Հունիսի 9-ին Երեւանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունեն աաշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերրատ Կաբալիյեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցոսոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը կղեկավարի Մոնսերատ Կաբալիեի եւ մյուս երգչուհիների հետ Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:
Երեկ աշխարհահռչակ երգչուհին Վարպետության դաս է անցկացրել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, որին մասնակցում էին Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, օպերային թատրոնի արտիստները, բազմաթիվ երաժիշտներ եւ արվեստասերներ: Վարպետության դասին ներկա էին նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տիկինը՝ Գոհար Սարգսյանն, ով Մոնսերրատ Կաբալյեի այցի ողջ ընթացքում ուղեկցում է նրան:
Երգչուհին ունկնդրեց մի քանի տասնյակ երիտասարդների կատարումները, խորհուրդներ տվեց նրանց: Նրան հիացրել էին երիտասարդներից շատերի կատարումները: Ուսանողները դասըթացից հետո խոստովանում էին, որ երբեւէ չէին կարող պատկերացնել, որ երբեւէ կարող են հանդիպել աշխարհահռչակ սոպրանոյի հետ, խորհուրդներ լսել այն մասին, թե ինչպես պահպանել ձայնը, ինչպիսի երգացանկ ընտրել, ինչպես կառավարել շնչառական համակարգը կատարման ընթացում:
Լուսանկարները՝ Զավեն Խաչիկյանի