Հունիսի 9-ին երկօրյա աշխատանքային այցով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ծրագրում հանդիպումներ են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Պետգույքի կառավարման վարչության տարածած հաղորդագրության համաձայն, այցի նպատակն է՝ քննարկել պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, համագործակցության խթանման հարցեր: Հունիսի 10-ին Ստեփանակերտում փոխըմբռնման հուշագիր կստորագրվի, որով կամրագրվեն ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության եւ ԼՂՀ կառավարության աշխատակազմի միջեւ ոլորտի զարգացմանն ուղղված գործակցության քայլերը: Փաստաթղթով հստակեցված է նաեւ 2013-2014թթ. իրականացվելիք համատեղ աշխատանքային ծրագրերի ժամանակացույցը: Մասնավորապես նախատեսվում է համագործակցել օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան՝ պետական գույքի կառավարումը կատարելագործելու, պետական գույքի գույքագրման ու հաշվառման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու եւ այլ ուղղություններով: Կողմերը կաջակցեն միմյանց պետական գույքի հաշվառման բազայի ստեղծման, պետական բնակարանային ֆոնդի հաշվառման եւ զարգացման ռազմավարության մշակման եւ այլ հարցերում: