Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «2014 թվականից պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան»

Հունիս 07,2013 21:58

Առաջին գծում ծառայող պայմանագրային շարքայինն  այժմ  ստանում է  130 հազար  դրամ:SAM_5350

Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Տավուշի մարզի սահմանագոտի: Նրան ուղեկցում էին  մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը:

Նախարարի այցը լուսաբանում էին հանրապետության հեռուստա-ռադիոընկերությունների, թերթերի եւ ինտերնետային կայքերի մոտ 5 տասնյակ լրագրողներ:  Նրանք եղան Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում, որտեղ ծառայել էր  զոհված Լյուքս Ստեփանյանը, ծանոթացան զորամասի պայմաններին: Այնուհետեւ  բարձրաստիճան զինվորականները եւ լրագրողները եղան զորամասի հրաձգարանում, ուր  զինվորները  ցուցադրեցին պայմանական հակառակորդի տանկի անձնակազմի, նաեւ հետեւակի ոչնչացման   վարժություններ:

Ապա այց կատարվեց   Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանային հենակետերից մեկը: Այնուհետեւ սահմանամերձ Ոսկեպար գյուղի   Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տաղավարում նախարարը մամլո ասուլիս տվեց: Ս. Օհանյանը  ներկայացրեց ազգային բանակի  ձեռքբերումները: Լրագրողների հարցերը վերաբերում էին Լյուքս Ստեփանյանի  զոհվելու առթիվ  բարձրաստիճան սպաներին պատասխանատվության ենթարկելու քայլերին, Գորիսում գնդապետ Արտակ Բուդաղյանի վիրավորվելու հետ կապված ՊՆ արձագանքին, ազգային բանակի սպաների  պատրաստվածության մակարդակին,  միջազգային խաղաղապահ օպերացիաներում հայ զինվորականների մասնակցությանը եւ այլն: Մենք նախարարին հարց ուղղեցինք սահմանի առաջին գծում ծառայող   պայմանագրային շարքայինների ցածր աշխատավարձի (ամսական՝ շուրջ 130 հազար դրամ) մասին,  չէ՞ որ  շարունակվող արտագաղթի, ժամկետային  զինակոչիկների թվի կրճատման պայմաններում պայմանագրային զինծառայողների բավարար  թիվը  կարող է ապահվել մեր սահմանների անվտանգությունը: Նախարարն իրենց վերջին նվաճումներից մեկը համարեց  զինված ուժերի համալրման ռազմավարության մշակումը , որով նախատեսվում է  պայմանագրային զինծառայողների տարրի ավելացում,  զորակոչի իրականացման  արդարացի սկզբունքի ներդրում, օպտիմալացման խնդիրների լուծում, նյութատեխնիկական միջոցառումների  փոխանցում քաղաքացիական կազմակերպություններին:  Այս ամենը  հնարավորություն  կտա մարտական  տարրը  բարձր մակարդակի վրա պահել:  Ս. Օհանյանը հավելեց. «Սերժանտները, դասակի հրամանատարի տեղակալները այսօր մեր հանրապետության տարբեր հատվածների  առաջին  գծում ստանում են մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ : Մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի շարքային զինծառայողները, ովքեր ցանկանում են  սովորել, կարողանան իրենց ուսումը  շարունակել եւ  համալրել ենթասպայական կազմը: Բացի դրանից, 2014թվականի համար համալրման ռազմավարությունում  նախատեսվում է առանձնահատուկ պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներ, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի  բարձրացում իրականացնել:  Հիմա այդ հաշվարկները կատարել ենք եւ դա համապատասխանեցրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագրերի ընդունմանը:  Այդ հավանությունը մենք կառավարությունում արդեն ստացել ենք»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930