Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառում է անցկացվել Երևանի Մանկական զբոսայգում։ Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի այն սաները, ովքեր վարչական փուլը հաղթահարելուց հետո կազմել են վարչական շրջանների հավաքական թիմերը։
Մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված էին պարանի ձգում, փոխանցումավազք, հեռացատկ տեղից, ինչպես նաև ուժային վարժություններ։
Միջոցառման մասնակից բոլոր երեխաները ստացել են նվերներ և մասնակցության հավաստագրեր, իսկ մրցույթի ցուցանիշները կազմակերպիչներին անհրաժեշտ են միայն վերլուծության համար։ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով, մարզական նմանատիպ միջոցառման նպատակը մարզական տվյալներ ունեցող երեխաներին վաղ տարիքից բացահայտելն է։
Կազմակերպիչները միջոցառումը մարզահամերգային տոնահանդես էին կոչել, որն ավարտվեց համերգային ծրագրով։ Ի դեպ, սա ավանդական միջոցառում է և անցկացվում էր 8–րդ անգամ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն