Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը գոնե հանդերձյալ աշխարհում է հավասարություն պահանջում (Տեսանյութ)

Հունիս 07,2013 15:46

«Եթե մասնավոր է գերեզմանատունը, ուրեմն բիզնես է եւ ինչպե՞ս է պետությունը միջամտելու մարդու բիզնեսին, եթե այդ բիզնեսով զբաղվող գործարարի համար դաշտում գին սահմանեն, ուրեմն, այդ դեպքում, շահագրգռված չեն լինի իրենց մատուցած ծառայությունների որակը լավացնելու»,-այսօր ԱԺ պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Արծվիկ Մինասյանն այսպիսի հարցեր ուղղեցին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, որը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած ԱԺ լսումներին ներկայացրեց ՕԵԿ-ի նախաձեռնած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: Հովհաննես Մարգարյանը նախագծում առաջարկելով մասնավոր գերեզմանատների գաղափարը՝ վստահեցրեց, որ այս ոլորտում մրցակցությունը կբերի ոլորտի առողջացման, ծառայությունների գներն ավելի մատչելի կլինեն եւ հանգուցյալի հարազատներին ավելի լավ սերվիս կմատուցվի:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը գոնե հանդերձյալ աշխարհում հավասարություն պահանջեց: Մինչդեռ, ըստ պարոն Աղաբաբյանի, նախագծից տպավորություն է ստացվում, որ հարուստ- աղքատ անհավասարությունը չի վերանալու, ընդհակառակը, սույն նախագծով հարուստների համար «էլիտար գերեզմանատներ» են կառուցվելու, քանի որ ծառայությունների այն ցանկը որն առաջարկում է մասնավոր գերեզմանատունը, աղքատի գրպանին հասու չէ:

Նախագիծը ներկայացնելիս պարոն Մարգարյանը նշեց, որ մասնավոր գերեզմանատունը պետք է ունենա համալիր ծառայություններ՝ հանգստի սենյակ հանգուցյալի հարազատների համար, դիակիզարան, դիակ տեղափոխող փոխադրամիջոց, գերեզմանափոր, գերեզմանը բարեկարգելու, ծաղկեպատելու սերվիս եւ այլն:

ՕԵԿ-ի նախագծով սահմանվում է, որպեսզի մասնավորի հետ գերեզմանատուն շահագործելու պայմանագիրը կնքվի 49 տարի ժամկետով, իսկ գերեզմանի բիզնեսով զբաղվող ընկերությունը պարտավորվելու է հուղարկավորությունների գրանցման մատյաններ վարել, որոնք արխիվում պահվելու են անժամկետ: Պարտավորությունները թերի կատարելու պարգայում էլ կարող է պայմանագիրը վաղաժամկետ լուծվել եւ գերեզմանի շահագործումը կհանձնվի տվյալ համայնքին, որտեղ որ աշխարհագրորեն կգտնվի գերեզմանատունը, մինչեւ որ այդ «օբյեկտի» համար նոր սեփականատեր կհայտնվի:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ մասնավորին տալով՝ այս ոլորտում վիճակը շատ ավելի կվատացնենք: Նրա խոսքերով. «Եվրոպական փորձը հաշվի եք առել, բայց հաշվի չեք առել հայկական ավանդույթները, գերեզմանը հայի համար սրբություն է»: Պարոն Մինասյանի հարցադրումները Հովհաննես Մարգարյանի ներկայացրած նախագծին` տեսանյութում.

Ի պատասխան, պարոն Մարգարյանը փորձեց ցրել Արծվիկ Մինասյանի մտահոգությունները` օրինակ բերելով այսօր գործող` իրենց սահմաններից դուրս եկած, անբարեկարգ ու ապօրինի գործող գերեզմանատները` վստահեցնելով, որ օրենքի` իրենց առաջարկած փոփոխությունները հստակություն եւ կանոնակարգում կմտցնեն այս դաշտում: Հովհաննես Մարգարյանի պարզաբանումները` տեսանյութում.

Լսումներին ներկա պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ «Մասնավորը ծառայությունների մի շարք կարող է ստեղծել եւ դրանով բարդացնի ընտանիքի հոգսերը»,-նկատեց Արայիկ Աղաբաբյանը:

ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի համար անհասկանալի էր, թե գերեզմանի բիզնեսով զբաղվողի հետ պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու դեպքում ինչո՞ւ պետք է շահագործելու պարտականություններն ընկնեն համայնքների վրա:

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանի դիտարկմամբ՝ ՕԵԿ-ի նախագիծը «հում է» եւ պարզ չէ, թե եթե գերեզմանատան տնօրինության հետ պայմանագիր կնքած հանգուցյալի հարազատը մի օր որոշի չվճարել գերեզմանի պահպանության ծախսերը, այդ գերեզմանի հետ ի՞նչ է լինելու.
«Այսինքն ինչ` ասելու են ձեր դրած քարի կողքին ծաղիկներ ենք տնկելու այնքան ժամանակ, քանի դեռ դուք մեզ փող եք տալիս, հենց չտաք՝ ձեր գերեզմանը քանդելու ենք, տեղը ուրիշի՞նը կառուցենք»:

Լսումներին ներկա քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն առաջարկեց մեկ ամսով հետաձգել եւ 1 միասնական փաթեթ ներկայացնել քննարկման համար, որտեղ առաջարկություններ ունեցող բոլոր անձինք իրենց տեսակետը հայտնած կլինեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930