Երեւանի Հանրապետության փողոցի 33 շենքի նախկին բնակիչները այսօր կրկին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացրին: 2007 թվականին պետական գերակա շահ ճանաչված իրենց բնակարանների դիմաց նրանք պահանջում էին կառավարության խոստացած նոր բնակարանները:
Մինչ ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նիստն էր տեղի ունենում, բնակիչները գրասենյակի դիմացի փողոցի մեջտեղում կանգնել ու սպառնում էին փակել հրապարակը կամ էլ քարերով ջարդել ու փշրել իշխանավորների մեքենաները:
«Ամոթ ձեզ»,- այս խոսքերով բնակիչները դիմավորեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Ուր գնում ենք մեզ խաբում են: Հերիք է արդեն: Ապահով Հայաստան եք ուզում, տվեք մեր տները»,-ասաց բնակիչներից մեկը:
Մյուս բնակիչն էլ շարունակեց. « Սա հայաթափություն է, արտագաղթ է, գենոցիդ է, ուրիշ ոչինչ»:
Կարդացեք նաև
Պարոն Շարմազանովն էլ հետաքրքրվեց՝ ով է խլել նրանց տները: «2007 թվականին կառավարության որոշմամբ, գերակա շահ են ճանաչել, օտարման պայմանագիր են կնքել; Մենք վաղուցվանից գալիս ենք, մեր հարցով ո՞վ պետք է զբաղվի: Դարձել ենք ֆուտբոլի գնդակ, ստեղից գցում են էնտեղ, էնտեղիղ ստեղ: Բոլորն ասում են երեք շաբաթ է պետք, սպասեք»:
Պարոն Շարմազանովը առաջարկեց ցուցարարներից երկու հոգու երկուշաբթի օրը հանդիպել իր աշխատասենյակում. «Հարցին լուծում տվողը ես չեմ, բայց ձեզ անպայման կլսեմ»:
Ցուցարարերից մեկն էլ հավելեց.«Տարոնն էլ է եկել, Հովիկ Աբրահամյանն էլ է լսել, բոլորը լսել են, բայց ոչ մի լուծում չկա: Տան վարձերն էլ չեն տալիս, մեր տներն էլ»:
ՀՀԿ խոսնակը բնակիչներին հանգստացրեց եւ հորդորեց. «Եկեք փողոցում չխոսենք,երկուշաբթի կգաք, կզրուցենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ