Երեւանի ավագանու նորընտիր անդամների այսօր կայացած առաջին նիստին ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բացի մասնակցում էին նաև «Բարեւ Երևան» դաշինքի 5 անդամները, տեղեկացնում է Tert.am-ը:
Ստյոպա Սաֆարյանն առաջին տոնական նիստին բացակայում էր, սակայն նրա գործընկերներն ավագանու առաջին նիստին իսկ չթաքցրեցին իրենց ընդդիմադիր կեցվածքը, ինչը հանգեցրեց փոքրիկ կոնֆլիկտի ՀՀԿ ավագանու անդամների հետ։
Նիստը սկսեց Երեւանի քաղաքապետարանի համար հիմն դարձած «Երեւան-Էրեբունի» երգով։ Հոտնկայս հիմնը լսելուց հետո նիստը վարող ՀՀԿ ավագանու ցուցակով ընտրված անդամ Աստղիկ Գեւորգյանը անուն առ անուն ներկայացրեց բոլոր ավագանու խմբակցությունների անդամներին, ըստ որի՝ ընտրված ավագանու անդամներից ներկա էին՝ ՀՀԿ ցուցակից 42 անդամ, ԲՀԿ-ից՝ 17 անդամ եւ «Բարեւ Երեւան» դաշինքից 6 անդամ։
Աստղիկ Գեւորգյանը հայտարարեց, թե քանի որ ՀՀԿ-ն ստացել է ավագանու տեղերի 50 %-ից ավելին, ուստի համապատասխան օրենքի՝ ցուցակը գլխավորող Տարոն Անդրանիկի Մարգարյանն օրենքի ուժով համարվում է ընտրված՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում։ «Հրավիրում եմ զբաղեցնել քաղաքապետի Ձեր տեղը»,-հայտարարեց նա։
Տարոն Մարգարյանը մինչ կվերաստանձներ պաշտոնը՝ շարունակելու նիստի վարումը, հանդես եկավ ելույթի խոսքով՝ ավագանու առաջին նստաշրջանի կապակցությամբ՝ շնորհավորելով ավագանու անդամներին։
Կարդացեք նաև
«Ողջունում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են ավագանի ընտրվել, նաև «Բարև Երևան» դաշինքի մուտքը»,- ասաց նա եւ նշեց, որ բոլորն այստեղ են տարբեր ծրագրերով, բայց ընդհանուր նպատակով։
Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն հայտնեց՝ մայրաքաղաքի բնակչությանը ստացած վստահության քվեի համար։ «Վստահեցնում եմ, որ երևանցու հույսերն անպայման արդարացնելու եմ»,- ասաց նա եւ ապա անցավ օրակարգային հարցերին՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորում, երդման արարողության հետ կապված հարցեր, ավագանու ղեկավարների, քարտուղարության անդամների նաև հանձնաժողովների նախագահների ընտրություն։
«Բարեւ Երեւան» դաշինքի ղեկավար ընտրված Անահիտ Բախշյանը զարմացավ. «Օրակարգը չեք հաստատելո՞ւ»։ Տարոն Մարգարյանը նշեց, որ քանի որ առաջին նիստն է, այդ իսկ պատճառով՝ ոչ։ Պատասխանը համոզիչ չէր։ Ավագանու անդամներն անցան արդեն քվեարկության միջոցով հանձնաժողովների նախագահների առաջարկություններին և քվեարկությանը, ինչին հրաժարվեց մասնակցել «Բարեւ Երեւան» դաշինքը։
«Կեղծված ընտրությունների արդյունքով այսպիսի ավագանին չի համապատասխանում, այդ իսկ պատճառով խմբակցությունը չի մասնակցում քվեարկությանը»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։
Տարոն Մարգարյանը խնդրեց, որ խմբակցության ղեկավարը, այսինքն՝ Անահիտ Բախշյանը խոսի։
Այնուհետեւ ամբողջ նիստին ընդդիմադիր ավագանիները հանդես էին գալիս ռեպլիկներով, ինչին ՀՀԿ-ականներից մեկի նյարդերը տեղի տվեցին։ «Էդ հայտարարությունն ո՞վ արեց, թե «նայած ով ոնց կպահի»»,- հարցրեց նա։ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Գագիկ Բաղդասարյանը վրա բերեց. «Նախագահողին լսեք, ռազբորկի չենք եկել»։
Այնուհետեւ ելույթի խոսք ասաց նաեւ ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար ընտրված Թամարա Պողոսյանը։ «Առաջին սկզբունքն այն պետք է լինի, որ քննարկումներին մասնակից դարձնել նաև երևանցուն»,- ասաց նա։
Քանի որ խմբակցությունը հնարավորություն ուներ ղեկավարել մեկ հանձնաժողով, Թամարա Պողոսյանն առաջարկեց. «Մշակույթի, կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար առաջադրել Թամարա Պողոսյանին»։ Ինքնառաջադրումը քվեարկությամբ հաստատվեց։ Հաջորդ նիստը որոշվեց անցկացնել 2013թ. սեպտեմբերի 10-ին։