Օրերս հայտնի դարձավ, որ հանրահայտ ռոք երաժիշտ, Velvet Underground-ի հիմնադիր եւ նախկին անդամ Լու Ռիդը լուրջ վիրահատություն է տարել: 71-ամյա երաժշտի կյանքը փրկելու համար նրան լյարդի փոխպատվաստում է արվել: Ինչպես Times of London բրիտանական թերթին հունիսի 1-ին հայտնել է Լու Ռիդի կինը՝ Լորի Անդերսոնը, մինչեւ Օհայո նահանգի Քլիվլենդի հիվանդանոցում մի քանի շաբաթ առաջ արված վիրահատությունը, Ռիդը «մահանում էր»: Սակայն այժմ նա ապաքինվում է եւ, չնայած նրան, որ դեռ ամբողջովին չի կազդուրվել, արդեն «աշխատում է եւ թայ-չիով զբաղվում»: Լորի Անդերսոնն ասում է. «Ես չեմ կարծում, թե նա երբեւէ լիովին կվերականգնվի սրանից հետո, բայց նա հաստատապես կվերադառնա ինչ-որ բաներ անելուն մի քանի ամսից: Ես շատ երջանիկ եմ: Սա նոր կյանք է նրա համար»:
Անդերսոնը նաեւ չափազանց բարձր է գնահատել Քլիվլենդի բժշկական հաստատության արած աշխատանքը, որը փոխպատվաստման առաջատար կենտրոններից մեկն է ԱՄՆ-ում: Նրա խոսքերով, Նյու Յորքի (որտեղ բնակվում է զույգը) հիվանդանոցները «գործող չէին»:
Հունիսի 1-ին Լու Ռիդը Facebook-ում իր պաշտոնական էջում երկրպագուներին ուղղված հաղորդագրություն է արել, որում ինքն իրեն «ժամանակակից բժշկության հաղթանակ» է հայտարարել եւ ասել, որ անհամբեր սպասում է բեմ վերադառնալուն: Նա, մասնավորապես, գրել է. «Ես ժամանակակից բժշկության, ֆիզիկայի եւ քիմիայի հաղթանակն եմ: Ես ավելի մեծ եւ ավելի ուժեղ եմ, քան երբեւէ: Իմ Չեն Թայչին եւ առողջական ռեժիմը լավ են ծառայել ինձ այս ամբողջ տարիներին, շնորհակալություն իմ վարպետ Ռեն Գունգիին: Ես անհամբեր սպասում եմ բեմ վերադառնալուն»: Այս տարվա մարտ ամսին Լու Ռիդը չեղյալ էր համարել իր շրջագայության մի շարք համերգներ: Ըստ որում, երաժշտի ներկայացուցիչները հրաժարվեցին միանգամից մեկնաբանել դրա պատճառները, իսկ այնուհետեւ պաշտոնապես հայտարարեցին: Նախատեսվում էր, որ նա պետք է հանդես գար Coachella փառատոնի շրջանակներում, ինչպես նաեւ համերգներ ունենար ԱՄՆ տարբեր քաղաքներում, սակայն ստիպված էր հրաժարվել դրանցից: Միեւնույն ժամանակ, նույն մարտ ամսին Ռիդը անակնկալ մատուցեց բոլորին, երբ անսպասելիորեն հայտնվեց Նյու Յորքի բարերից մեկում:
Լու Ռիդի վերջին ձայնասկավառակը Metallica-ի հետ համատեղ թողարկած Lulu-ն էր, որը լույս տեսավ 2011-ի հոկտեմբերին եւ չափազանց բացասական կարծիքների արժանացավ թե՛ քննադատների եւ թե՛ Metallica-ի երկրպագուների կողմից: Չնայած այդ ամենին, Ռիդն ասել էր, որ ցանկություն ունի շարունակել համագործակցությունը Metallica-ի հետ, եւ ձայնագրել Lulu-ի շարունակությունը:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ