Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 12-ին Հայրիկյանը հրավիրվել է դատարան (Ֆոտոշարք)

Հունիս 07,2013 16:34
PrevPhoto
NextPhoto

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի այս տարվա հունվարի 31-ի մահափորձի գործով դատական նիստը:

Դատարան էին եկել վկաներ, Պ.Հայրիկյանի հարեւանները՝ Ամալյա Խաչատրյանը, Կարեն Հայրապետյանը, Արտավազդ Դավթյանը, տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը, իսկ երկու վկաների էլ, որոնց ծանուցվել էր եւ չէին եկել դատարան, նախաքննության ժամանակ տրված ցուցմունքերը հրապարկվեցին:

Հայրիկյանի հարեւանուհին՝ Ա.Խաչատրյանը հայտնեց, որ ամուսինը բացել է խոհանոցի պատուհանը, եւ լսել «Օգնեցեք» ձայնը:

Դուրս են եկել բնակարանից, աստիճանների վրա տեսել են Հայրիկյանին. «Շատ վատ վիճակում էր, ցավի ձայներ էր հանում: Ուժասպառ էր, վիրավոր ընկած էր»: Հարեւանուհին անմիջապես զանգել է շտապ օգնություն, հետո ոստիկանություն, եւ վերջինն անմիջապես եկել է:

Հարեւանուհին տեղեկացրեց, որ հավաքված մյուս հարեւաններն ասում էին. «Պարույր, դիմացի»: Վիրավոր Հայրիկյանի կողքին էին կինը, աղջիկը, որին հետո տարել էին, որ «ավելորդ բան չտեսնի»:

Հայրիկյանի մյուս հարեւանը «Շանթ» հեռուստաընկերության ռեժիսորն էր՝ Արտավազդ Դավթյանը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը տեսնելով «Շանթի» տեսախցիկը, հարցրեց վկային, թե արդյոք նախորդ դատական նիստերին մասնակցել է, թե ոչ, գտնվել է դահլիճում, թե ոչ: Վկան ասաց, որ չի գտնվել դահլիճում:

Ըստ այս վկայի էլ, տանը դիտել է հեռուստատեսություն՝ ֆուտբոլի տեսություն, լսել է աղմուկ: Բացել է բնակարանի դուռը, հարեւանները օգնության էին կանչում: Զանգել է 911, որպեսզի շտապ օգնությանը տեղեկացվի Հայրիկյանի մասին: «Ընկած վիճակում հարեւանները ջուր էին բերում, շոր էին տանում, վերքը փակելու համար»: Հարցին, թե Հայրիկյա՞նն էր ընկածը, վկան պատասխանեց. «Աղջիկը, որը գոռում էր՝ հայրիկ, բա ով պիտի լիներ»;

Վկա Կարեն Հայրապետյանը պատմեց, որ լսել է երկու «չթթոց», պլասմասայի ձայն է հիշեցրել, եւ ոչ թե կրակոցի:Այս հարեւանը տեսել է ինչ -որ մեկին, որը վազել է, բայց նրա ոչ քաշը, ոչ գույնը, ոչ բոյը չի տեսել:

Այս վկայի ասածները դահլիճում ընկալվեց ծիծաղով:Երբ դատավորը հարցրեց, ինչ է լսել, ինչ գիտի կատարվածի մասին, վկան ասաց.«Սարսափելի բան է կատարվել: Խփել էին, վիրավորել, կրակել էին Հայրիկյանի վրա»;

Առհասարակ, վկաներից շատերը առաջին անգամ են լինում դատարանում, եւ նման «անվարժ» պատասխաները դրա պատճառով է: Սակայն դատական նիստերի դահլիճում կան նիստը հետեւողներ, որոնք վկաների ցանկացած պատասխանին փորձում են վերաբերվել անհասկանալի քրքիջով:

Դատական նիստն ավարտվեց ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի եւ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանի վեճով:

Ալեքսանդր Սիրունյանը հրապարակեց գլխավոր դատախազության կողմից տրված մի գրություն, համաձայն որի, ըստ պաշտպանի «մեղադրողը պատշաճ չէ»: Այն, ինչի մասին անդրանիկ դատական նիստին կողմը բարձրացրել էր:

Խոսքն այն մասին է, որ նախաքննության ժամանակ դատախազական հսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմինների եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ Հովսեփ Սարգսյանը: Նա հետագայում նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազ, հետեւաբար, նախաքննության նկատմամբ հսկողությունը հանձնարարել է մեղադրող, նույն վարչության դատախազ Արամ Ամիրզադյանին: Ա.Սիրունյանը միջնորդում էր, որ մեղադրանքը պաշտպանի Հովսեփ Սարգսյանը:

Վերջինն էլ ասաց, որ Սարգսյանի հանձնարարությամբ էլ ստանձնել է դատախազական հսկողությունն այս գործի նկատմամբ: Արամ Ամիրզադյանն ասաց, որ Ա.Սիրունյանի վրա զարմացած է, որովհետեւ «նա ցույց չի տալիս այն իրավական ակտը, համաձայն որի դատախազը լինում է պատշաճ կամ՝ հակառակը»:

Դատարանը մերժեց Սիրունյանի միջնորդությունը, եւ բավարարեց մեղադրողինը՝ գործի քննությունը հետաձգել, եւ ծանուցել Պարույր Հայրիկյանին հաջորդ նիստում ցուցմունք տալու մասին:

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930