Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետան, ներկայացնում է իրենց տան բակում տեղի ունեցածը

Հունիս 08,2013 09:11

Սուրեն Խաչատրյանի ընտանիքը Գորիսից եկել է Երեւան, այստեղ է գտնվում ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետը, այլեւ նրա կինը եւ որդին:NEWS.am-ի թղթակցին հաջողվեց կապ հաստատել Սյունիքի նախկին մարզպետի տիկնոջ` Գորիսի ՔԿԱԳ-ի պետ Լորետա Բարսեղյանի հետ:

Նա այժմ առողջական խնդիրներ ունի, շաքարն է բարձրացել, ճնշման տատանումներ ունի, որդին` Տրդատը, եւս սթրես է տարել, այժմ ապաքինվում են: «Շտապօգնություն ենք կանչել, եկել է, ինչ պետք է, արել ենք: Սթրեսային վիճակում ենք, ո՞նց պետք է լինենք: Իհարկե գնալու ենք Գորիս, իմ տունը եւ Գորիսում է, եւ Երեւանում է, ես աշխատում եմ այնտեղ, իմ դիմումի համաձայն արձակուրդ եմ վերցրել, ես պետք է վերադառնամ, երեխայի հետ խնդիրներ կան, սթրես է տանում, ես մի քիչ վատառողջ եմ, բուժվենք, վերականգնվենք, կգնանք, ինչի՞ պետք է ես մնամ Երեւանում, մոտ օրերս կվերադառնանք»,- ասաց Լորետա Բարսեղյանը:

Նա նշեց, որ կալանավորված որդուն` Տիգրան Խաչատրյանին, չի տեսել, չի էլ փորձել հանդիպել հետը, «չեմ կարող ինձ տիրապետել, ոչ էլ ուզում եմ տեսնել»: Բուդաղյանների ընտանիքից որեւէ մեկն իրենց չի այցելել, «ինչի՞ պիտի այցելեն»: Լորետա Բարսեղյանն ասաց, որ իրենց հարաբերությունները Բուդաղյանների հետ լավ են եղել, քաղաքական տարաձայնություններ եղել են, բայց դա ի՞նչ կապ ունի ընտանիքների հարաբերությունների հետ:

Կինը հերքեց Բուդաղյանի հարազատների խոսքը, թե Ավետիք Բուդաղյանին մարզպետի տնից են զանգել եւ կանչել սուրճ խմելու: Լորետա Բարսեղյանը նշեց, որ կարելի է  խոսակցություների ձայնագրությունը վերծանել եւ պարզել, թե Ավետիք Բուդաղյանը ում հետ խոսել, ով է իրեն զանգել, եւ ով չի զանգել:  «Ո՞վ եմ ես Ավետիքի համար, որ ես իրեն հրավիրեմ մեր տուն: Պարոն Խաչատրյանը մարզպետ լինելուց բացի` շատ նամուսով, թասիբով տղամարդ է, ինքը պետք է նայեր, թե իր տանը ինչ է կատարվում: Պարզ չի՞, որ ինքը քնած է եղել, թե ինքը կսպասե՞ր, թե ոնց են գալիս, կնոջն ասում, թե «ես քո սենցը, նենցը», փորձեք դա էլ պարզել, իրենք կարող են վերծանել տեսախցիկի ձայնագրությունը»:

Նա նշեց, որ Սդղնի լճում տեղի ունեցած հավաքույթն անցել է  նորմալ պայմաններում, որեւէ խնդիր, միջադեպ չի եղել: Նախկին մարզպետը տուն է եկել ժամը 22.15 րոպեին եւ պառկել քնելու: Հավաքույթից վերադառնալուց հետո Սուրեն Խաչատրյանը կնոջն ասել է, թե վաղը` հուլիսի 2-ին,  հյուրեր ունեն, իրենց սանիկ Ավոն եւ իր կինը գալու են, իրենք էլ ամուսիններով միասին պետք է գնան եկեղեցի: «Երբ որ ինքը կեսգիշերին վեր կացավ, եւ ասացի, թե ինչ է եղել, մեր տան վրա ավազակային հարձակում է եղել, նա զարմացավ` ասելով, թե ոնց, ինքը առավոտյան իմ հյուրը պետք է լինի, ասաց, որ դա հնարավոր չի, դուք սուտ եք ասում, որովհետեւ  ինքը քաղաքի իմ սիրելի երիտասարդներից է, ինքը սկզբում մտածում էր, թե մենք չար կատակ ենք անում»-պատմեց Լորետա Վարսեղյանը:

Նախկին մարզպետի կինը պնդում է, որ ամուսինը միջադեպի ժամանակ քնած է եղել, եւ բակում արձակված կրակոցներից չի արթնացել: Իսկ թե ինչպես կարող է այդպես պատահել, կինը պարզաբանեց, որ իրենց տունը գետի ափին է, եւ երբ նույնիսկ ուզում ես այդտեղ բան խոսես, դիմացինդ քեզ չի լսում, գետի ձայնը խլացնում է, հետն էլ` եվրոպատուհաններ են, հերմետիկ փակ: Լորետա Բարսեղյանը պնդում է, որ ամուսնուն արթնացրել է, երբ այդ ամեն ինչը վերջացել է, եւ արդեն զգացել է, որ պետք է նա իմանար այդ մասին, «ոստիկանները եկան, իրենք էլ էին պնդում, որ տեսնեն պարոն Խաչատրյանին,` մտածելով, թե ինքը տունը չի կամ հետո փախել է: ես տարա ցույց տվեցի, որ հանգիստ քնած է եղել, եւ վերջապես մարդը կարա չէ պահի տակ չլսի քնած, ով ասաց, որ լրիվ սթափ են քնում»:

Լորետա Բարսեղյանը մանրամասներ ներկայացրեց միջադեպից: Սուրեն Խաչատրյանի կինը պատմեց, որ հունիսի 1-ի երեկոյան Ավետիք Բուդաղյանը առաջին անգամ եկել է իրենց տուն 22.58: Այդ ժամանակ նա մոտեցել է, խոսել վերջինիս հետ, սակայն նա զինված է եղել, հայհոյում էր: «Դրա համար հանդարտեցրի, երեխեքին ասացի` հանկարծ բան չասեք, ինքը տաքացած է ու հայհոյում էր, ասացի ոչ մի բան մի ասեք: Իմ տղան ասաց` ոնց թե մեզ հայհոյի, ես էլ ասացի` ոչինչ, մեր պագոնները չեն ընկնի, ինքը որ նորմալ վիճակում լինի, վաղը կգա, կխոսենք, կասենք, որ չի կարելի: Ինքը գնաց, համոզեցինք գնաց»,- ասաց նա:

Կինը պատմեց, որ Ավետիք Բուդաղյանը եկել, ցանկանում էր մարզպետին տեսնել, իսկ նա չէր ցանկանում արթնացնել ամուսնուն: Նրա խոսքով` երկրորդ անգամ  Ավետիք Բուդաղյանը 23.06-ին եկավ նախկին մարզպետի տուն` ասելով, թե «իմ եղբայրը կգա, դե զգուշացեք»:

«Հետո Արտակը եկավ, կանգնեց, զենքը վերցրեց եւ լիցքավորում է, Ավետիքը տեսնում է ու թռնում է մեքենայից, գոռում է, թե Արտակ, չկրակես, ինքը չի լսում, ասում է` Արտակ, նայի տես, դեմդ ով է, տիկին Լորետան է, մենք իրան շատ սիրում, հարգում ենք, մի կրակի, մի կրակի, ինքը ասում է. «Ես իրա բերանը, իրա սենցը, նենցը», ես էլ ասում եմ. «Լավ, ոչինչ ասա, ինչ ուզում ես, ասա, մենակ գնա, ցավդ տանեմ, մենակ գնա, հետո ինչ կանես, կանես»: Հետո էդ պահին ինքը ասում է, թե. «Դե եթե կրակում ես, ինձ կրակի», ինքը մեջ է ընկնում, հետո ես եմ գալիս, երկուսի մեջ եմ կանգնում, մտածելով, որ ես կին եմ, իրենք կհարգեն ինձ, բայց իր աչքերը այնպես էր սեւացել, արդեն ինքը չէր ուզում տեսնել` դիմացը կին է, թե՝ տղամարդ: Արտակը էդտեղ կրակում է, հետո մենք իրար քաշքշում ենք, ես ուզում եմ իրեն հեռացնել տնից, որ երեխեքին վտանգ չսպառնա, որովհետեւ մեկը կողքս է կանգնած, մեկն էլ, երբ ինքը սկսում է մեքենայից դուրս գալ, փախնում է դեպի տուն, հետո ուզում եմ հեռացնեմ իրեն, գնում են ավազաթմբի վրա, Արտակը գցում է Ավոյին, հետո ինքն է ընկնում վրան, այդ պահից հետո Արտակն ու Ավոն վիրավոր են եղել, որովհետեւ Արտակը էդ պահից հետո տեղից վեր չի կացել, վերջում է վեր կացել: Ասֆլատի վրա երեւում էր, որ արյունը հոսել է, վիրավոր է»,- պատմեց կինը:

Լորետա Բարսեղյանը պատմեց, թե չգիտի, թե ով է կրակել Բուդաղյան եղբայրներին, քանի կրակոց է արձակվել եւ ում կողմից արձակված գնդակից են նրանք վիրավորվել: Դիտարկմանը, թե գուցե կրակոցը ետեւից է եղել, նա նշեց, որ ետեւի կողմը չի տեսել:«Երբ Արտակն էլ էր ընկած. Ավոն էլ,գնում եմ դեպի տուն, որ տեսնեմ երեխեքին բան է  եղել, թե չի եղել, գնում տեսնում եմ, որ ոչ մեկին ոչինչ չի եղել. Գոռում եմ օգնություն, ասում, որ մեռնում է, շտապօգնություն, ոստիկանություն զանգեցեք, տեղում չի մահացել, ինքը շարժվում էր, որ տեսա պուլսը աշխատում է, սիրտը աշխատում է, ես օգնություն կանչեցի, եկան, Տրդատը արհեստական շնչառություն տվեց, սրտի մասսաժ, մինչեւ հարեւանի տղան եկավ, ինքը բժիշկ է, ինքը շարունակեց, ինքը մեքենայի մեջ էլ մահացած չի եղել, հիվանդանոցի վերելակի մեջ է մահացել»,- պատմեց կինը:

Հարցին, թե ասում են, թե Սուրեն խաչատրյանը նրան ապտակել է, մայր է հայհոյել, ինքն էլ եկել էր պատասխան պահանջելու, կինը պատասխանեց, որ դատաբժշկական փորձաքննություն կա, կարող են դա ապացուցել, ինքը ամուսնու այդ օրվա հագած հագուստը տրամադրել է քննիչներին, «թող ինչ ուզում են, անեն, ես միայն պահանջում եմ արդար դատաքննություն, թող դատեն ցանկացածին»: «Ես ուզում եմ իմանալ` ես իրավունք ունե՞մ իմ ընտանիքում հանգիստ ապրել, իմ երեխան ում էր չոռ ասել, ում էր խփել, իմ երեխան իմ տան հայաթը, մենք մեր առօրյա հոգսերով, իմ ամուսինը մեր տանը քնած, ու՞մ էինք ինչ արել: էդ ինչ աբսուրդ բաներ են, թե տիկին Լորետան հրավիրել է սուրճ խմելու, խի ես խուլիգանկա եմ,  խի ես ինչ եմ, որ ուրիշի տղամարդուն հրավիրեմ մեր տուն սուրճ խմելու, եւ վերջապես ով կարող է վկայել, որ պարոն Խաչատրյանի ընտանիքի այդպիսի չգիտեմ ինչ սովորույթներ, որ կինը իրավունք ունի իր համար մարդ հրավիրել, այդպիսի պայմաններ, խստություն է մեր տան մեջ, որ ես իրավունք չունեմ անգամ մտնել իր սենյակ, երբ ինքը խոսում է»:

Հարցին, թե հանելուկ չէ, ինչպես կարող է առանց որեւէ միջադեպի Բուդաղյան եղբայրները զինված, սպառնալիքներով, հայհոյանքներով գան իրենց տուն, ի՞նչն է դրդել նման արարքի, նա պատասխանեց, որ «դա լրիվ տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում, չեմ կարող այդ հարցին պատասխանել, ինքներդ դիմեք պատկան մարմիններին պահանջեք այդ հարցի պատասխանը, իմ համար էլ է հանելուկ»:

Ինչ վերաբերում է տարածված տեսանյութին, ապա Լորետա Բարսեղյանը նշեց, որ ինքը կարիք չունի դա տեսնել, քանի որ ինքը մասնակից է եղել, եւ չի ցանկանում տեսնել եւ նորից սթրես ապրել, հիմա փորձում է մոռանալ ամեն ինչ: Նա հերքեց տեղեկությունները, թե տեսանյութի կրկնօրինակը իրենք են տրամադրել Սյունիքի մարզպետարանին եւ լրատվամիջոցներին: «Ոչ, ոչ, տեսանյութը նույն պահին ոստիկանությունը առգրավել է:  Ոստիկանությունը մեր ստորագրությամբ հանել տարել է եւ սարքավորումը եւ տեսանյութը ամբողջությամբ»:

Անդրադառնալով ամուսնու` աշխատանքից ազատվելուն`  նա շեշտեց, որ վերջինս պաշտոնանկ չի եղել, ինքը կամավոր դիմում է գրել եւ հեռացել: Նա ամուսնու ցանկացած որոշում ճիշտ է համարում, «ինքը ինչ քայլ անում է, ես գտնում եմ ճիշտ է, ինձ համար ինչ տարբերություն, թե ով կղեկավարի մարզը, ով կղեկավարի, կլինի նաեւ իմ մարզպետը»: Իսկ թե ինչպես է հիմա իրեն զգում նախկին մարզպետը, կինը նկատեց. «Կարո՞ղ է պարոն Խաչատրյանը ցնծության մեջ լինի, վերջիվերջո մարդկային զոհ է եղել իմ տան բակում, ո՞նց կարող է պարոն Խաչատրյանը իրեն լավ զգա, եւ վերջապես նա պատահական մարդ չէ, նա մեր սանիկն է: Ամեն ինչից անկախ` դեպքը մնում է դեպք, իր կատարածը ոճրագործություն է, ավազակային հարձակում է, զինված հարձակում է, ոչ մեկդ չեք նշում, ինչի՞ չեք նշում զինված հարձակում, երբ տան ձեր դուռը ծեծեն, դուռը բացեք, էդ ժամին չե՞ք հարցնի, թե ինչի եք եկել իմ շեմը, ինչ եք ուզում ինձնից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Gala says:

    Խեղճ Սուրեն … էդ Բուդաղյանները լրիվ տեռորի են ենթարկել նրան՝
    կին են հայհոյել … շատ մեղք է մարդը: Ի՞նչ է անում մեր Մարդու Իրավունքների Պաշտպանը:

  2. Arcax says:

    Տիգրան Խաչատրյանը Գորիսի համալսարանի ուսխորհրդի նախագահն է, շատ ընկերասեր, լավ տղա է: Մտահոգվում էր ուսանողների հարցերով, ամեն ինչ անում էր, որ խնդիրներ չունենան, ուրախ առօրյա անցկացնեն: Չէր խնայում ոչինչ, որ ուսանողները լավ ուսանողություն անցկացնեն: Ցավալի պատահակություն է եղել, Աստված տա, ամեն ինչ կարգավորվի, և նա ազատ արձակվի: Ուսանողները պետք է նրան նեցուկ լինեն, ոչ թե լռեն: Չի կարելի ֆետիշացնել ամեն ինչ: Մի խառնվեք ցինիկ ամբոխին: Իսկ մայրը կեցցե. Նա իսկական սյունեցի է. ցավում ենք ձեզ համար: Պինդ եղեք:

  3. Mher says:

    Arcax կոչվածի մեկնաբանությունը ավելի ցավ պատճառեց ինձ, քան մարզպետի կնոջ հեքիաթները: Եթե մեր հասարակույան մեջ կան նման մարդիկ, շատ դժվար է լինելու պայքարելը լիսկաների դեմ:
    Հետաքրքիր է, ատրճանակով մարդ սպանելը ցավալի պատահականություն հայտարարած մարդն ինպես կբնութագրեր նույն արաքը, եթե ցավալի պատահականությամբ իր եղբորը սպաներ սյունեցի իսկական կնոջ որդին: Arcax, քո ստորաքարշ սերունդը մինչև չվերանա, Հայաստանում ոչ մի բան չի փոխվի: Ես որպես ցինիկ ամբոխի ներկայացուցիչ կուզեի միայն նկարդ տեսնել, համոզվելու համար՝ դու էլ երկու աչք, երկու ականջ ունեցող մեզ պես արարած ես, թե լուրջ անթրոպոլոգիական տարբերություններ կան մեր մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930