Ըստ shamshyan.com-ի, հունիսի 7-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հատուկ քննչական ծառայության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 59-ամյա Բաբկեն Մկրտչյանի և մեկ այլ անձի՝ Մանվել Արշակյանի նկատմամբ։ Նշված դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդարանական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք վերցվել են երկամսյա կալանքի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բ. Մկրտչյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 308 հովածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Իսկ Մ. Արշակյանի նկատմամբ 38- (հանցակիցների տեսակները) 308 և 314 հոդվածների հատկանիշներով։ Ֆոտոլրագրղը հայտնում է նաև, որ դատական նիստն ավարտվել է գիշերը՝ ժամը 01։10-ի սահմաններում, և դատարանի բակում են եղել կասկածյալների հարազատներն ու գյուղացիները, իսկ դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում նշված դատարանի դատական կարգադրիչներն ու Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները։