ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի դիտել տեսագրությունը` Սյունիքի մարզպետի տան մոտ օրերս տեղի ունեցած կրակոցների եւ սպանության վերաբերյալ, որը երեկ երեկոյան հասանելի դարձավ նաեւ լրատվամիջոցներին ու հանրությանը, ուստի մեզ հետ զրույցում ձեռնպահ մնաց որեւէ կարծիք հայտնել այդ առիթով: Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ տպավորություն է ստացել պատգամավորն այդ իրադարձությունների շուրջ իրավապահ մարմինների կեցվածքից: Մասնավորաբար, բավականին հատկանշական էր ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի կեցվածքը, ով շտապեց հանդես գալ ի պաշտպանություն Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` իր հարցազրույցում ամեն կերպ «համոզելով», որ Սուրիկ Խաչատրյանն այդ իրադարձությունների ժամանակ ներկա չի եղել: Երեկ երեկոյան հրապարակված տեսագրությունը, որն ըստ էության, նախաքննական գաղտնիք է, պարզապես ապշեցրեց: Մեկ ժամից ավելի բազմաթիվ կրակոցներ հնչեցին, քաշքշոցներ, հարայ-հրոցներ, գոռգոռոցներ, ենթադրաբար նաեւ հայհոյանքներ ու այդ ամբողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանը հանգիստ քնած էր իր ննջարանում:
Լյովա Խաչատրյանը նկատեց, որ. «Դրանք նեղ մասնագիտական խնդիրներ են, որոնք իմ` ոչ մասնագետիս համար պարզ չեն»: Հետաքրքրվեցինք` քաղաքական տեսանկյունից ընդունելի՞ էր աշխատանքից ազատման այն ձեւը, որը կիրառվեց Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ` հրաժարականի դիմում եւ ոչ թե աշխատանքից ազատում: «Հասան քաչալ, քաչալ Հասան. ի՞նչ տարբերություն»,- ասաց պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ