ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն ԱՄՆ դոլար: Նախագծով առաջարկվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը:
Հանձնաժողովը որոշեց առաջարկել Ազգային ժողովին կառավարության կողմից անհետաձգելի համարվող այս նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Հանձնաժողովը ոչ դրական եզրակացություն տվեց հունիսի 5-ի նիստում քննարկված, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» նախագծի վերաբերյալ:
Հանձնաժողովը քննարկեց եւ դրակական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագծի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ըստ ԱԺ մամուլի հաղորդագրության