Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ ես հավատում եմ՝ կյանքն իմաստ ունի, ես կշարունակեմ պատմություններ պատմել». Քշիշտոֆ Զանուսի

Հունիս 07,2013 15:03

1939 թվականին ծնված աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին (լուսանկարում՝ աջից)   մինչ կինոաշխարհում հայտնվելը,  ֆիզիկա եւ փիլիսոփայություն է ուսումնասիրել Լեհաստանի տարբեր համալսարաններում: Նա իր  առաջին խաղարկային ֆիլմը՝ «Բյուրեղի կառուցվածքը»,  նկարել է 1969 թվականին:

 Զարմանալի կերպով այսօր նրան կարելի էր հանդիպել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական համալսարանի բուֆետում: Երկու օրով Հայաստան ժամանած ռեժիսորը այսօր հենց այնտեղ հանդիպեց լրագրողների հետ:

Մուգ կապույտ կոստյում, կապույտ վերնաշապիկ հագած ռեժիսորը, ժպիտը դեմքին, մտավ բուֆետ եւ բարեւեց լրագրողներին: Ձեռքին սեւ մեծ պայուսակ ուներ:

Մինչ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը ներկայացնում էր Զանուսիին, նա քթի տակ համեստորեն ժպտում էր:

Զանուսին խոսում էր ռուսերեն, իսկ լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին ռեժիսորի՝ Հայաստան գալուն ու նրա տպավորությունների մասին:

«Մի երկրում, որտեղ 3 մլն մարդ է ապրում ու որն ունի Սփյուռք, շատ դժվար է կինո նկարել: Եթե հայ ռեժիսորը ցանկանա կոմերցիոն ֆիլմ նկարել, պետք է անպայման

մեկնի Հայաստանից: Այստեղ բացի բարձրորակ կինոյից, ուրիշ ոչինչ չի կարելի անել»,- նշեց Ք. Զանուսին  ու հավելեց, որ ռեժիսուրայի բաժնում սովորող ուսանողներ հետ հանդիպումից հետո իր համար շատ դժվար է ինչ-որ կարծիք հայտնել: «Գուցե այդ մասին նրանց հարցնենք»,- լրագրողներին հուշեց ռեժիսորը:

Հարցին՝ ի՞նչ է զգում ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան, լեհ ռեժիսորը պատասխանեց.

«Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է: Երկիր, որ այնքան շատ է տառապել, ահռելի տարածքներ է կորցրել, բայց կարողացել է ի վերջո հաղթահարել այդ ամենն ու գոյատեւել»:

Նա նաեւ  հիշեց, որ դեռ 1970 թվականին իրեն հրավիրել էին Սբ. Ղազար կղզի դասախոսություն կարդալու, ու այդ հանգամանքը իրեն մի քիչ սենտիմենտալ է դարձնում:

Aravot.am-ը 74-ամյա ռեժիսորից հետաքրքրվեց՝ արդյոք վախենու՞մ  է մահվանից եւ  հաճա՞խ է մտածում այդ մասին:

Ռեժիսորը ժպտաց ու կարճ  եւ  հստակ պատասխանեց. «Իհարկե, վախենում եմ, քանի որ այն ավելի ու ավելի է մոտենում»:

Հարց հչեց նաեւ այն մասին, թե ռեժիսորը չի՞ պատրաստվում հայ ռեժիսորների հետ համատեղ ինչ-որ ֆիլմ նկարել: Զանուսին ծիծաղեց ու պատասխանեց.

«Եթե միայն դուք կարողանաք մեզ համար հովանավոր գտնել»:

Կարճատեւ ասուլիսի վերջում Զանուսին պարզաբանեց, թե ինչն է իրեն ստիպում շարունակել ֆիլմեր նկարել:

«Եթե ես երբեւէ այնպիսի հոգեվիճակ ունենամ, երբ կորցնեմ իմ ամբողջ հավատը կյանքի իմաստի նկատմամբ, գուցե այդ ժամանակ ես լռեմ, մտածեմ, որ դա է ճիշտը: Եթե ճիշտը դա է, թող մարդիկ այդ մասին չիմանան: Բայց քանի դեռ ես հավատում եմ, որ կյանքն իմաստ ունի ու այն կարելի է ճիշտ ապրել, ես կշարունակեմ պատմություններ պատմել»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930