Սյունիքում կատարված սպանության դեպքը կարծես ստվերեց Երեւանի ճարտարապետական նկարագրի, այդ թվում Հանրապետության հրապարակի խաթարման նախագիծը, որը մեծ աղմուկի տեղիք էր տվել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հետ զրուցեցինք կառավարության նիստից հետո, այդպես էլ հստակ չպատասխանեց մեր հարցին՝ դա իրենց հետ համաձայնեցվե՞լ է, թե՞ ոչ:
– Տիկին Պողոսյան, հրապարակի վերակառուցման մրցույթի նախագիծն է հրապարակվել, այն մշակույթի նախարարության հետ քննարկվե՞լ է:
– Գիտեք ինչ կա, որքանով ես եմ հասկանում իրավիճակը, խոսքը գնում ա առաջարկների մասին, էստեղ կարող ա մի հետաքրքիր առաջարկ լինի, որը քննարկվի: Որքան ես եմ հիշում, էս առաջին անգամ չի, որ մրցույթը հայտարարվում է, փորձում են, շոշափում են, որ կարող ա մի հետաքրքիր բան առաջարկվի:
Կարդացեք նաև
– Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքից հետո մտավախություն կա, որ մյուս շենքերը եւս կամ կվաճառվեն, կամ կաղավաղվեն, քանի որ չկա մշակութային հոգածություն:
– Շենքի օտարումը դեռ աղավաղում չի, մեր հանրությունը մի քիչ վախեցած ա եւ ցանկացած օտարումից հետո, որպես երկրորդ քայլ, ինքը դիտարկում ա շենքի աղավաղում, իրականում դա ամենեւին նախապայման չի: Բազմաթիվ շենքեր կան, որոնք որ օտարվում են, սեփականատերը շատ բարեխիղճ, պատմական իր տեսքով պաշտպանում ա, եւ կան նաեւ խախտումներ: Դրա համար ես չեմ կարծում, որ այդ երկու հարցերը պետք է կապել, քանի որ այսօր խոսքը գնում ա դատարկ տարածքի կառուցապատման մասին:
– Պատկերասրահի փոփոխությունը, թմբուկի կառուցումը խաթարո՞ւմ չեն:
– Երբ որ էդ նախագիծը լինի, նոր պետք է նայել, քանի որ ցանկացած քաղաք կենդանի օրգանիզմ ա եւ պետք է ինչ-որ ձեւով զարգանա, ուրիշ խնդիր, որ այդ զարգացման ծրագիրն ինչպիսին պետք է լինի: Ինքը կարող ա լավը լինի, կարող ա վատը լինի: Ես կարծիք չեմ կարող հայտնել, որովհետեւ ես չգիտեմ ինչի մասին ա խոսքը:
– Արդեն վատ չէ՞, որ չգիտեք, թե ինչի մասին է խոսքը:
– Դա կարող է ցանկացած գաղափար լինել: Ցանկացած մի բան, ասենք՝ մի հատ արձան կանգնեցնել, մի հատ շատրվան դնել կամ շինություն, այսինքն՝ կախված նրանից, թե ինչ ա լինելու նախագծային, այ, էդ պահից եկեք խոսենք:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում