Հայաստանում նրանց այնքան էլ չեն ճանաչում, իսկ դրսում Հայաստանը ճանաչում են հենց նրանց միջոցով:
Հունիսի 15-22-ը տեղի կունենա «Նարեկացի» արվեստների փառատոնը: Որի շրջանակներում Հայաստանում համերգներով հանդես կգան այնպիսի արվեստագետներ, ովքեր իրենց տաղանդով փայլում են արտերկրում: Ըստ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի, փառատոնը հնարավորություն կտա հայ ունկնդրին ճանաչել այնպիսի ստեղծագործողների, ովքեր հաջողությունների են հասել Հայաստանից դուրս:
Լրագրողների հետ զրույցում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը նշեց, որ փառատոնի առաքելությունն է աջակցել եւ հովանավորել հայ արվեստի եւ հոգեւոր մշակութային ժառանգության պահպանմանը, նորացմանը ու հանրայնացմանը:
Փառատոնին կմասնակցեն աշխարհահռչակ Գյուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթը, Օշական եռյակը, Կարին համույթը եւ այլք:
Կարդացեք նաև
«Ցավոք, Հայաստանում նրանց այնքան էլ չեն ճանաչում, իսկ դրսում Հայաստանը ճանաչում են հենց նրանց միջոցով»,- ասաց Նարեկ Հարթունյանը:
Երգահան, երաժիշտ Վահան Արծրունին էլ, նշեց, որ փառատոնը ջատագովն է ազատ արվեստի տեսակի: Ըստ նրա` փառատոնը կնպաստի, որ ժողովուրդը ճանաչի սեփական արժեքները:
«Դրսից մարդիկ չենք բերելու, որ «ծաղկացնեն» փառատոնը, այլ ներկայացնելու ենք մեր արվեստ ու մշակույթը»,- ասաց Վահան Արծրունին` հավելելով. « Մեր մասնակիցները դրսում ճանաչվելու խնդիր չունեն, պետք է նրանց ճանաչելի դարձնենք Հայաստանում»:
Հնչեցված հարցին, թե արդյոք նրանք դիմե՞լ են Մշակույթի նախարարությանը, Վահան Արծրունին ասաց. «Ու՞մ դիմենք, որ ի՞նչ: Մշակույթի նախարարությունը քանդում է մշակույթի դաշտը»: Այնուհետեւ կես կատակ, կես լուրջ ավելացրեց. «Իրականում մեզ Մշակույթի նախարարությունն է դրդել այս փառատոնին»:
«Գյուրջիեւ» համույթի հիմնադիր Լեւոն Էսկենյանը հայտնեց, որ փառատոնին կհնչեն բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ` Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ջիվանի, Տիգրան Մանսուրյան:
Համերգներից բացի նախատեսվում է նաեւ նկարների ցուցադրություն կազմակերպել, որտեղ կներկայացվեն Հակոբ Հակոբյանի, Փարաջանովի, Աշոտ Ավագյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Նարեկ Հարթունյանի լուսանկարները եւ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները: Ըստ Սեւան Նագգաշյանի, սա լավ հնարավորություն է նրանց գնահատելու համար:
Փառատոնի ներկայացուցիչները հայտնեցին, որ այն կրելու է շարունակական բնույթ եւ ամեն տարի կազմակերպվելու են նմանատիպ համերգներ:
Նշենք, որ տոմսերը վաճառվելու են 1.000-3.000 դրամի սահմաններում:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ