Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսեւորել ժամանակակից հայկական ազգային-պետական քաղաքական մտածողություն

Հունիս 08,2013 12:30

Պատմության քառուղիներում հայոց պարտությունների եւ կորուստների գլխավոր պատճառներից է՝ բացակայությունը նման մտածողության: Առնվազն վերջին 150 տարիների ընթացքում, երբ պարտությունները եւ կորուստները եղան ճակատագրական:

Ազգային-պետական մտածելակերպ եւ գործելակերպ կարելի է դրսեւորել նույնիսկ զրկված լինելով ազգային պետականությունից: Դրա ապացույցը՝ հայոց ազգի հավերժականությունը հազարամյակների ընթացքում, երբ հայերը պետականություն ունեցել են միայն հարյուրամյակների ընթացքում:

Պետականության բացակայության պայմաններում այդ մտածելակերպը դրսեւորում եւ գործելակերպը կիրառում էր ազգի վերնախավը՝ Հայոց եկեղեցու իմաստուն եւ նվիրյալ հովիվների ղեկավարությամբ: Դրա ապացույցը՝ հայոց քաղաքակրթության հարատեւումը եւ զարգացումը Օսմանյան եւ Ռուսական կայսրություններում, արտերկրի գաղթօջախներում՝ Կալկաթա, Վենետիկ, Ամստերդամ: Մշո Սուրբ Կարապետ, Սանասարյան, Կեդրոնական վարժարաններ, հեղինակավոր եւ ազդեցիկ ամիրաներ, փաշաներ, կարող եւ կայացած հողագործներ, արհեստավորներ եւ գործատերեր, …. Սիամանթո, Վարուժան, Պարոնյան, Կոմիտաս, Չուխաջյան, Մաղաքիա Օրմանյան, Զոհրաբ, Նորատունկյան …. Օսմանյան Կայսրությունում մինչեւ 1914 թ:

Էջմիածին, Շուշի, Նոր Նախիջեւան, հայկական Թիֆլիս եւ Բաքու, Լազարյան ճեմարան, Լորիս Մելիքով, Թումանյան, Այվազովսկի, Լեո, Ջիվիլեգով, Ամիրով, Պապաջանյան, Խաթիսով, Ղուկասով …. Ռուսական կայսրությունում:

Ազգային անվտանգությունը եւ հարատեւության հեռանկարը տագնապալի դարձան, երբ եկեղեցու դերը թուլացավ, բայց մարտահրավերներին համապատասխան՝ քաղաքական-հասարակական ուժերը չառաջացան, բացի կվազի-հեղափոխական, անպատասխանատու եւ արկածախնդիր, իրար հանդեպ թշնամի կազմակերպություններից: Առաջադեմ պահպանողական, ազնվական, իրատես, հեռատես, հաշվենկատ ուժերը, օրմանյանականները պարտվեցին: Նույնիսկ Խրիմյան Հայրիկը եւ Ներսես Աշտարակեցին տեղի տվեցին անհաշվենկատ շտապողականությանը եւ «երկաթի շերեփի» դերի անհաշվարկ նշանակությանը:

Լեոն, Թումանյանը եւ մյուսները չկարողացան արգելք կանգնել Ցարին նամակ գրելուն եւ հետո «կամավորական ջոկատներ» կազմակերպելուն:

Հետեւանքը՝ այն, ինչ մնաց, ինչ հաջողվեց փրկել, ինչ կա այսօր Հայոց աշխարհից եւ հայությունից:

1915- ը եւ 1921 -ը կոտրեցին հայոց ողնաշարը, եթե չասենք՝ ավելին:

Մեծ եղեռնը եւ 1920-21 -ի պարտությունները եւ կորուստները անխուսափելի չէին: Միայն «հայի սեւ բախտը», հարեւանների վայրագությունը, բարեկամների դավաճանությունը չէր պատճառը, որ չհաջողվեց ժողովրդի անվտանգությունը ապահովել: Ամեն գնով:

«Եթեները» ի վիճակի չեն վերադարձնելու անվերադարձ կորուստները: Սակայն, պատմությունից դասեր քաղելով, դրանց մեջ մեր մեղքի բաժինը գիտակցելով եւ ընդունելով, համապատասխան մտածելակերպ եւ գործելակերպ կիրառելով միայն, կարելի կլինի խուսափել նոր պարտություններից, կորուստներից եւ ազգովին լծվել, աշխատել պահել մնացածը, վերադարձնել վերդարձնելիքը:

Պատմությունից դասեր չքաղելով՝ նորագույն «շարժումը» կարող էր հանգեցնել նոր Եղեռնի: Այս անգամ, հազվադեպ հայոց պատմության ընթացքում, ճակատագիրը ժպտաց, ԳԿՉՊ -ն միայն փրկեց հիմնովին կործանումից, «Կոլցո» օպերացիայի լրիվ իրականացումից, Արցախի հայաթափումից:

ԽՍՀՄ-ը պարտվեց ազատ աշխարհին Սառը պատերազմում: Խորհրդային բանակը լքեց Անդրկովկասը՝ միակ գրավականը բոլշեւիկների եւ քեմալականների կողմից ստեղծված Ադրբեջանի տարածքների անձեռնմխելիության: Հայությունը, հանպատրաստի, առանց արտերկրի հայության համապատասխան լիարժեք մասնակցության, մնացած ուժերի գերագույն լարումով ազատագրեց Արցախը եւ հարակից հայկական տարածքները: Նույնիսկ Մեծ եղեռնից հետո պատմությունը հայերին շանս էր տվել վերականգնել եւ զարգացնել, հզորացնել հայոց պետականությունը: Կոստանդնուպոլսի դատարանը 1919- ին ընդունեց եւ դատապարտեց Թուրքիո կառավարության կողմից հայերի նկատմամբ ծրագրված եւ իրագործված ցեղասպանության փաստը: Սեւրի դաշնագրով դե-յուրե հայերին էր հանձնվում բավարար տարածք, ելքով դեպի ծով, իր պատմական հայրենիքում վերականգնելու հարյուրամյակների ընթացքում կորցված պետականությունը:

Այս դեպքում նույնպես առկա էին օբյեկտիվ խոչընդոտներ եւ դժվարություններ հայերի իրավունքները եւ շահերը պաշտպանելու գործում: ԱՄՆ Կոնգրեսը մերժեց մանդատ ընդունել Հայաստանի նկատմամբ, Կարմիր Կրեմլը օգնեց Քեմալին հրաժարվել Սեւրից, ավելին՝ երկուստեք հարձակվեցին նորանկախ ՀՀ -ի վրա, իրար մեջ բաժան-բաժան արին Հայաստանը, նրան զրպարտելով իմպերիալիզմի մեջ:

Արեւմուտքը՝ ԱՆՏԱՆՏ-ը, ԱՄՆ-ը դրսեւորեցին դատապարտելի անհեռատեսություն, անսկզբունքայնություն՝ ոչ միայն ուրանալով իրենց վրա վերցրած խոստումները եւ պարտավորությունները, որ տվել էին հայերին մինչեւ պատերազմը, նրա ժամանակ եւ հետո: Նրանք նաեւ, որ ամենացավալին ու աններելին է, հանցագործ կերպով ձեռք չմեկնեցին Նոր Ռուսաստանին, նրա ճիգերին՝ վերափոխել միապետությունը Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության, թողնելով նրան անօգնական՝ ի դեմս գերմանական գենշտաբի եւ Երրորդ ինտերնացիոնալի գործակալների՝ բոլշեւիկների կողմից իրագործված հակահեղափոխական հեղաշրջմանը: Իր սաղմում չոչնչացնելով դարի աղետը, լենինյան-ստալինյան ավտորիտար-տոտալիտար կոմունիզմը՝ մարդկությանը մատնելով տասնամյակներ տեւած, անհամար, անհաշիվ նյութական, բարոյական վնասներ բերած Սառը պատերազմի գիրկը:

Նոր համաշխարհային համակարգի՝ ավելի արդար, ավելի մարդկային, կայուն, հեռանկարային ձեւավորումը, որին ձեռնամուխ են մարդկության առաջատար ուժերը, որոնք տեսնում, գիտակցում են մարդկությանը սպառնող մարտահրավերները, անհնարին է առանց համարժեք վերագնահատման այն մտածելակերպի եւ գործելակերպի, որոնք հանգեցրին Առաջին եւ Երկրորդ համաշխարհային եւ Սառը պատերազմին եւ դրանց հետեւանքներին:

Հակամարտ ճամբարների եւ տարածաշրջանային ազդեցության ոլորտների բաժանման ժամանակը անցնում է: Կայունությունը, ապահովությունը եւ զարգացումը ապահովվում են փոխշահավետ համագործակցությամբ՝ ընդհանուր արժեքների եւ նպատակների համակարգում:

«Նյուրենբերգը» թերի մնաց, ոչ բոլոր հանցագործները մերկացվեցին եւ դատվեցին, ոչ բոլոր զոհերը արժանացան հատուցման:

Գորբաչովյան Գերագույն Խորհուրդը դատապարտեց Ստալին-Հիտլեր պակտը՝ թեկուզ եւ նորից թերի: Գերված եւ տուժած ժողովուրդները ազատվեցին, արդարությունը մասամբ հաղթանակեց:

Հայերը դեռ սպասում են Լենին-Աթաթուրք պակտի, ՌԿԿ(բ) Կովբյուրոյի տխրահռչակ որոշումի դատապարտմանը եւ այդ հանցագործությունների հետեւանքով նրանց հասցված վնասների հատուցմանը, արդարության վերականգնմանը:

Նոր Ռուսաստանի վերադարձը դեպի քաղաքակիրթ աշխարհը, իր հազարամյա ազգային արժեքներին, պատմականորեն անավարտ մնացած իր ազատագրական առաքելությանը, նրա լիարժեք դեմոկրատացումը՝ հույս են առաջացնում, որ Կրեմլը ի վերջո իր կառուցողական դերը կունենա միջազգային հարաբերություններում, առաջին հերթին հետխորհրդային հակամարտությունների արդար կարգավորման գործում:

Այդ հակամարտությունները արդյունքն են նախկին տոտալիտար ռեժիմի հանցագործությունների: «Ղարաբաղյան կոնֆլիկտը» առաջացել է ոչ թե 1988 թթ., այլ 1920թ., երբ Կարմիր բանակի առաջին հարձակումը՝ ՀՀ-ը բռնի խորհրդայնացման նպատակով, հանդիպեց հայերի ուժեղ դիմադրությանը, բոլշեւիկները առաջարկեցին զինադադար կնքել՝ պայմանով, որ այսպես կոչված վիճելի տարածքները՝ Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը գրավվում են Խորհրդային Ռուսաստանի բանակի կողմից, որոնց պատկանելությունը պետք է որոշվեր ՀՀ եւ Խորհրդային Ռուսաստանի հետ կնքվելիք պայմանագրով: Պայմանագիրը, որը պատրաստ էր 1920թ. հոկտեմբերի 28-ին, չկնքվեց, ՀՀ -ն բռնի խորհրդայնացվեց, զրկվեց ինքնիշխանությունից, նրա տարածքները մասնատվեցին եւ գրավվեցին:

ԽՍՀՄ-ի փլուզումը հնարավորություն ընձեռեց վերականգնել ՀՀ -ի անկախությունը եւ տեր կանգնել կորցրած իրավունքներին, պաշտպանել ոտնահարված շահերը: Սակայն իշխանության եկած ՀՀՇ-ի անփորձ ղեկավարներն Առաջին Հանրապետության անկախության վերականգնման եւ այդ պետության իրավահաջորդականությունը ապահովելու փոխարեն, ԽՀ-ն անկախ պետություն հռչակեցին՝ մնալով իրավազրկված ԽՀ-ի իրավահաջորդը: Ավելին, նրանք հրաժարվեցին «Անկախության հռչակագրի» որոշումից՝ ՀՀ-ի եւ Արցախի միացման մասին, ընդունելով նոր Սահմանադրություն, անհեռատեսորեն թողնելով Արցախին «ինքնորոշման» թույլ եւ խոցելի կարգավիճակին, որ նույնպես հետեւանք է ազգային-պետական քաղաքական մտածողության բացակայության:

Նման մտածելակերպի եւ գործելակերպի բացակայության հետեւանք է, որ Բիշկեքում կնքվեց ոչ թե պայմանագիր պատերազմը ավարտելու մասին, որ սանձարձակել էր Ադրբեջանը եւ որի հետեւանքով հայերը ազատագրեցին իրենց տարածքները, որ գրավված էին 1920թ. Կարմիր բանակի կողմից եւ անօրեն հանձնվել Ադր. ԽՍՀ -ին, այլ՝ ընդամենը զինադադար: Կոնֆլիկտը սկսվել էր պատերազմով 1920 թվին եւ վերջացավ պատերազմով՝ 1994-ին: Նույն հետեւանքով հայերին ներգրավել են անիմաստ, անհեռանկար եւ վտանգավոր բանակցությունների մեջ Ադրբեջանի հետ, որ սպառնում է ամեն միջոցով վերադարձնելու «իր երկրի քսան տոկոսը, գրավված հայերի կողմից»:

Այս «իրավունքը» Ադրբեջանը կունենա այնքան ժամանակ, մինչեւ նրան եւ աշխարհին չի ասվել ճշմարտությունը, եւ ամեն «հորդորանք» խաղաղությամբ հասնել նպատակին՝ նշանակում է ջուր լցնել ագրեսորի ջրաղացին: Ճշմարտությունը կայանում է նրանում, որ այդ տարածքները ոչ միայն Ադրբեջանինը չեն, այլեւ նրա կողմից չեն, որ գրավված են եղել, այլ Կարմիր բանակի կողմից, եւ այդ իսկ պատճառով հակամարտության ավարտման բանալին Կրեմլում է: Եվ նա է, որ պարտավոր է այդ ճշմարտությունը ընդունել եւ հայտարարել, դատապարտել եւ չեղյալ հայտարարել նախկին ռեժիմի կողմից ընդունված հանցագործ պայմանագրերը եւ որոշումները: Մինսկի խմբի անդամ երկրները միջնորդներ չեն, ամեն մեկը իր չափով պատասխանատվություն է կրում հակամարտության ծագման եւ արյունահեղ պատերազմի համար:

Անիմաստ, անհեռանկար եւ անբարոյական է զոհին եւ ագրեսորին նույն հարթակի վրա դնելը, պահանջելը գնալ երկուստեք զիջումների: Ակնհայտ է, որ հայկական կողմը այլեւս զիջելու տեղ չունի:

Այն, որ ՀՀ իշխանությունները պահանջ չեն ներկայացնում Նախիջեւանի եւ Արցախի մնացած դեռեւս բռնագրավված տարածքների նկատմամբ, չեն պահանջում հայերի ցեղասպանության դատապարտումն Ադրբեջանում, հայ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը, որտեղ նրանք ապրել են հազարամյակներ շարունակ, մինչեւ երկրամասում կովկասյան թաթարների՝ այժմյան ադրբեջանցիների, հայտնվելը, չեն պահանջում բազմամիլիարդ վնասի հատուցում, ապա դա կարելի է համարել մեծագույն զիջում ՀՀ իշխանությունների կողմից:

Այն, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի՝ այն պետության իրավահաջորդի հետ, որ մեղավոր է հայերի ցեղասպանության մեջ, նրանց հողերի մեծ մասը բռնազավթելու մեջ, որ դեռ պատրաստ չէ դատապարտելու նախկին վարչակարգի ոճիրները եւ հասցված վնասի հատուցմանը, դա կարելի է մեծագույն զիջում համարել ՀՀ իշխանությունների կողմից: Բայցեւայնպես, որպեսզի այդ դիրքորոշումը հասկացվի եւ ընդունվի աշխարհի հայության կողմից, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ իշխանությունները դրա հետ մեկտեղ հայտարարեն, որ այն, ինչ վերաբերում է հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը, դրա դատապարտմանը, ներկայիս Թուրքիայի իշխանություններին պահանջներ ներկայացնելուն եւ հասցված բարոյական, նյութական եւ տարածքային վնասների հատուցմանը, ապա դա արեւմտահայոց՝ Օսմանյան Կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների արտոնությունն է: Այդ նպատակով, այն է՝ պաշտպանել արեւմտահայոց շահերը եւ հետապնդել նրանց իրավունքները, աշխարհասփյուռ արեւմտահայության ներկայացուցիչները իրենց Երրորդ համագումարում 2011թ. դեկտեմբերի 10-11-ին Փարիզում (Սեւրում) հիմնադրեցին արեւմտահայոց լիազոր ներկայացուցչական մարմինը՝ «Արեւմտահայերի Ազգային Համագումարը», որը գրանցվել է համաձայն ֆրանսիական օրենսդրության, նստատեղը ունենալով Փարիզը եւ արձանագրվել է իբրեւ հասարակական կազմակերպություն (NGO) ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովում (ECOSOC):

Ներկա պատմական փուլում Հայկական հարցի հետապնդումը՝ նրա արեւելահայ եւ արեւմտահայ ասպեկտներով, զինված ժամանակակից ազգային-պետական քաղաքական մտածողությամբ, հնարավոր է համաշխարհային հայության երկու հատվածների՝ երկրի եւ արտերկրի հայության միջեւ աշխատանքի բաժանման, դերերի բաշխման, սերտ եւ համաձայնեցված համագործակցության պայմաններում: Համայն հայության ներուժի մոբիլիզացիան հնարավորություն կտա մշակել եւ իրագործել այնպիսի համազգային մեծածավալ եւ ճակատագրական նշանակություն ունեցող ծրագրեր եւ նախագծեր, որոնք կհանգեն միջազգային կյանքում ինքնուրույն հզոր հայկական գործոնի արագ ձեւավորմանը, որը կապահովի ազգին տնօրինելու իր ճակատագիրը ու նաեւ նրա մասնակցությունը ձեւավորվող ժամանակակից աշխարհակարգին, այնտեղ իր արժանի եւ ապահով տեղը գտնելու համար:

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

հրապարակախոս, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930