Մալթայի հավաքականից կրած պարտությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ներկայացավ խիստ անտրամադիր:
« Ասելու եւ խաղին գնահատական տալու բան չկա: Պարտվեցինք: Արագ գոլ բաց թողեցինք: Հետո փորձեցինք մենք գոլ խփել՝ չստացվեց: Ոչ մի պատճառ չենք կարող բերել: Սեփական հարկի տակ պարտվել Մալթային՝ խոսելու տեղ չկա: Ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Ես եմ մեղավոր», – խոսքն սկսեց Վարդան Մինասյանը:
Նա այնքան էր ընկճված, որ ճգնաժամից թիմին դուրս բերելու համար ի՞նչ է հարկավոր անել հարցին կոնկրետ պատասխանել չկարողացավ. «Կներեք, բայց այս էմոցիաների տակ կոնկրետ ինչ-որ բան ասել չեմ կարող», – ասաց մարզիչը: « Նախորդ պարտությունից հետո դուք հրաժարական տվեցիք, որը չընդունվեց: Հիմա հնարավո՞ր է, որ կրկին հրաժարական տաք», – հետաքրքրվեցին լրագրողները: « Նույն բանը երկրորդ անգամ կրկնելը լուրջ չի լինի եւ ես հիմա հրաժարական չեմ տա: Եթե ղեկավարությունը գտնի, որ ես չպետք է աշխատեմ, ինքը թող ազատելու վճիռ կայացնի», – հակադարձեց Վարդան Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ