել իրենց  երկրի ղեկավարության հետ: Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ հողատարածք տրամադրելը իր վրա: Ուանգ Քիուեն գաղափար չուներ, թե  բնակվո՞ ւմ են արդյոք հայեր Սիանում:

PrevPhoto
NextPhoto

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930