Այս օրերին մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող ծնողները խուճապի մեջ են. նախ՝ նախադպրոցական խմբի երեխաներին մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներում այլեւս արգելել են հաճախել մանկապարտեզ, բացի այդ՝ նաեւ լուրեր են շրջանառվում, թե շուտով մանկապարտեզները կրկին դառնալու են վճարովի:
«Առավոտի» հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց, որ իր երեխայի մանկապարտեզում ասել են, որ այս տարի մինչեւ 6 տարեկան երեխաներն այլեւս նախորդ տարվա պես՝ մինչեւ հուլիսի 1-ը չեն կարող հաճախել մանկապարտեզ: Ծնողին տեղեկացրել են, որ նման որոշում կայացրել է Երեւանի քաղաքապետարանը՝ մեկ ամիս մանկապարտեզների վճարների հաշվին գումարներ տնտեսելու համար:
Ծնողների մտահոգությունը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը անհիմն համարեց: Տիկին Սողոմոնյանը «Առավոտին» վստահեցրեց, որ քաղաքապետարանը շարունակելու է մանկապարտեզների երեխաների համար վճարումներ կատարել, այսինքն՝ մանկապարտեզները ծնողների համար կրկին անվճար կլինեն:
Ինչ վերաբերում է նախադպրոցական երեխաներին մեկ ամսով մանկապարտեզից զրկելուն՝ գումարներ տնտեսելու համար, տիկին Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես զարմանում են, թե ինչո՞ւ է նման անհասկանալի ալիք բարձրացել: Ինչպես հանրակրթական բոլոր դպրոցներում, այնպես էլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնառության գործընթաց է իրականացվում, որն իր ավարտին է մոտենում՝ մանկապարտեզներում ավարտական հանդեսների տեսքով: Դրան հաջորդում է դպրոցի նախապատրաստական աշխատանքների գործընթացը, որն արդեն ծնողը պիտի օգնի իր երեխային՝ հոգեբանորեն պատրաստել դպրոցին: Այն, ինչ պետք էր՝ մանկապարտեզն արեց իր անելիքը»:
Կարդացեք նաև
Ըստ տիկին Սողոմոնյանի՝ ավարտական՝ «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդեսներից հետո ավագ խմբի երեխաների՝ մանկապարտեզից դուրս գրման գործընթացն է լինելու: Վարչության պետի խոսքերով՝ յուրաքանչյուր մանկապարտեզ՝ ծնողների համաձայնությամբ, իրենք են որոշում՝ երբ ավարտվի երեխաների այցելությունը մանկապարտեզ. «Մի մանկապարտեզում դա կարող է լինել մինչեւ հունիսի 15-ը, մեկ այլ մանկապարտեզում՝ հենց վերջին օրը՝ հունիսի 15-ին: Սա օրենքով է այդպես»:
Ծնողները մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ մանկապարտեզի խմբերում երեխաների թիվը կրճատելու են, եւ 30-ը չպիտի գերազանցի. «Իմ երեխայի խմբում 45 երեխա կա: Եթե որոշեն կրճատում անել, այդ դեպքում այն՝ իրենց պատկերացմամբ «ավելորդ» երեխաներին ո՞ւր են ուղարկելու»:
Այս առնչությամբ էլ վարչության պետն ասաց. «Մենք այսօր աշխատում ենք խախտումով, բայց այդ խախտումը գիտակցորեն ենք արել, այնպես չէ, որ հանկարծ միամիտ որոշեցինք, որ խախտում ենք արել: Երբ սկսվեց անվճարի գործընթացը, սարսափելի հոսք եղավ մանկապարտեզներ, հոսքի արդյունքում գոյացած մեծ թիվը մենք սկսեցինք առաջ տանել: Երբ վիճակագրությունը հաշվեցինք, մինչ անվճարը 19 հազար երեխա էր հաճախում, 2011-ին անվճարի դեպքում՝ 25 հազարի հասավ, հետո՝ 27-29 հազարի, այսօր 31 հազար է, եւ այդ խախտումը գնաց: Իսկ ի՞նչ անեինք, ինչպե՞ս տարբերակում դնեինք՝ ում պահեինք, ում թողնեինք: Երիտասարդ ծնողը գալիս էր աղաչում, ասում՝ աշխատանքս կկորցնեմ, ինչպե՞ս չընդառաջենք: Հետո որոշեցինք դադար տալ, որովհետեւ մի խմբում 45 երեխան կոպիտ նորմատիվային խախտում է, հիմա ուզում ենք բալանսի բերել, այն իմաստով, որ նոր ընդունելության ժամանակ եթե երեխաների թիվը 35-ից անցնում է, այլեւս նման ընդունելություն չանենք, որտեղ 40 կամ 50 երեխա կա, այդպես էլ կպահպանվի: Երեխաներին չենք անհանգստացնի, սթրեսի չենք ենթարկի»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ