Երեւանի քաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով: Մրցույթին մասնակցել են Երեւանի երաժշտական եւ արվեստի 25 դպրոցի 2000 աշակերտ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մրցույթ-փառատոնում ընդգրկված են 12 անվանակարգ՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային եւ հարվածային ժողովրդական գործիքներ, դասական եւ ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ եւ այլն։ Մրցակարգով սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Ղ. Սարյանի անվան երաժշտական եւ արվեստի դպրոցը, 3-րդ տեղում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:
«Մրցույթը տարեցտարի ավելի մեծ արդյունք է տալիս։ Այս տարի մրցապայքարն ավելի թեժ էր, քան նախորդ տարի. սա նշանակում է, որ մրցույթի հեղինակությունն ու Երեւանի երաժշտական դպրոցների որակական աճը համաքայլ են»,– նշել է Երեւանի քաղաապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։
Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, պատվոգրերից զատ, ստացել են նաեւ դրամական պարգեւներ՝ ըստ մրցութային տեղերի: