Հունիսի 7-ին, Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստեր էին: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան` որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ՀՀ ՊՆ Երեւան քաղաքի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանի եւ նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանի նկատմամբ:
Ինչպես shamshyan.com ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը եւ Ա. Արշակյանը վերցվեց երկամսյա կալանքի: Իսկ նույն դատարանի դատավոր Գագիկ Խանդամյանն էլ երկամսյա կալանքի որոշում կայացրեց Գ. Հայրապետյանի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն, հունիսի 5-ին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել էին ՀՀ ՊՆ Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը եւ նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը: ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի Ա.-ին զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաեւ զինվորական գրքույկ հատկացնելու դիմաց` վերջինիցս պահանջել եւ ստացել էր 1.000 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: