Այսօր կեսօրից հետո Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, մարզպետարանի աշխատակիցներին եւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրեց Սյունիքի մարզպետի նոր պաշտոնակատար Արա Դոլունցին, ով կկատարի մարզպետի պարտականությունները մինչեւ սահմանված կարգով Սյունիքի մարզպետի նշանակումը:
Նշենք, որ Արա Դոլունցը 2003 թվականից մինչեւ այժմ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցրել: «Այսօր Սյունիքի մարզպետարան իմ այցելությունն աշխատանքային է, մենք նման հանդիպումներ պարբերաբար ունենում ենք եւ բոլոր մարզերում հատկապես հետեւելու ենք առօրեական կարեւոր խնդիրներին՝ ինչպիսին սեփական եկամուտների հավաքագրումն է համայնքներում, մարզպետարանների կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու համակարգումը: Բայց այս անգամ ես նաեւ մեկ այլ հանձարարական ունեմ կառավարությունից՝ վարչապետից, պետք է այսօր ներկայացնեմ Սյունիքի մարզպետի արդեն նշանակված պաշտոնակատար պարոն Դոլունցին, ով կկատարի մարզպետի պարտականությունները՝ մինչեւ սահմանված կարգով Սյունիքի մարզպետի նշանակումը, այսինքն մենք մեր բնականոն աշխատանքը պիտի կատարենք»,- ասաց պարոն Տերտերյանը եւ մարզպետարանի աշխատակիցներին կոչ արեց էլ ավելի պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ շարունակեն աշխատել, որպեսզի Սյունիքի մարզում տարվող աշխատանքներն իրենց բնականոն ընթացքից չշեղվեն:
Մարզպետի նոր պաշտոնակատարին ներկայացնելուց հետո մարզպետարանում շարունակվեց աշխատանքային խորհրդակցությունը, որն արդեն տեղի ունեցավ առանց լրագրողների ներկայության:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ