Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Թուրքիայում ինչ բախումներ եւ շարժումներ լինեն, դրանից տուժում են միայն ազգային փոքրամասնությունները»

Հունիս 08,2013 16:48

«Սա քաղաքական շարժում չէ, ավելի շատ քաղաքացիական շարժում է:  Շարժման մեջ ներգրավված են տարբեր սոցիալական խմբեր, իսկ շարժիչ ուժը հիմնականում երիտասարդությունն է, որոնց մեջ կան նաեւ գլխաշորով երիտասարդներ, այսինքն նրանց մեջ կան նաեւ մահմեդական երիտասարդներ:  Սա այն պոտենցիալն է, որը վաղվա Թուրքիայում կարող է նոր մթնոլորտ ձեւավորել»,-այսօր «Տեսակետ» ակումբում անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Բանախոսի փոխանցմամբ` կուսակցությունները, որպես քաղաքական ուժեր որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել, սակայն դրանց ներկայացուցիչները հանդես գալով որպես քաղաքացի եւ ոչ թե կուսակցության անդամ, ներկա են գտնվել շարժմանը: «Ամբողջ արեւելյան քրդական վիլայեթները չեն ցուցաբերել ակտիվություն: Քրդամետ կուսակցությունը ակտիվ չի մասնակցում  շարժմանը, սակայն առանձին գործիչներ հանդես են եկել»:

Քաղաքագետը նշեց, որ Էրդողանը  2 օր առաջ ժամանելով Ստամբուլ, հանդես եկավ ելույթով, որտեղ հստակ երեւում էր, որ նա չի պատրաստվում հետքայլ կատարել. «Էրդողանի եւ Գյուլի միջեւ տարաձայնություններ կան:  Գյուլի հայտարարությունը հակասում է Էրդողանի գաղափարներին եւ այս խմորումները լավ բանի հանգեցնել չեն կարող, որտեղ կան տարաձայնություններ անգամ  անձնական մակարդակով»:

Ըստ Հովհաննիսյանի` նրանց տարաձայնությունները դեռ բացահայտվել էին թուրք-հայկական գործընթացի ժամանակ, երբ Էրդողանը շատ արագ տապալեց այդ գործընթացը՝ համարելով, որ այն Գյուլի նախաձեռնությունն է, այլ ոչ թե իրենը: Բանախոսը կարծում է, որ  սա կուսակցության փլուզման չի բերի, բայց որոշակի պառակտումներ արդեն ակնհայտ են:

Քաղաքագետը նշեց նաեւ, որ այսօրվա շարժումը փորձում են կասեցնել եւ շարժման սլաքն այլ ուղղությամբ տանել. «Էրդողանի շուրթերից հնչեց դավադրություն բառը, ակնարկելով`  արտաքին ուժերի գործոնը, նկատի ունենալով Սիրիային:  Ակտիվորեն ԱԶԿ-ական ԶԼՄ-ների կողմից փոքրիկ արտահոսքեր են լինում, թե Թուրքիայի լավը ովքեր չեն ուզում, որտեղ մատնանշվում են հայկական  «Ակօս» եւ հրեական «Շոլոմ» թերթերը, որոնք առաջին աշխարհամարտի ժամանակ հարվածեցին Թուրքիային թիկունքից: Այսպիսի ոգով են փորձում պառակտել շարջումը, պառակտել շարժման մասնակիցներին»,-ընդգծեց թուրքագետը:

Նա նաեւ նշեց, որ ԱԶԿ-երի ընտրությունների հետ կապված չեն բացառել, որ խորհրդարանական ընտրությունները կմիավորեն ՏԻՄ ընտրությունների հետ: «Թուրքիայում ինչ բախումներ եւ շարժումներ լինեն, դրանից տուժում են միայն ազգային փոքրամասնությունները: Թուրքիան բավական բարդ երկիր է եւ մեր դիրքորոշումը պետք է լինի ուշիուշով հետեւելը այդ քաղաքական զարգացումներին եւ չգնալ պարզ մոտեցումների»: Շարժումը դեռ շարունակվում է. կիրակի օրը սպասվում է երիտասարդ ազգայնականների երթը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930