22-ամյա Անահիտը սիրահարվել էր իր աշխարհագրության ուսուցչին, ով իրենից մեծ էր 15 տարով. «Գրավիչ արտաքին ուներ և ավելի երիտասարդ էր թվում: Դասարանի աղջիկների կեսը սիրահարվել էր նրան. ծիծաղելի է հնչում, բայց նույնիսկ ամենածույլիկներն էին դաս պատասխանում՝ այն էլ սեթևեթելով: Հույս ունեին, որ մեր գեղեցկության շնորհիվ բոլորիս բարձր գնահատական կդնի. տղամարդ է, հաստատ անտարբեր չի մնա»,-ասում է նա: Պատմում է ՝ մի անգամ, ի զարմանս իրենց, ուսուցիչը բարկացել է աղջիկներից մեկի վրա, ով գեղեցիկ երևալու համար դասի ժամին սկսել է շպարվել. վերցրել է շրթներկն ու ասել, որ բոլոր աղջիկներն ականջներին օղ անեն, կենտրոնանան միմիայն դասի վրա. «Եթե մի քանիսը միայն գնահատական ստանալու կամ զվարճաննալու համար էին մտահոգվում իրենց արտաքինի մասին, ապա ես իսկապես սիրահարված էի, նույնիսկ հույսեր էի կապել, մինչև որ չիմացա, որ ամուսնացած է»:
Սովորական երևույթ, երբ մարդիկ սիրահարվում են իրենց ուսուցիչներին, դասախոսներին և առհասարակ դասավանդողներին: Լինում է նաև հակառակ երևույթը, բայց սովորաբար դրան լուրջ ընթացք չի տրվում, հազվադեպ է պատահում, երբ զգացմնունքները փոխադարձ են լինում, և սերը դրական ավարտ է ունենում: Ուսուցիչների դեպքում սիրային հարաբերություններն ավելի բարդ են. չէ՞ որ նրանք գործ ունեն անչափահասների հետ, հնարավոր է, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն, իսկ մյուս կողմից մեծ դեր է խաղում հասարակական կարծիքը: Իրավիճակը մի փոքր այլ է բուհում կամ քոլեջներում սովորող ուսանողների դեպքում: 24-ամյա Հասմիկը հիշում է ՝ սիրահարվել էր իրենց դասախոսներից մեկին, ով դասավանդում էր բարձրագույն մաթեմատիկա. «Ասպիրատ էր, երտասարդ և, ըստ իմ տեղեկությունների, սիրտն ազատ էր: Նրա դասերին ես ահավոր հուզվում էի, երևի նկատել էր նա, այդ իսկ պատճառով էլ մի քիչ կարմրում էր ինձ նայելիս»: Նա նաև պատմում է՝ գործնական առաջադրանքի ընթացքում մտերմանում է դասախոսի հետ, հասկանում է ՝ իր զգացածը սոսկ համակրանք էր ու հետաքրքրություն. «Մինչև մարդուն լրիվ չես ճանաչում, չես հասկանում՝ սե՞ր էր, թե՝ ոչ: Մենք հիմա շատ լավ ընկերներ ենք»,-ասում է նա:
Մեր հերոսուհիները բոլոր նրանց, ովքեր այդպիսի իրավիճակներում են գտնվում, խորհուրդ են տալիս հաշվի նստել դասավանդողի կարգավիճակի հետ. գուցե նա ամուսնացած է, պետք է նաև հաշվի առնել նրա զգացմունքները. «Ամենից առաջ պիտի հասկանալ քո զգացմունքները լուրջ են, թե պարզապես համակրանք է մի մարդու նկատմամբ, ով կրթված է, մասնագիտություն ու պաշտոն ունի. չէ՞ որ պատահում է, որ դու սիրահարվում ես ոչ թե նրան, այլ նրա հաջողությանը: Բացի այդ՝ գուցե նա լրիվ անտարբեր է Ձեր նկատմամբ»,-ասում է Հասմիկը: Իսկ Անահիտը հավելում է. «Պետք չէ վարկաբեկել ուսուցչին կամ դասախոսին, կամ ինքներդ Ձեզ, սա նուրբ հարց է: Եթե նա ևս զգացմունք ունի, թույլ տվեք, որ ինքն առաջին քայլն անի, իսկ եթե ոչ, լռեք»:
Նազենի Բաղդասարյան
Կարդացեք նաև