Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը առանձնահատուկ արվեստ չէ, դրա կիրառումն է կարեւոր (Ֆոտոշարք)

Հունիս 07,2013 14:20

PrevPhoto
NextPhoto

Լեհ պաշտոնյաները շեշտում են՝ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ի կողմից իմիտացիաները անհնար են լինելու

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով հունիսի 3-9-ը հայաստանցի լրագրողների այցը Լեհաստան կազմակերպիչների կողմից ուշագրավ եւ խիտ ծրագրով է ընթանում՝ պետական կառույցներում պաշտոնյաների, հետազոտական կենտրոնների փորձագետների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումներ:

Հանդիպումների մեկնարկը նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու նստավայրում էր, ապա՝ ԱԳՆ-ում: Լեհաստանի նախագահի խորհրդական Յան Լիտինսկին 12 տարի լեհական խորհրդարանի պատգամավոր է եղել, ինչպես նաեւ «Սոլիդարնոստ» շարժման անդամ: Լրագրողական խումբը նրան հանդիպեց հունիսի 4-ին, այդ օրը Լեհաստանը նշում էր երկրի ամենակարեւոր տոներից մեկը՝ Ընտրությունների օրը: 1989 թվականի այդ օրը խորհրդարանական արդար ընտրությունների արդյունքում Կոմունիստական իշխանությունը պարտվեց Լեհաստանում, եւ ձեւավորվեց առաջին ոչ կոմունիստական իշխանությունը: Լեհերը ասում են՝ «պրոցեսը սկսվել է հենց հունիսի 4-ին»՝ այդ ընտրություններով, եւ ավարտվել է Բեռլինյան պատի՝ «սառը պատերազմի» ամենանշանակալի խորհրդանիշներից մեկի փլուզմամբ:

Լեհաստանը միացել է ԵՄ-ին մի քանի փուլերով. 1999թ. դարձել է ՆԱՏՕ-ի անդամ, 2004-ին՝ ԵՄ անդամ: Նախագահի խորհրդական Յան Լիտինսկին պատմում է, որ Լեհաստանում էլ եղել են քաղաքական ուժեր, որոնք համարել են, որ Լեհաստանին ԵՄ-ի ինտեգրում պետք չէ: «ԵՄ անդամակցությունից 9 տարի անց, սակայն, բոլոր խնդիրներով հանդերձ՝ պետք է արձանագրել, որ անդամակցությունը նույնիսկ խիստ շահավետ էր: Լեհական քաղաքները, գյուղերը զարգացել են, փոփոխություններն ակնհայտ են»:

ԵՄ-ն այժմ ոչ միայն ֆինանսական, այլեւ գաղափարների ճգնաժամ է ապրում, եւ հարցը՝ ինչ ուղղությամբ պետք է զարգանա ԵՄ-ն հետագայում, մնում է բաց՝ նշում է Լիտինսկին:

Դեպի արեւելք ԵՄ-ի ընդլայնումը արդեն կարելի է ավարտվա՞ծ համարել, թե՞ կարող են լինել նոր գաղափարներ՝ հարցին նախագահի խորհրդականը պատասխանեց. «Լեհաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակը Եվրոպայի ընդլայնումն է դեպի արեւելք: Այս հարցում Լեհաստանը լրջորեն աջակցում է Ուկրաինային, իսկ Բելառուսի հետ կապված՝ կան խնդիրներ, որտեղ աջակցում ենք դեմոկրատական շարժումներին, աջակցել ենք Վրաստանին: Ուկրաինայի, Բելառուսի եւ Լիտվայի եվրոպական ինտեգրմամբ Լեհաստանը շահագրգռված է, քանի որ սահմանակից երկրների ժողովրդավարական լինելուց անվտանգության առումով կշահի նաեւ Լեհաստանը»: Հիշեցնենք, որ Լեհաստանը Արեւելյան գործընկերության գաղափարի հեղինակն էր, նախաձեռնողը՝ ըստ էության, ինչը հետագայում դարձավ Բրյուսելի քաղաքականությունը: Արեւելյան գործընկերության երկրներում խնդիրների կարգավորումը ձեռնտու է ամբողջ Եվրոպային՝ նշում են լեհերը, եւ բացատրում, որ դրա միջոցով անվտանգության սահմաններն են մեծանում, ու տարածվում է ընդհանուր շուկան:

Եվրոպական միասնական քաղաքականության մասին դեռ վաղ է խոսել՝ նշում է Լեհաստանի նախագահի խորհրդականը, ԵՄ-ն ծանր ընտրության առջեւ է՝ դեպի որ կողմ զարգանա: Մի կողմից՝ ազգայնական միտումները, մյուս կողմից՝ ներգաղթի խնդիրները: Բայց, այնուամենայնիվ, Լեհաստանի իշխանությունը բավական զգույշ է երկրի՝ եվրոտարածքի մուտք գործելու հարցում, եվրոն ճգնաժամ է ապրում, տնտեսական խնդիրները կարող են քաղաքականի վերածվել, ինչպես, օրինակ, Հունաստանում՝ նշում են լեհերը:

Հայաստանցի լրագրողների հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ-ում նույնպես բավական հետաքրքիր էր: Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան Եվրոպայում ԵՄ քաղաքականության հարցերով Լեհաստանի ԱԳՆ-ի բաժնի վարիչ Մաչեյ Ժոխովսկին կարեւորեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության դերը. «Հասարակական կազմակերպությունները կարող են իրենց առաջարկները, դիտողությունները ներկայացնել հենց եվրոպական կառույցներին: Հնարավորությունները շատ մեծ են: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքվող Ասոցացման պայմանագրով Հայաստանը կամրապնդվի տնտեսական տեսանկյունից, դա արդեն ԵՄ-ի հետ համագործակցության սկիզբ կլինի, դա ճանապարհի սկիզբն է ընդամենը: Հուսով ենք, որ նշված ժամկետներում Հայաստանը կավարտի բանակցությունները ԵՄ Ասոցացման պայմանագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրի շուրջ»:

Բայց ի՞նչ երաշխիք կա, որ այդ պայմանագիրը թղթի վրա չի մնա, եւ հերթական բարեփոխումների իրականացման խոստումները չեն մնա ընդամենը որպես խոսքեր: «Ինքնին ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը առանձնահատուկ արվեստ չէ, այլ դրա՝ առօրյայում կիրառումն է կարեւոր: Իսկ այդ պրոցեսի նկատմամբ մոնիտորինգի իրականացում է նախատեսվում, եւ այստեղ իմիտացիաները անհնար են լինելու, ԵՄ-ն հետեւելու է այդ պրոցեսին»,- նշեց Մաչեյ Ժոխովսկին:

ԱԳՆ-ի Արեւելյան դեպարտամենտի Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի վարիչ, Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր նախկին հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը կարեւորեց վիզաների դյուրացման գործընթացը. «Դա կնպաստի մարդկանց տեղաշարժին, իսկ երբ մարդիկ տեղաշարժվում են, շփվում են, առաջ են գալիս նաեւ գաղափարները: Հուսով եմ, որ դա ժամանակի ընթացքում կփոխի մթնոլորտը Հայաստանում, հասարակության ընկալումը կփոխվի»: ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որը շուրջ 2000 էջ է կազմում, եթե իշխանությունների կողմից կյանքի կոչվի, կարելի է հեղափոխություն համարել, բայց արդյոք նրանք այդ կամքը կդրսեւորե՞ն, այսինքն՝ կկիրառե՞ն եվրոպական օրենսդրություն: Պյոտր Իվաշկեւիչն այս առիթով նկատեց. «Երբ գործը հասնի տնտեսությանը, առեւտրին, դա լրիվ այլ հարթություն է: Եթե որեւէ ընկերություն ցանկանա ձեռներեցությամբ զբաղվել Հայաստանում՝ նա պետք է վստահ լինի, որ Հայաստանում հիանալի գործում են դատարանները, որ դատական հնարավոր պրոցեսներն անկողմնակալ են լինելու, որ իշխանական համակարգում չի լինելու կոռուպցիա: Ժողովրդավարությունը նախեւառաջ բիզնեսի ազատությունն է: Այնպես որ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո սկսվելու է հսկողության, մոնիտորինգի պրոցեսը՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների նկատմամբ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Վարշավա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arsinya says:

    Կներք, բայց նկարների իմաստը անհասկանալի է, ինչ է ցանկանում ասել հոդվածի հեղինակը կցելով լեհական սեյմի անցաթղթերի բաժնի գրության կամ ասենք Վարշավայի Երեք Խաչերի եկեղեցու սպիտակ պատի նկարը ???

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930