«3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել եւ պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները»:
Սա մեջբերում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից: Այստեղ աչքի է զարնում այն հանգամանքը, որ երկրի ղեկավարը տարածաշրջանում վերադասավորումների հստակ ժամկետ է նշում՝ երեք-չորս տարի: «Տարածաշրջանի վերադասավորումներ» արտահայտությունը նոր բան չէ. փորձագիտական հանրույթն այս բառակապակցությունը բազմիցս կիրառել է՝ նկարագրելու համար հետեւանքներն այն գործընթացների, որոնք կարող են թելադրված լինել, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներով, սիրիական, թուրքական ու հավանական է նաեւ՝ իրանական ներքին վայրիվերումներով, Ադրբեջանում էներգակիրների արդյունահանման ծավալների նվազմամբ, հայ-թուրքական հարաբերություններով եւ այլն:
Նախագահ Սարգսյանի խոսքում մանրամասնված չէր, թե հատկապես ի՞նչ գործընթացի արդյունքում է ակնկալվում անխուսափելի որակված վերադասավորումը: Բայց դատելով համոզված տոնայնությունից՝ կարելի է ենթադրել, որ խոսքը Հայաստանի անմիջական մասնակցությամբ գործընթացների մասին է: Եվ եթե հաշվի ենք առնում հանգամանքը, որ հարցը բարձրացվել է Անվտանգության խորհրդի նիստում, կարելի է ենթադրել, որ խոսքը պատերազմական գործողությունների մասին է: Ճիշտ է, երկրի ղեկավարը չխոսեց Ադրբեջանի հետ պատերազմի անխուսափելիության մասին, սակայն ակնհայտ է, որ հենց դրա մասին են նրա թափանցիկ ակնարկները: Անվտանգության խորհրդի ձեւաչափով այլ բանի մասին, պարզապես, խոսք լինել չէր կարող:
Եթե նախագահի ելույթը դիտարկենք մի փոքր ավելի լայն համատեքստում, ապա նշված ենթադրությունն առավել հիմնավոր կդառնա: Մեկ ամիս առաջ՝ մայիսյան տոնակատարությունների ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր բացառել, որ հայկական կողմը կարող է հակառակորդի ուժերի հանդեպ կանխարգելիչ հարված ձեռնարկել, եթե լինեն հակառակորդի ուժերի վտանգավոր կուտակումների մասին հավաստի տվյալներ: Սա նշանակում է, որ հայկական կողմն այդ պահից արդեն հրաժարվել է մինչ այդ իր՝ պաշտոնապես հռչակված նախահարձակ չլինելու հանձնառությունից:
Կարդացեք նաև
Նախարարի դիտարկումները վկայում են, որ հայկական կողմն, ակնհայտորեն հրաժարվում է պատերազմի ադրբեջանական քարոզչությունը եւ հռետորաբանությունը անտեսելու նախորդ տասը տարիների իր քաղաքականությունից: Դա ուղղակիորեն երեւում է նաեւ նախագահ Սարգսյանի ելույթից: Փաստորեն, հայկական կողմը հրապարակավ հայտարարեց, որ այլեւս շատ լուրջ է ընդունում իր հանդեպ հարեւան երկրից հնչեցված բոլոր սպառնալիքները: Ըստ որում՝ Սերժ Սարգսյանն իր խոսքում հրապարակավ հայտնում է, որ հայկական կողմը ոչ միայն պատրաստ է համարժեքորեն պատասխանել ադրբեջանական մարտահրավերներին, այլեւ իր ժողովրդին է պատրաստում դրան:
Եթե սրան հավելենք Հայաստանում ռուսական ռազմակայանում «Իսկանդեր-Մ» տիպի հրթիռային կայանքներ տեղադրելու մասին լուրերը, ապա պատկերն ավելի տպավորիչ է դառնում. դրանց հեռահարությունը 500 կմ է, այսինքն՝ Հայաստանից Բաքուն ուղղակի թիրախի տակ պահելու հնարավորություն կա:
Ներկայացված համատեքստում ավելի հասկանալի են դառնում Սերժ Սարգսյանի մյուս դիտարկումները եւս. «Մյուս կողմից՝ գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետեւանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որեւէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն՝ թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետեւ այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին»:
Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահը ոչ թե մտահոգված է Ադրբեջանում տիրող իրավիճակով ու մարդու իրավունքների սահմանափակումներով, այլ պարզապես առանձնացնում է այն հիմնական գործոններից մեկը, որն ապահովում է հայկական կողմի առավելությունը: Այստեղ էական երկու հանգամանք կա: Առաջինն այն է, որ նախագահ Սարգսյանի խոսքում տարածաշրջանի բացասական զարգացման պատրվակով ժողովրդավարական ազատությունները կաշկանդելու որեւէ ակնարկ չկար: Դա կարեւոր է, քանի որ դրական ընկալման մթնոլորտ է ստեղծում Հայաստանի շուրջ արտաքին աշխարհում: Իսկ երկրորդը, որ շատ ավելի կարեւոր է, ժողովրդավարական հասարակության առավելություններն են: Դրանք առավել ճկուն են եւ մրցունակ: Պատմությունը դա է վկայում:
Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների դինամիկան հիշեցնում է 20-րդ դարի երկրորդ կեսը: Մի կողմից՝ այն կարելի է բնութագրել որպես «սառը պատերազմ»: Ու կարող է թվալ, որ Ադրբեջանը մոնոլիտ է, իսկ Հայաստանը ընտրություններով եւ ներքին վեճերով բզկտված երկիր: Սակայն իրականում Հայաստանում գերիշխող բազմակարծությունը Հայաստանի ճկունության եւ արագ արձագանքելու երաշխավորն է: Եթե հիշում եք, այդպես էր նաեւ մոտ հինգ տասնամյակ առաջ՝ թվում էր, թե ԽՍՀՄ-ն անհաղթ բետոն-մոնոլիտ է, որի առջեւ կանգնած է իր ընտրություններով, սպանված ու պաշտոնազրկված նախագահներով բզկտված ԱՄՆ-ը: Սակայն գերտերությունների դիմակայության արդյունքները հստակ ցույց տվեցին, թե որ համակարգն էր ավելի կենսունակ:
Մեկ այլ տիպիկ օրինակ է արաբա-իսրայելական դիմակայությունը: Այսօր որեւէ մեկը կասկած չունի, որ բնական ռեսուրսներից աղքատ Իսրայել պետությունն իրեն տասնապատիկ անգամ գերազանցող արաբական աշխարհի նկատմամբ առավելություն ստացավ հենց ժողովրդավարական ու մրցակցային հասարակություն կառուցելու շնորհիվ: Ավելին՝ տեւական հակամարտությունը այդ համակարգն էլ ավելի բազմազանեցնելու անհրաժեշտություն ու նախադրյալներ ստեղծեց:
Հայաստանի նախագահի ելույթի ամփոփիչ հատվածը՝ «Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը եւ դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել», վկայում է, որ հենց այդ կուրսն է որդեգրված:
ՄՈՎՍԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ