Վերջերս «Առավոտում» ակտիվ քննարկումներ սկսվեցին ՀՀ պետական բուհերում կրթավճարների բարձրացման շուրջ: Բուհի ռեկտորները հիմնավորված համարեցին ուսման վճարների բարձրացման անհրաժեշտությունը, այն բխեցնելով որակյալ կրթական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունից: Իհարկե, բուհի ֆինանսական միջոցների համալրման ամենահեշտ ձեւը կրթավճարների բարձրացումն է, մանավանդ՝ Հայաստանում, որտեղ դեռեւս իներցիոն ուժով գործում է խորհրդային ժամանակներից բուհեր ընդունվելու բնակչության մոլուցքը, եւ որոշ մասնագիտությունների գծով առկա է ընդունելության մրցույթ: Սակայն կարծում եմ, որ այս փաստը չպետք է շահարկել եւ համատարած գնալ կրթավճարների բարձրացմանը, ձեւավորելով թանկացումների շղթայական ռեակցիա:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արեւմտյան բուհերը եկամուտների կառավարման գործընթացում առանձնապես չեն դիմում կրթավճարների բարձրացմանը, քանի որ այն կրթական շուկայում մրցակցային դիրքերի թուլացման ռիսկայնություն է պարունակում: Փոխարենը՝ կառավարման ռազմավարությունը միտվում է այլընտրանքային եկամուտների ձեւավորմանը (գիտահետազոտական արդյունքների վաճառահանում, կրթական ծառայությունների արտահանում, հոգաբարձուներից նվիրատվություններ, գործատուների կողմից ֆինանսական խնամակալություն, պետական դրամաշնորհներ եւ այլն):
Մեր իրականությունում բուհերը գիտահետազոտական գործունեություն են ծավալում առավելապես կրթական նպատակներով, թույլ փոխկապվածություն ունենալով աշխատաշուկայի հետ: Դրան հակառակ, արեւմտյան բուհերը գիտահետազոտական լուրջ դերակատարում ունեն ազգային տնտեսության մեջ եւ նորամուծական մշակումներ են վաճառում գործատուներին՝ ապահովելով այլընտրանքային եկամուտներ: Բացի այդ, բուհերը գիտահետազոտական պետական պատվերներ են ստանում եւ պետության համար գիտական մշակումների կենտրոններ համարվելով՝ մասնավոր լինելով հանդերձ, իրենց եկամտային մասով ֆինանսական աջակցություն են ստանում հենց պետությունից:
Մեր հանրապետությունում, բուհերի կառավարման խորհուրդը լուրջ ուշադրություն չի դարձնում եկամուտների ձեւավորման այլընտրանքային աղբյուրների ձեւավորմանը: Արեւմտյան համալսարանները ձգտում են հոգաբարձուների խորհրդում ընդգրկել խոշոր գործարարների եւ հիմնադրամների ներկայացուցիչների, որոնք կրթաթոշակներ են տրամադրում ուսանողներին, պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերում կրթական նորամուծական ծրագրերի իրականացման ոլորտում, դրանով իսկ շուրջ 10%-ով լրացնելով բուհերի եկամտային մասը:
Կարդացեք նաև
Բուհերում այլընտրանքային եկամուտների ներգրավման խոշոր աղբյուր է հանդիսանում նաեւ կրթական ծառայությունների արտահանումը: Որպես կանոն, օտարերկրյա ուսանողներից բարձր կրթավճարներ են գանձվում, որոնք հավելյալ եկամտի աղբյուր են հանդիսանում բուհերում: Սակայն մեր հանրապետությունում եկամուտների հավաքագրման այս գործոնին նույնպես լուրջ ուշադրություն չի դարձվում, եւ որպես ապացույց, տարեցտարի կրճատվում է օտարերկրյա ուսանողների թվաքանակը:
Հետեւաբար կարծում ենք, որ ՀՀ-ում մասնագիտական կրթական ծառայությունների եկամուտների ռազմավարական կառավարման առաջնահերթություն պետք է համարել ոչ միայն ուսման վարձերի բարձրացումը, այլեւ դրամական ներհոսքերի այլընտրանքային աղբյուրների ձեւավորումը, որը տեսանելի ապագայում կգա լրացնելու ներկայիս կրթավճարները եւ լուրջ ֆինանսական աջակցություն կցուցաբերի համալսարաններին:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ