Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարոզչությունը կարող է մեկ ակնթարթում սպանել ցանկացած ԶԼՄ-ի»

Հունիս 08,2013 12:55

Լեհաստանում կարծում են, որ շուտով թերթ կարդալը կդառնա «սիգար ծխելու նման էլիտար մի զբաղմունք»

Լեհաստան ժամանած հայաստանցի լրագրողների համար բազմաթիվ հանդիպումներ կազմակերպվեցին լեհական առաջատար հեռուստատեսությունում, ռադիոյում, թերթերի, ամսագրերի խմբագրություններում եւ ինֆորմացիոն գործակալություններում:

«Գազետա Վիբորչա» թերթը (Gazeta Wyborcza) Լեհաստանի ամենահայտնի թերթերից է, որը տարիներ առաջ մեկ միլիոն 500 000 տպաքանակ է ունեցել, այսօր՝ 200 000: Նա առաջին անկախ թերթերից է, որը ստեղծվել է 1989 թվականին անցկացված առաջին արդար ընտրությունների շրջանում, եւ թերթի անվանումը կապված է հենց այդ պատմական ընտրությունների հետ: «Գազետա Վիբորչան»-ն ձախ կենտրոնամետ ուղղվածություն ունի: Շենքը, որտեղ տեղակայված էր թերթի հիմնական խմբագրությունը, հսկայական էր՝ իր մեծ ճաշարանով, որպեսզի աշխատակիցները ժամանակ չկորցնեն ընդմիջման ժամին դուրս գալու համար:

«Գազետա Վիբորչա»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ռոման Իմիելսկին պատմում է, որ հիմնական համարից բացի՝ թողարկում են 22 հավելվածներ, եւ ընթերցողը, կախված իր նախասիրություններից, գնում է իրեն անհրաժեշտ քանակությամբ հավելվածները՝ թերթի համար վճարելով տարբեր գներ: Հավելվածները բազմաթիվ թեմաների են առնչվում՝ հատուկ մարզային, ինչպես նաեւ մշակութային, կանանց թեմաներին վերաբերող, տուրիստական, գովազդային եւ այլն:

Թերթի ամեն մի համարի փաթեթը, այսպիսով, կարող է հասնել 200 էջի: Հիմնական խմբագրության շենքում աշխատում էին շուրջ 800 աշխատակիցներ, լրագրողների որոշ մասը աշխատում են եւ կայքի համար, եւ թերթի, բայց որոշները՝ բացառապես թերթի: Լրագրողների եւ խմբագիրների ընդհանուր թիվը 750 է, ամեն հինգ-վեց լրագրողի համար մեկ խմբագիր է աշխատում: Ամբողջ երկրի տարածքում գործում են «Գազետա Վիբորչա»-ի առանձին խմբագրությունները, թերթի 8-15 էջեր վերաբերում են Լեհաստանի մարզերին: Առանց հավելվածների թերթը կազմում է 32-40 էջ:

Թերթն ունի իր երեք տպարանները Լեհաստանում: Վարշավայից դուրս ամեն քաղաքում կան խմբագրություններ, սակայն արտերկրում ունեն ընդամենը չորս թղթակից՝ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում եւ Բելառուսում: Եթե հետաքրքիր իրադարձություններ են լինում՝ լրագրողներին գործուղման են ուղարկում, ինչպես, օրինակ, 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Կայքի այցելուները 20-45 տարեկան ընթերցողներն են, իսկ 45-ից ավելին՝ թերթինը: Այնուամենայնիվ, թերթի անկումը կարծես կանգ է առել վերջին շրջանում՝ նշեց Ռոման Իմիելսկին՝ հավելելով, որ «տպագիր մամուլի մահվան մասին լուրերը ժամանակավրեպ են»:

Նա նշեց, որ իրենց թերթի առավելությունը հավաստի ինֆորմացիա տրամադրելն է, այսինքն՝ ոչ միայն տեղեկատվություն տրամադրելն է, այլեւ խորքային վերլուծություններն ու հետաքննական նյութերը: Ինչ վերաբերում է գովազդատուների պահանջներին, ապա ըստ խմբագրի տեղակալի՝ դրանք տարբեր են, այժմ ավելի տարածված են տեսահոլովակներն ու սմարթֆոնների վրա տեղադրվող գովազդները:

Ուշագրավ է, սակայն, որ կայքի գովազդներից ստացվող գումարները Լեհաստանում առհասարակ չնչին են համարում: Ռոման Իմիելսկին նշեց, որ կայքում գովազդից քիչ են գումարներ ստացվում. «Կայքի գովազդով գոյատեւել հնարավոր չէ, այն ավելի էժան է, մինչդեռ թերթի գովազդների համար վճարվող գումարները բավական պատկառելի են: Օրինակ՝ թերթի երրորդ էջում ամբողջական գովազգի գինը միայն մեկ օրվա համար կազմում է շուրջ 25 000 դոլար»: «Գազետա Վիբորչա»-ի գլխավոր խմբագրի տեղակալը հարցին, թե շա՞տ են ունենում նման «պատկառելի» գների հասնող գովազդային առաջարկներ, պատասխանեց՝ «բավական հաճախ»:

Թեեւ առայժմ կայքում տեղադրված նյութերը անվճար են, բայց խմբագրությունը առաջիկայում նախատեսում է որոշակի անվճար նյութերի հետ մեկտեղ նյութերը վճարովի դարձնել, սակայն բաժանորդագրման վճարը կկազմի ավելի քիչ, քան թերթի գինը:

Ռոման Իմիելսկին կարծում է, որ թերթը դեռ երկար կլինի Լեհաստանում, եւ նա չի բացառում, որ սմարթֆոնների, այփադների ժամանակն էլ կանցնի, եւ թերթ կարդալը կհամարվի նույնքան էլիտար զբաղմունք, ինչպես այսօր է մոդայիկ ընթերցանությունը սմարթֆոններով ու այփադներով: Նա պատմեց, որ թերթի տարածման խնդիր ունեն, քանի որ ավելի ու ավելի են պակասում այն վայրերը, որտեղ թերթ են վաճառում, իսկ տպագիր թերթի բաժանորդագրությունը Լեհաստանում առհասարակ չի աշխատում. դա կոմունիստական շրջանից արմատավորված մտածելակերպն է, երբ մարդիկ չէին վստահում տպագիր մամուլին եւ համարում էին, որ ճիշտ չեն գրում թերթերը, ուստի չէին բաժանորդագրվում:

Պարզեցինք նաեւ, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ կայքերը մեծամասամբ թարգմանվում են ռուսերեն եւ անգլերեն, այսպիսի մեծ տպաքանակ ունեցող թերթի կայքը չի թարգմանվում, միայն լեհերենով է, եւ սա այն դեպքում, որ լեհերը ունեն ավելի քան 10 միլիոնանոց սփյուռք, 6 միլիոնը՝ ԱՄՆ-ում, 2 միլիոնը՝ Մեծ Բրիտանիայում, եւ նրանց 10-15 տոկոսը կայքի հիմնական այցելուներն են:

Ինչպես Հայաստանում, այստեղ էլ թերթի լրագրողներն ունեն իրենց անանուն աղբյուրները, որոնց վստահում են եւ նրանց վրա հղումով հոդվածներ գրում, սակայն, այնուամենայնիվ, լրագրողը պարտավոր է առնվազն երկու աղբյուրից ճշտել ստացված տեղեկությունը, որից հետո դա տեղ կգտնի թերթում, բայց ոչ մի դեպքում չեն բացահատում աղբյուրները: «Եթե չլինեին անանուն աղբյուրները, ապա թերթի նյութերի կեսը չէինք կարող տպագրել: Մենք որպես թերթ արդեն իսկ մի քանի նախարարների եւ փոխվարչապետի պաշտոնանկության պատճառ ենք դարձել: Ազատ մամուլը ժողովրդավարական երկրում հզոր զենք է՝ ընդդեմ իշխանության: Թեեւ ունենք մեր համակրանքները այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ, բայց չենք կարող մեզ թույլ տալ գրել միայն դրականը այդ պաշտոնյայի մասին, քանի որ այդ դեպքում կկորցնենք ընթերցողի վստահությունը եւ հավաստի տեղեկատվություն տալու մեր վստահությունը, մանավանդ այսօր, երբ բազմաթիվ կայքեր կարող են ամեն մի հիմարություն տպագրել: Հավաստիությունը հիմա յուրաքանչյուր ԶԼՄ-ի համար կարեւոր է, եւ նա այդ հեղինակությունը կարող է կորցնել մեկ ակնթարթում: Քարոզչությունը մեկ ակնթարթում կարող է սպանել ցանկացած ԶԼՄ-ի»,- նշեց Ռոման Իմիելսկին:

«Գազետա Վիբորչա»-ի լրագրող Մարչին Վոյչեխովսկին, ով 15 տարի հետեւել է Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրների խնդիրներին եւ լուսաբանել, կարծում է, որ տրադիցիոն ԶԼՄ-ները կորցրել են իրենց արժեքը, տպաքանակները անկում են ապրել, նախկինում եթե առաջատար թերթերը մեկ միլիոնից ավելի տպաքանակ ունեին, այսօր անհամեմատ նվազել է նրանց տպաքանակը՝ դառնալով 250-270 հազար. «Տրադիցիոն մամուլը հեռանում է, սակայն առցանց կայքերի գովազդի համակարգը սահմանված չէ, ինտերնետով գումար վաստակելու մեխանիզմները առայժմ արդյունավետ չեն գործում: Իսկ թերթ կարդալը կարծես շուտով կդառնա սիգար ծխելու նման էլիտար մի զբաղմունք»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԿՐԱԿՈՎ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930