Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Post. «Թուրքական գյուղում, որն ուներ 10 000 հայ բնակիչ, մնացել է միայն մեկը»

Հունիս 07,2013 16:54

Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը «Վաշինգթոն փոստ» թերթում հոդված է հրապարակել, որտեղ պատմում է Թուրքիայի Չունքուշ գյուղի վերջին հայի մասին:

98 կամ 99-ամյա Ասյան այն մարդկանցից է, որոնց ասում են թաքնված հայեր, գրում է Բոհջալյանը: Կոտորածների ժամանակ ժանդարմներից մեկը փրկել է Ասյայի մորը ու ամուսնացել նրա հետ:

Պատմելով Չունքուշ կատարած իր այցի մասին՝ նա նշում է, որ մինչև 1915թ. գյուղում ապրում էր ավելի քան 10 000 հայ:

«Գյուղացիների մեծ մասն ընդունում էին, որ Չունքուշում ժամանակին հայեր են ապրել: Բայց երբ հարցնում էինք, թե ինչ է եղել նրանց հետ, նրանք արագ վրա էին բերում, որ մի պահ «բոլորը հեռացան», – գրում է Բոհջալյանը՝ ավելացնելով, որ իր մտքով չէր անցնում այնտեղ հայի հանդիպել, սակայն երբ արդեն պատրաստվում էին մեկնել, մի քուրդ նրանց ասաց, որ նրանք պետք է անպայման հանդիպեն զոքանչին,- նախկինում ես հանդիպել եմ ցեղասպանությունը վերապրածների, բայց Ասյային հանդիպելն այլ էր: Նա Վաշինգթոնում, Փարիզում կամ Բեյրութում չէր: Նա հայկական սփյուռքից չէր, որտեղ մենք առհասարակ գտնում ենք մի քանի վերապրածների: Այստեղ մեկն էր, որն ապրում էր մի տեղ, որտեղ կոտորել են իր պապերին ու հորը, որտեղ ոչնչացրել են իր նախնիների մշակույթը»:

Հեղինակը գրում է, որ երբ հարցնում էին Ասյային իր հայկական արմատների մասին, նա գլուխը տարուբերում էր ու լռում, իսկ մի անգամ նրա աղջիկն ասաց. «Ոչ, նա չի ուզում խոսել դրա մասին»: Երբ հարցնում էին, թե ինչ է պատմել նրան իր մայրը ջարդերի մասին, նա նայում էր ներքև ու շշնջում. «Ես շատ փոքր էի, ես չեմ հիշում», – երբեմն սկսում էր նախադասությունը, – «Մայրս ասում էր…», – իսկ հետո կորչում էր ձայնը:

«Այդպիսի մի պահի, երբ նա դադար վերցրեց, ես բռնեցի նրա ձեռքը: Նա իր մատները փաթաթեց իմին: Իր գլխաշորի տակից հայացքն ուղղեց ինձ, այդ աչքերը երբևէ տեսածներիցս ամենատխուրն ու ամենահզորն էին: Ես անմիջապես հասկացա, թե ինչու էր իր փեսան ուզում, որ հանդիպենք նրան. որովհետև նա ուզում էր հանդիպել մեզ: Նա ուզում էր ծանոթանալ այլ հայերի հետ», – գրում է Բոհջալյանը՝ հույս հայտնելով, որ 2015թ. Ասյան դեռ ողջ կլինի, քանի որ այդ տարի նա պատրաստվում է վերադառնալ Չունքուշ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930