«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բոնուսներից է Ռոտերդամի կինոփառատոնի այս տարվա հաղթած ֆիլմերից` «Fat Shaker»-ը («Ճարպազատում»), որի ռեժիսորն է իրանցի Մոհամադ Շիրվանին, իսկ գլխավոր դերակատարը ծագումով հայ է՝ Լեւոն Հաֆթմանը: Բացի Լեւոնից, այս ֆիլմում նկարահանվել են Նավիդ Մոհամադզադեն, Մարիամ Փալիզբանը եւ Հասան Ռոստամը: Ի դեպ, Հաֆթմանն ու Փալիզբանը «սերում» են թատրոնից:
Իրանցի ռեժիսորը «Fat Shaker»-ում յուրովի վիճարկում է իրանական իշխանությունների կողմից քարոզվող կեղծ «արժեքները»:
«Fat Shaker»-ի գլխավոր հերոսը մի գիրուկ է, որը փող է վաստակում ոչ թե ազնիվ եղանակով, այլ հնարամտությամբ. նրա խուլուհամր որդին անընդհատ «կորում» է, եւ երբ որեւէ բարեհոգի կին գտնում է տղային, մեկ էլ, չգիտես որտեղից, «բուսնում» է հաշմանդամ տղայի հայրը ու մեղադրանքների տարափ տեղում, թե որդուն գողանալու փորձ են արել: Այդ ճանապարհով նա բավականին գումար է հավաքում, սակայն, մի անգամ էլ բախտի անիվը հակառակ ուղղությամբ է պտտվում, որովհետեւ զոհերից մեկը կուլ չի գնում խաբեությամբ փող կորզելու՝ հոր պրովոկացիային:
«Fat Shaker»-ի հայազգի գլխավոր դերակատարի պրոֆեսիոնալիզմի եւ իրանցի ռեժիսորի մասին ինքնատիպ ֆիլմի մասին բավականին բարձր կարծիք է հայտնել բրիտանական «Գարդիանը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ