«Դինո Գոլդ Մայնինգ ընկերության» գործունեությունը և նրա կողմից բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ հարուցված դատական գործը մեծ արձագանք են գտել նաև Սփյուռքում: Ողջունելի է, որ մեր հայրենակիցները ոչ միայն հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում բարձրաձայնել բնապահպանական, մարդու իրավունքների և այլ ոլորտների խնդիրները: «Դինո Գոլդ մայնինգ»-ի գործունեությանն իր ուրույն ոճով արձագանքել է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Կարեն Եղբարյանը: Նա «Ասպարեզ» և «The Armenian Weekly» լրատվական կայքերի հոդվածագիր է և ունի հոդվածների շարք, որին տվել է SpitRain անունը (բառացի թարգմանությամբ՝ Թքանձրև): Հոդվածների այդ շարքում Կարենն անդրադառնում է «ամենաարժանիներին» և փորձում ցույց տալ իր վերաբերմունքը նրանց հանդեպ: Թուք ու մուրն այս անգամ բաժին է հասել Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայինինգ» ընկերությանը: Ստորև անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք asbarez.com կայքում հրապարակված Կարեն Եղբարյանի հոդվածն ամբողջությամբ:
«Գրեթե 3 տարի է անցել այն օրվանից, երբ որևէ անձ կամ կազմակերպություն արժանացել է այդքան «ցանկալի» Թքանձրև (SpitRain) մրցանակին, բայց այս հաղթողը մեծապես արժանի է դրան` էն էլ ոնց: Ինչպես հիշում եք, «Թքանձրևը» ծագել է հայկական հայտնի ասացվածքից. «Անամոթի դեմքին թքում ես, ասում է` անձրև է գալիս»:
Հաղթողը «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունն է (այն Հայաստանի Կապան քաղաքում ոսկու հանք է շահագործում), որը պատկանում է «Դանդի Փրեշըզ Մեթալս» կանադական ընկերությանը: Վերջինիս արժեթղթերը գրանցված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Հավանաբար ժամանակն է, որ այդ շուկայի կողմից վերանայվի, թե արդյոք «Դանդի Փրեշըզ Մեթալսը» պետք է պահպանի իր տեղը ցուցակում՝ հաշվի առնելով, թե ինչպիսի վարքագիծ է նա հանդուրժում իր դուստր ընկերության կողմից:
Հանքարդյունաբերությունն արդյունաբերության կեղտոտ տեսակ է, և այս իրողությունը կասկածի ենթակա չէ: Այնուամենայնիվ, հնարավոր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրին և հանքերում աշխատող մարդկանց հասցված վնասի չափերը` կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և հոգալով անվտանգության մասին:
Սակայն թվում է, թե Դինոն ընտրել է միանգամայն հակառակ ճանապարհը` նախապատվությունը տալով վատագույն մոտեցմանը:
Տվյալ դեպքում «Դինո Գոլդը» որոշել է դատի տալ Եղիա Ներսեսյանին` զրպարտության մեղադրանքով: Հավանաբար հիշում եք, որ Եղիան այն բնապահպանական և քաղաքացիական ակտիվիստն է, ով 2012 թվականի դեկտեմբերին այցելեց Լոս Անջելես: Ըստ «Դինո Գոլդի»՝ նա «հանցանք» է գործել` հայտնելով, որ «Դինո Գոլդը» էլեկտրաշոկ է կիրառում իր հանքում աշխատողների նկատմամբ, որպեսզի նրանք շարունակեն աշխատանքը (ինձ համար պարզ չէ, թե ինչպես է այն կիրառվում, կամ արդյոք խոսքը վերաբերում է թեյզերի (taser) օգտագործմանը): Այժմ այս հրաշալի և հարգանքի արժանի ընկերությունն անհանգստացած է իր բարի համբավի համար և ցանկանում է հերքել «զրպարտությունը»:
Հավանաբար ձեզ մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ «Դինո Գոլդ»ը նույն ոգևորությամբ չարձագանքեց, երբ նրա անունն այս առնչությամբ շոշափվում էր Հայաստանի Հանրապետության մամուլում մոտ երկու տարի առաջ: Ակնհայտ եզրակացությունն այն է, որ ընկերությունը չէր կարծում, թե այս ամենն այսպիսի մեծ արձագանք կգտնի: Սակայն այժմ, երբ լուրերը հասել են Սփյուռքին, ուր հանրության առավել լայն շերտեր կարող են տեղեկանալ այս մասին, մեր հանքային տիրակալը ընկել է անկառավարելի բարկության և իրարանցման մեջ:
Ինձ ենթադրություններ են հասել նաև այն մասին, որ «Դինո Գոլդն» այս ամենն անում է Հայաստանի Հանրապետության կառավարության թելադրանքով: Բնականաբար ձեզ մոտ հարց է ծագում, թե ո՞րն է արդյոք պաշտոնական Երևանի շահագրգռվածությունն այս ամենի մեջ: Պատասխանը շատ պարզ է: Եղիան հաջողությամբ կարողանում է մոբիլիզացնել մարդկանց և նրանց ուշադրությունը սևեռել սխալ կառավարման պատճառով առաջ եկած բազմաթիվ խնդիրների վրա: Այսպիսով, Հայաստանի «օբյեկտիվ» դատարանների միջոցով նման ակտիվիստին լռեցնելը, նրա ուսերին ծանր ֆինանսական տույժ դնելը, շահավետ է հայաստանյան կառավարությանը, որը ցանկանում է կոծկել իր ձախողումներն ու թերացումները:
Որն էլ որ լինի իրական դրդապատճառը (գուցե երկուսն էլ, գուցե մեկ այլ գործոն), ամո՛թ քեզ «Դինո Գոլդ»: Գրե՛ք հանցավոր ընկերությանը և նրա մայր կազմակերպությանը: Եթե ապրում եք Կանադայում, հատկապես Տորոնտոյում, կարող եք այս մասին գրել նաև ձեր տեղական լրատվամիջոցներին: Տեղեկացրե´ք, թե ինչ եք մտածում այս ամենի մասին: Հայտնե՛ք նրանց, թե որքան անվայել եք համարում սեփական բիզնեսի իրականացման համար մարդկանց ազատ խոսքի իրավունքը խոչընդոտելը»:
Թարգմանեց` Էմանուելլա Ավագյանը
Համահայկական բնապահպանական ճակատ
սաղ հեչ արտակարգ թարգմանությունա :)))