2012թ.-ին համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական ուժերից ՀՀԿ-ն նույն տարում պետական բյուջեից ստացել է 29 մլն 530 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 17 մլն 511 հազար դրամ, ՀՅԴ-ն՝ 6 մլն 740 հազար 900 դրամ, «Օրինաց երկիր»-ը՝ 4 մլն 633 հազար 400 դրամ, «Ժառանգություն»-ը՝ 4 մլն 387 հազար դրամ, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 2 մլն 928 հազար 900 դրամ:
«Փաստինֆոն» տեղեկացնում է, որ ՀԱԿ-ը, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, 2012թ.-ին բյուջետային ֆինանսավորում է ստացել ավելի կարճ ժամանակահատվածի համար: Մնացած 5-ը ներկայացված են եղել նաև նախորդ գումարման Ազգային ժողովում՝ մինչև մայիսին կայացած ընտրությունները:
ՀԱԿ-ի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ վերջինս խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես 2008թ.-ի նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած շուրջ երկու տասնյակ կուսակցությունների դաշինք: 2013թ.-ի մարտի 22-ին արդեն որպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ներկայացրած հաշվետվության մեջ, սակայն, նշված է, որ պետբյուջեից դաշինքի ստացած գումարներից փոխանցում է կատարվել միայն Հայաստանի ժողովրդական կուսակցությանը: ՀԺԿ-ի հաշվետվության մեջ այդ գումարը 366 հազար 100 դրամ է:
ՀԱԿ-ը նաև իր եկամուտներից անդամավճար է վճարել Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությանը, սակայն անդամավճարի կոնկրետ գումարը նշված չէ. այն ներառված է այլ ծախսերի մեջ:
Կարդացեք նաև
Քաղաքական ուժերն պետական բյուջեից ստացված այդ գումարները՝ ի թիվս այլ օրինական եկամուտների, հիմնականում ծախսել են աշխատավարձի, մատուցված ծառայությունների, գրասենյակների կոմունալ վճարների և վարձակալության, հարկերի, տուրքերի, գործուղման, տրանսպորտային և այլ ծախսերի գծով: