Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին:
Այսօր` հունիսի 7-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ «Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար» հեռավոր հասանելիության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Վերջինիս ընթացքում կնքվեց պայմանագիր, որը սկիզբ դրեց համագործակցությանը:
Կենտրոնը հնարավորություն է տալիս ավելի քան 60 ուսումնական ծրագրերով հեռավար ուսուցում իրականացնել: Ինչպես Արա Ավետիսյանն է հայտնում` ծրագիրն իրականացվում է Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի, ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության հիմնադրամի կողմից: «Առանց փորձի փոխանակման եւ կիրառման հնարավոր չէ որեւէ արդյունքի հասնել: Առաջիկայում նախատեսել ենք բացել ռուսական գրադարան, Կասպերովսկիի կենտրոն, նոր ինժեներական լաբորատորիաներ»,- ասաց ռեկտորը:
Ինչպես բանախոսները նշեցին, այս նախագծի նպատակն է ստեղծել ԱՊՀ երկրների մասնագետների համար որակավորման բարձրացման ու վերապատրաստման ճյուղավորված համակարգ:
Կարդացեք նաև
«Նախագծի շրջանակներում կկազմակերպվի «Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր» դասընթացը, որը կիրականացվի Մոսկվայից եկած մասնագետների շնորհիվ»,- ասաց Մարկ Կալինինը եւ հավելեց, որ տրվելու են դիպլոմներ եւ սերտիֆիկատներ:
Նշենք, որ ծրագրում առկա 6-7 կետ գործելու է նաեւ ՀՊՃՀ-ի մագիստրատուրայում:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ