Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը քնած էր լեթարգիական քնո՞վ

Հունիս 08,2013 12:56

«Զորավարին կարելի էր զանգել, ասել՝ շտապ նարյադ ուղարկի, որ այս կամ այն թաղամասում կարգուկանոն հաստատվի»

Նախորդ օրը երեկոյան «Ա1+»-ը հրապարակեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրությունը, որն իսկական մարտաֆիլմ էր հիշեցնում: Այդ տեսագրությունը, սակայն, ինչ-որ իմաստով ավելի խճճեց իրավիճակը, քանի որ առանց այդ էլ բազմաթիվ հարցերին ավելացրեց նորերը: Մինչ այդ տարածված այն տեղեկությունը, որ Բուդաղյան եղբայրները զինված հարձակում են գործել մարզպետի տան վրա, փաստորեն իրականությանը չէր համապատասխանում: Տեսագրության մեջ շատ հստակ երեւում է, որ մարզպետի «թիկնազորայիններն» ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին են սպասում՝ անհանգիստ գնում-գալիս են: Իսկ ամենաուշագրավն այդ ամբողջ պատմության մեջ այն է, որ ըստ տեսագրության՝ մարզպետի տան մոտ մեկ ժամից ավելի իրադարձությունները զարգանում են, ու թեպետ տեսագրությունը համր է, բայց հասկանալի է, որ այդ ամբողջ ընթացքում գոռոցներ, բղավոցներ, աղմուկ-աղաղակ է լինում, ի վերջո՝ կրակոցներ են հնչում, ու այս ամենից հետո Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ ինքը քնած էր եւ անտեղյակ է դրսում զարգացած իրադարձություններից: Ճոխ խնջույքից ու կերուխումից հետո Սուրիկ Խաչատրյանը հավանաբար մի քանի հաբ քնաբեր էր ընդունել, այլապես՝ ինչպե՞ս քնած մնաց այդ ողջ ընթացքում:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեր վերոնշյալ դիտարկման մասին նախկին քաղբանտարկյալ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ դա երկու բացատրություն ունի: Նախ՝ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն ու մերձավորները հարկ չեն համարել իրեն տեղյակ պահել այդ կարեւոր միջադեպի մասին, ինչը շատ վատ է: «Ոչ միայն իր տան մոտ, այլեւ մարզում եթե նման միջադեպ է լինում, բոլոր հնարավոր տարբերակներով անպայման պետք էր տեղյակ պահել այդ մարզի գլխավոր ադմինիստրատորին՝ Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց Ազատ Արշակյանը: Ինչո՞ւ տեղյակ չեն պահել հարցին՝ հավելեց. «Կամ իրենք չեն հասկանում, թե ով է Սուրիկ Խաչատրյանն ի պաշտոնե, եւ ով են իրենք՝ իբրեւ քաղաքացիներ, կամ հասկանում են, բայց հենց դա է գնահատականը՝ կարեւորություն չեն տալիս այդ պաշտոնին»: Մեր զրուցակիցը հակված է այն տարբերակին, որ կարեւորություն տվել են, բայց ինչ-ինչ պատճառներով հանրությանը մոլորեցնում են եւ Սուրիկ Խաչատրյանը, եւ այդ միջադեպի մասնակիցները: Նման վերաբերմունքը Սուրիկ Խաչատրյանի կողմից Ազատ Արշակյանը «կոպիտ վերաբերմունք» է համարում նաեւ իր գործատուի նկատմամբ. «Ստացվում է՝ ցուպցվանգ: Վատ է, եթե միջադեպի մասնակիցներն արհամարհել են Սուրիկին: Վատ է, եթե չեն արհամարհել, ու նա մասնակից է, գործի ակտիվիստներից է: Եթե նա չի հարգում հասարակությանը, քանի որ պատասխանատու պաշտոնյան պետք է պատասխանատու վարքագիծ ունենա, դարձյալ վատ է: Սուրիկը պատասխանատու է նաեւ իր կոլեգաների նկատմամբ՝ ինչքա՞ն կարելի է Հայաստանում իշխանությունը վարկաբեկել: Դա էլ է վատ: Մի իրավիճակ է, որ միջադեպի մասնակիցները բոլոր կողմերից խոցելի են»: Այս պարագայում Ազատ Արշակյանը չի կարեւորում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ. «Կան իրավապահ մարմիններ, մանավանդ՝ վերջերս բավական էֆեկտիվ են գործում, ու մի ուղիղ զանգով միջադեպի մասնակիցները կարող էին դիմել ամենաբարձր մակարդակով զորավարներին, ինչպես ասում է մեր հարգելի իշխանական փոքրամասնություններից մեկը: Զորավարին կարելի էր զանգել, ասել՝ շտապ նարյադ ուղարկի, որ այս կամ այն թաղամասում կարգուկանոն հաստատվի»:

Այս պատմության մեջ մի հատկանշական դրվագ էլ կա. միջադեպից երկու օր անց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն իր հարցազրույցում կարծես Սուրիկ Խաչատրյանի փաստաբանի դերն էր ստանձնել ու արդեն իսկ փորձում էր ապացուցել, որ Սուրիկ Խաչատրյանը ներկա չի եղել դեպքին:  Ազատ Արշակյանը հեգնանքով նկատեց. «Հնարավոր է, որ Սուրիկ Խաչատրյանն իսկապես ներկա չի եղել: Կերուխումից հետո լեթարգիական քնի մեջ է եղել: Բայց ես կարծում եմ, որ դատախազն օրենքի աչքն ու պահապանն է ՀՀ-ում, զինվորական դատախազը մի քիչ ավելի խստասիրտ օրենքի պահապան է: Մեղմացնողը ինքը չէ, ինքը պետք է խիստ լինի եւ կասկածամիտ, դատարանը եւ փաստաբանները կգտնեն մեղմացնող հանգամանքներ»:

Մեր զրուցակիցը կատարվածը համարում է դժբախտ միջադեպ եւ ցավակցում զոհված Բուդաղյանի հարազատներին: Նա ցանկանում է, որ կատարվածից բոլորը դասեր քաղեն, որպեսզի այլեւս խուսափենք նման ողբերգություններից:

Նա կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանի դարաշրջանը Սյունիքում այսպիսով  ավարտվեց. «Իր քաղաքական կարիերան սրանով ավարտվեց: Իսկ ընդհանրապես, որ ասենք՝ Հայաստանը կդառնա դրախտ, ես կասկածում եմ: Հայաստանն արդեն դրախտ եղել է՝ ըստ Ալիշանի: Բայց բոլոր հնարավոր միջոցներով հարկավոր է կանխել հանցագործությունները, հանցագործներին ժամանակին զսպել, մանավանդ, որ կան այդպիսիները»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Հարգելի հայրենակիցներ,
    Այսօր կարդում էի կառավարության կայքից Սուրիկ Խաչատրյանի կենսագրությու ներքևում
    մի հատված.

    Կրթություն
    1991-1995 թթ. – Գորիսի «Սյունիք» ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետ, մասնագիտացումը` տնտեսագետ-մենեջեր
    1992-1994 թթ. – Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար
    1994-1996 թթ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ

    Իմ մոտ հարց է ծագում. Հնարավոր է միաժամանակ սովորել, Արցախի ազատագրման պատերազմին մասնակցել, գործկոմի նախագահ և…և…
    Ով սեփական ուժերով բարձրագույն կրթություն ունի կամ պատերազմին իրոք մասնակցել է կամ էլ պազ տրամաբանորեն “փաստերը” վերլուծում է, ակնհայտ է, որ ինչոր բան էն չի, կերծիք է:

  2. ՀՄ says:

    Բայց ես կարծում եմ, որ դատախազն օրենքի աչքն ու պահապանն է ՀՀ-ում, զինվորական դատախազը մի քիչ ավելի խստասիրտ օրենքի պահապան է: Մեղմացնողը ինքը չէ, ինքը պետք է խիստ լինի եւ կասկածամիտ, դատարանը եւ փաստաբանները կգտնեն մեղմացնող հանգամանքներ
    Նա ընդամենը կատարում է այն ինչ իրեն թելադրում են: Ով գիտե գուցե վաղը իր նախկին գործընկերոջ նման / ջհանգիրյանի / նա էլ ընդիրմադիր խաղա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930