Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի հիման վրա՝ 2008 թվականից իրականացվում է անհատական բնակելի տների, դրանց կից հողամասերի եւ դրանցում կառուցված ինքնակամ բնակելի տների ու օժանդակ շինությունների անհատույց օրինականացման կարգը, որի շրջանակում մայրաքաղաքում արդեն իսկ օրինականացվել են շուրջ 10 000 բնակելի տու, ինքնակամ զբաղեցված հողամաս:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, պարզաբանելով կարգը, նշել է, որ անհատույց բնակելի տների օրինականացումը վերաբերում է մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելի տներին եւ ինքնակամ զբաղեցված հողամասերին: Օրենքի համաձայն, անհատույց օրինականացման ենթակա են մինչեւ 300 քառ. մետր մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքները: Հողատարածքների 300 քառ. մետրից ավելի մակերեսի օրինականացումը կատարվում է գործող կադաստրային արժեքներով`ըստ տարածագնահատման գոտիների: Գործընթացը սկսվում է Երեւանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված «Մեկ պատուհանի» գրասենյակ այցելությամբ, որտեղ կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն եւ կներկայացվեն գործընթացին առնչվող բոլոր ընթացակարգերը: Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է ունենալ տեղագրական կամ գեոդեզական հանույթ եւ համապատասխան փաստաթղթեր` կառուցապատման տարեթվի վերաբերյալ տեղեկանքով: