Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. Ավանդույթի համաձայն քվեարկում են կողմ, խոսում ՝ դեմ

Հունիս 08,2013 15:50

Երեւանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի հայեցակարգային մրցույթ հայտարարելուն հաջորդած իրադարձությունները, աժիոտաժը, բորբոքված կրքերը, եթե ընդամենը հանրային շրջանակներում տեղի ունենար, հասկանալի կլիներ, քանզի Հայաստանի հանրապետության քաղաքացին, երեւանցին իրավունք ունի մտահոգվել եւ անհանգստանալ իր երկրի թիվ մեկ հրապարակի համար:

Եթե քաղաքացին լավ չի պատկերացնում ինչ ասել է՝ հայեցակարգային մրցույթ, դեռ հասկանալի է, բայց երբ մրցույթի հանդեպ միտումնավոր կասկածի եւ անվստահության մթնոլորտ են ձեւավորում հենց ճարտարապետները, ընդ որում, մարդիկ, ովքեր ընդգրկված լինելով Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովում՝ հավաքական քննարկման արդյունքում իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել՝ ողջունելով Հանրապետության հրապարակի խնդիրները վեր հանելուն կոչված հայեցակարգային մրցույթի գաղափար-առաջարկությունը, այլ բան չի մնում, քան վերջնականապես համոզվելը, որ Ճարտարապետների միության նախագահը ստանձնել է Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն ձեռնարկները տապալելու «առաքելությունը», որոնք իրականացվում են Նարեկ Սարգսյանի կողմից:

Այս համատեքստում է դիտարկվում եւ Թամանյանի թմբուկի իրականացման՝ ՀՀ կառավարության շենքը ավարտուն դարձնելու ծրագիրը, եւ «Համազգային» թատրոնի շենքի կառուցման ու վերջինիս վերաբերյալ մրցույթի հայտարարման հարցը, եւ մասնագետների համար հույժ հրատապ՝ «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքն ընդունելու խնդիրը: Օրինակները կարելի է շարունակել: Եվ այսպես, Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովը 100 տոկոսով ձեւավորված լինելով Ճարտարապետների միության նախագահի կողմից, Հանրապետության հրապարակի եւ խնդրո առարկա մրցույթի թեմային առաջին անգամ անդրադարձել է 2012 թ. հուլիսի 27-ին՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանուցելով այդ մասին:

Անցած շրջանում հրավիրված վեց նիստերի ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամներն / այդ թվում նաեւ՝ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալության Երեւանի գծով պատասխանատուն/ իրենց տեսակետները հայտնել են՝ շահագրգիռ քննարկում ծավալելով խնդրի շուրջ: Արձանագրությունները բոլոր անդամներին ուղարկվել են էլ. փոստով, այդ թվում նաեւ՝ այս օրերին «ընդդիմադիր ճակատ» ձեւավորած ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Սաշուր Քալաշյանին: Նրանք երկուսն էլ, մրցույթի կողմնակից են եղել՝ իսկ վերջինս մրցույթի միջոցով մասնագիտական մտքերին ծանոթանալը «առողջ միտք» համարելով, մրցույթի պայմաններին վերաբերող իր ելույթում գործընկերներին հիշեցրել է խորհրդային տարիների օրինակելի կարգը. «Խորհրդային տարիներից կա պրակտիկա՝ ասենք երեք հատ պատվեր էր իջեցվում, իսկ մնացածը՝ առանց պատվերի էր: Գարանտիա կար, որ արդյունքում գոնե երեք գործ պրոֆեսիոնալ դուրս կգա:

Պատվերի համար հաշվի էր առնվում մասնագիտական կազմակերպությունների պոտենցիալը» /19.10.2012թ արձանագրությունից/: Ի դեպ, այս խոսքերի հեղինակ Սաշուր Քալաշյանն օրերս կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե՝ «վերակառուցման նախագծի մի մասը փակ մրցույթի արդյունքում է որոշվելու, մյուսը` բաց: Օրենքն արգելում է միաժամանակ եւ՛ բաց, եւ՛ փակ մրցույթ անցկացնել»: Մինչդեռ, Քալաշյանը հանձնաժողովի նիստում տրամագծորեն հակառակ բան է ասել՝ հիշեցնելով խորհրդային ժամանակների պրակտիկան: Մեկ այլ փաստ՝ 2013 թվականի հունվարի 18-ի նիստի ընթացքում Երեւանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը մրցույթի իրականացման համար առաջարկում է յոթ հոգանոց ժյուրիի կազմ՝ Ն. Սարգսյան, Ռ. Ալավերդյան, Արեւ Սամուելյան, Հրաչ Պողոսյան, Մ. Մինասյան, Գ Մուշեղյան, Ս. Քալաշյան, ինչին հանձնաժողովի նիստին ներկա անդամները՝ այդ թվում՝ Մ. Մինասյանն ու Ս. Քալաշյանն իրենց նախնական համաձայնությունը տալիս են, ապա՝ 2013 թ. Մարտի 29-ի նիստի ժամանակ Ն. Սարգսյանն արդեն հանձնաժողովի անդամներին ներկայացնում է ժյուրիի կազմը, որին հավանություն են տալիս նիստին ներկա բոլոր անդամները սակայն, անցած օրերի ընթացքում հրապարակային տեսակետներ հայտնելով՝ վերը նշված անձինք ժխտում են նաեւ այս իրողությունը /բոլոր արձանագրությունները եւ ձայնագրությունները պահպանվում են/:

Ինչ վերաբերում է մրցույթի նախնական տեքստին, այն դեռեւս 2012 թ. դեկտեմբերին հանձնաժողովի բոլոր անդամներին տրվել է, ապա՝ 2013 թ. Մայիսի 29-ին էլ փոստով ուղարկվել է Ս. Քալաշյանին եւ Գ. Մուշեղյանին՝ իրենց առաջարկությունները ներառելու համար: /Ս. Քալաշյան- Ցանկալի է, որ մրցույթի վերջնական տեքստին ծանոթանանք: Ն. Սարգսյան- Մրցույթի տեքստը ուղարկել Ս. Քալաշյանին եւ Գ. Մուշեղյանին առաջարկությունների ներկայացման նպատակով; հատված՝ 29.03. 2013 թ հանձնաժողովի նիստի արձանագրությունից/: Հանձնաժողովի անդամներ Ս. Քալաշյանը եւ Գ. Մուշեղյանը մրցույթի տեքստն՝ իրենց կատարած առաջարկություններով հանդերձ ուղարկել են հանձնաժողովի քարտուղարին 2013 թ. Ապրիլի 2-ին, եւ նրանց առաջարկությունները ներառող մրցույթի վերջնական տեքստը տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի` www.yerevan.am պաշտոնական կայքում:

Ինչեւէ, նման մթնոլորտում, երբ հանձնաժողովի տվյալ անդամները ժխտում են մրցույթի կազմակերպմանն ուղղված իրենց իսկ առաջարկած պայմաններն ու մոտեցումները, մասնավորաբար, մի քանի ճարտարապետական խոշոր կազմակերպություններին /«Երեւաննախագիծ», «Հայնախագիծ», Ճարտարապետաշինարարական պետական համալսարան, պատվիրելու վերաբերյալ դրույթը, Երեւանի քաղաքապետարանը անիմաստ է համարում այն կիրառելը՝ հետագա շահարկումներից զերծ մնալու նպատակով: Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ դեռեւս նախորդ քաղաքապետի պաշտոնավարման շրջանում, երբ ճարտարապետները Երեւանի քաղաքաշինական խորհրդում եւ խորհրդից դուրս տրամագծորեն տարբեր տեսակետներ էին հայտնում, առաջարկվեց քաղաքաշինական խորհրդի աշխատակարգում ներառել մասնագիտական էթիկային վերաբերող բաժին: Ցավալի է, բայց ՃՄ այսօրինակ գործունեության արդյունքում ճարտարապետական մի շարք կազմակերպություններ հերթական անգամ կզրկվեն իրենց աշխատանքը լիարժեք ներկայացնելու հնարավորություններից:

Այս ամենից հետո, մնում է, հուսալ, որ հրապարակային կերպով իրենց անհամաձայնությունը հայտնած ճարտարապետներն այնքան սկզբունքային կլինեն, որ չեն մասնակցի մրցույթի ժյուրիի աշխատանքներին: Հ. Գ. Ավելացնենք, որ ճարտարապետների հանձնաժողովնի վերջին՝ 06.07. 2013 թ. կայացած նիստում բուռն քննարկումների առիթ է դարձել որոշ գործընկերների պահվածքը:

 

 Անահիտ ԵՍԱՅԱՆ

Երեւանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karin says:

    Ստալինյան ժամանակաշրջանի ոճով զրպարտություններ, ուրիշ ոչինչ: Անգամ մեկնաբանել չարժի քաղաքապետարանի լրագրողին պատվիրված այս հոդվածը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930