Կատարվածից մի քանի օր անց նշվեց զինված հարձակման մասին։ Այսինքն՝ Բուդաղյան եղբայրները զինված հարձակում են իբր գործել մարզպետի տան վրա։ Հենց Սուրեն Խաչատրյանն ինքն էլ կարծեք այդ տարբերակն է ընտրել։ Դրանից տրամաբանորեն բխում է, որ Ս.Խաչատրյանի թիկնապահներն ու որդիներն էլ ուղղակի ինքնապաշտպանության են դիմել։
Մեկնաբանության հարց է, գիտե՞ք։ Ուշադիր դիտելով հրապարակված տեսանյութը, այնքան էլ հեշտ չէ զինված հարձակման հետեւություն անել։ Այն, որ դեպքի մասնակիցները զինված են տարբեր տեսակի հրազենով, պարզ է։ Բայց, ի՞նչ ենք տեսնում. Ավետիք Բուդաղյանը, ամենայն հավանականությամբ՝ բորբոքված, ինչ-որ բան է զրուցում:
Նա մեքենայի մեջ է։ Տպավորություն է ստեղծվում, թե նրան բռնի թույլ չեն տալիս իջնել մեքենայից։ Հետո մոտենում է նրա եղբայր Արտակ Բուդաղյանը։ Ելնում է մեքենայից։ Որքան կարելի է հասկանալ տեսագրված կադրերից, կարծես օդ է կրակում։ Կրկնում եմ՝ օ՛դ է կրակում։ Մի քիչ տարօրինակ չէ՞ զինված հարձակման համար։
Ավելին՝ նրա եղբայրն է փորձում հանգստացնել Արտակ Բուդաղյանին։ Հետո, մեկ այլ դրվագում, մարզպետի տիկինն է բռնում նրա ձեռքը կամ կախվում ձեռքից՝ փորձելով շեղել կրակոցների ուղղությունը։ Հետո Բուդաղյան եղբայրները եւ մարզպետի կինը մի կողմ են առանձնանում։ Հետո կարծես կրակոցներ են հնչում արդեն Բուդաղյան եղբայրների ուղղությամբ, ինչից Արտակ Բուդաղյանը վիրավոր ընկնում է։
Դրանից կարծես բորբոքված, նրա եղբայրն է ատրճանակով սկսում հետապնդել մյուսներին, այստեղ վիրավորվում է թիկնապահներից մեկը։ Մյուսները ցաքուցրիվ փախչում են, իսկ Ավետիք Բուդաղյանը կրակելով առաջ է շարժվում։ Մի քանի վայրկյան անց շրջվում է, եւ այն պահին, երբ կարծես ամեն ինչ ավարտվել է, ու նա հետ է գնում, թիկունքից ճակատագրական կրակոց կամ կրակոցներ են հնչում։ Եվ Ավետիք Բուդաղյանը տապալվում է գետնին։
Դա ի՞նչ զինված հարձակում է։ Ավելի շատ դա նման է զենքի գործադրմամբ հարաբերություններ պարզելուն։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: