Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականի ճամփորդական անձնագիրը՝ անգլերե՞ն

Հունիս 08,2013 12:50

«Առավոտը» ամիսներ առաջ անդրադարձել էր փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի բովանդակության մեջ անձի տվյալները միայն անգլերեն տպագրելու փաստին:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է այդ խնդրին եւ գրություն ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին: Նա հատկապես ընդգծել է, որ. «փախստականների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում անձի տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տպագրվում են միայն անգլերեն, անտեսելով՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն որոշումը, որի համաձայն` ճամփորդական փաստաթուղթը համարվում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ, որի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, անգլերեն եւ ռուuերեն»:

Ուշագրավ է, կա կառավարության որոշում՝ անձնագրում երեք լեզվով անձի տվյալները տպագրելու մասին, սակայն հաjերեն միայն գրված է անձնագրի շապիկի վրա, իսկ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդավայր մատնանշող բովանդակությունը միայն անգլերեն է, որն էլ խնդրահարույց հանգամանք է առաջացնում հենց Հայաստանում: Քանի որ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում շարունակվում էր անձի տվյալները միայն անգլերեն տպագրելու չափանիշը, այդ իսկ պատճառով իրավունքների պաշտպանն ԱՎՎ-ին առաջարկ էր արել, որպեսզի այդ հարցի վերաբերյալ համապատասխան միջոցառումներ իրականացվի եւ խնդիրը շտկվի: Ի պատասխան պաշտպանի գրության՝ ԱՎՎ-ի պետը հայտարարել է, որ. «Փախստականների կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով նախապատրաստվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ: Համաձայն այդ նախագծի՝ փախստականի կարգավիճակ ստացած անձին տրամադրվելու է ինքնության վկայական (նույնականացման քարտ), որը գործածվելու է միայն ՀՀ տարածքում: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվելու է ինքնության վկայականի հիման վրա եւ հիմնականում ծառայելու է ՀՀ-ից մեկնելու եւ վերադառնալու համար: Ճամփորդական փաստաթուղթը պարունակելու է էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են անձի կենսաչափական տվյալները»: Հարկ ենք համարում տեղեկացնել՝ ԱՎՎ-ի պետը նաեւ շեշտել է, որ այդ օրենքի նախագիծը ընդունելուց հետո կկատարվեն ծրագրային-տեխնիկական փոփոխություններ, որի արդյունքում կլուծվի նաեւ բարձրացված վերոնշյալ հարցը:

Փաստաթղթի մեջ հայերենի բացակայությունը խնդիր է առաջացնում այնքանով, որ Հայաստանում նոտարական գործողություններ կատարելիս պետական տուրք է գանձվում՝ անձնագիրը հայերեն թարգմանելու համար:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն է:

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930