Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոյական մարդն ի՞նչ իրավունք ուներ գիշերվա կեսին զենքով հայտնվել մարզպետի տան մոտ»

Հունիս 08,2013 17:13

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանի կարծիքով, նոր մեդիան հնարավորություն է ընձեռել, որ ավելի շատ լրատվական կայքեր գործունեության ծավալեն, սակայն, այս հանգամանքը չի նպաստել, որ բարձրանա տեղեկատվության որակն ու հավաստիությունը:

«Այն տեղեկատվությունն, որը պետք է դաստիարակչական գործառույթ ունենա, մենք դեռեւս չունենք: Ինչ է մեր եթերում տեղի ունենում. հիմնական եթերները, որոնք ավելի մեծ լսարան ունեն, հիմնականում սերիալային մակարդակը դեռ չեն փորձել հաղթահարել»,- ասաց Ա. Ավետիսյանն, ով նաեւ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս է եւ մասնագիտական աչքով է հետեւում կատարվող իրադարձություններին եւ դրանց լուսաբանմանը:

«Երբ առավոտից երեկո հետեւում ես տեղեկատվությանը, զգացողություն է առաջանում, որ մեր երկրում որեւէ դրական բան տեղի չի ունենում: Արդեն տեղեկատվության լավն ու վատը, առաջնայինն ու երկրորդայինը չեն զանազանվում»,- նշեց բանախոսն ու հավելեց, որ լրատվական կայքերից, թերթերից ու սոցիալական ցանցերից ստացած տեղակատվության հորձանուտում մարդը պարզապես կարող է խճճվել:

Տիկին Ավետիսյանն անդրադարձավ նաեւ վերջին օրերին ամենքննարկվող թեմային` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին: Ըստ նրա` այդ դեպքում էլ լրատվամիջոցներից ստացվող տեղեկատվությունն անկողմնակալ համարել չի կարելի:

«Ես, իհարկե, չեմ արդարացնում Սուրիկ Խաչատրյանին, բայց բարոյական մարդն իրավունք չուներ զենքով հայտնվել նրա տան մոտ: Նա ի՞նչ իրավունք ուներ գիշերվա կեսին զենքով հայտնվել մարզպետի տան մոտ: Կարծես, թե  ոչ մեկ այս մասին չխոսեց»,- ասաց Ա. Ավետիսյանը` նկատելով, որ հեռուստաընկերությունները չպետք է հրապարակեին համացանցում հայտնված միջադեպի տեսանյութը:

Իսկ ասուլիսին ներկա հոգեբան Աննա Բադալյանի խոսքով, նույնիսկ ամենահավասարակշռված մարդու համար բացասական ինֆորմացիան կարող է անցանկալի երեւույթների հանգեցնել ու անհատին կտրել հասարակությունից` նրան գցելով ապատիայի մեջ:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930