Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրոհել կարկուտին կամ նրանից պաշտպանվել

Հունիս 07,2013 14:10

Պաշտպանությունն ամենաուժեղ գրոհն է

Մայիսին իրենց մասին մեզ հիշեցրեցին սպասելի եւ կանխատեսելի երկու դեպք՝ կարկուտի աղետն ու գազի գնի աճը: Վերջինին կանդրադառնանք առաջիկայում: Կարկուտը բնական երեւույթ է՝ խիստ վնասակար գյուղատնտեսական բարիքի արտադրության համար հատկապես: Վնաս է հասցնում եւ ոլորտի աշխատողներին, եւ երկրին, եւ ողջ բնակչությանը: Առաջին հայացքից թվում է, թե հիմնականում վնաս են կրում գյուղատնտեսությամբ զբաղվողները: Սակայն դա բնավ այդպես չէ, քանի որ առանձին վերցրած՝ նրանց հարցը լուծելի է անգամ «կարկատանային» եղանակով. սուբսիդավորմամբ, վարկերի մարման ժամկետի երկարաձգմամբ, պետական կամ այլ օգնություններով, պարտքերով ու հանգանակությամբ, ապահովագրմամբ եւ այլն: Այդ դեպքում նրանք էապես չեն տուժի, բայց կտուժեն երկիրն ու բնակչությունը: Իրոք, ըստ լրատվամիջոցների տվյալների՝ 12. 05.13թ. կարկուտից տուժել է 47 համայնքի ավելի քան 1600 հեկտար այգի եւ մշակաբույս, ավելի քան 25 միլիարդ դրամ (շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ: Ակնհայտ է, ՀՀ բյուջեն այսօր ի զորու չէ հատուցել գյուղացու կրած վնասը: Սակայն, եթե անգամ բյուջեն կարողանա եւ հատուցի վնասը, միեւնույն է, երկիրը, պետությունն ու ժողովուրդն անդարձ կորցնում են 60 միլիոն ԱՄՆ դոլարի բարիք: Սա բնորոշ է «կարկատանային» ամեն եղանակի, նույնիսկ ավելի վատ տարբերակով: Օրինակ, ապահովագրությունը չի կասեցնում բնավ երկիրի, պետության ու ժողովրդի 60 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտի անդարձ կորուստը, սակայն լրացուցիչ վնաս կպատճառի երկրին ու ժողովրդին: Գյուղացին, եթե խիստ ռիսկային ոլորտում մեծ գումարով ապահովագրի իր բերքը, ապա նա իր այդ ծախսը (ինչպես նաեւ ապահովագրական գործակալությունների բազմաթիվ ենթակառուցվածքների հսկայական ծախսերը) հատուցելու է գյուղմթերքների գների բարձրացմամբ: Իսկ դա, մեկ ժամ աշխատանքի վճարի արտասովոր ցածր գնողունակության պայմաններում, լոկ ժողովրդին կմատնի աղքատացման ու սովի՝ լրացուցիչ խթանելով ՀՀ-ից արտագաղթը: Կարծում եմ՝ մեր նպատակն ամենեւին էլ դա չէ: Այսպիսով, «կարկատանային» եղանակները հարցի լուծում չեն, նրանք կարելի է կիրառել մեկ անգամ, այն էլ հիմա՝ հատուցելով գյուղացու կրած վնասը:

Ոչ «կարկատանային» եղանակներն են՝ կամ գրոհել կարկուտին, կամ նրանից պաշտպանվել: Դասական խոսք է, որ «գրոհն ամենաուժեղ պաշտպանությունն է», սակայն շախմատային աշխարհի մեծագույն արքա Տիգրան Պետրոսյանն ապացուցեց, որ ոչ պակաս ճշմարտացի է հակառակ պնդումը՝ «Պաշտպանությունն ամենաուժեղ գրոհն է»: Նախ վերլուծենք գրոհը, որը նշանակում է կասեցնել կարկուտի առաջացումը: Դրա համար պետք է կամ խոչընդոտել կարկուտառաջացման կենտրոնների ձեւավորմանը, կամ առաջացած 1 մմ տրամագծով կարկուտի խոշորացմանը (մինչեւ 2-3 մմ տրամագծով հատիկները մինչ գետին հասնելը օդում հալվում են): Կարկտաձեւավորման տիրույթ են ուղարկվել հակամիջոցներ. արծաթի կամ կապարի յոդիտ են ուղարկում թնդանոթներով կամ ինքնաթիռներով, հիմա էլ ացետոնի կամ պրոպանի պատիճներ են օգտագործվում: Փորձարկվել են եւս ակուստիկ (ձայնային) մրջոցներ, անգամ գերձայնային ինքնաթիռի հարվածային ալիքը: Փորձն ու տրամաբանությունը ցույց են տալիս գրոհային այդ բոլոր եղանակների անարդյունավետությունը եւ օժանդակ ազդեցությունների գրեթե անկանխատեսելիությունը: Եթե մենք մեզ ու մեր մտքին այլեւս չենք հավատում (ինչը, ցավոք, դարձել է ազգային հատկություն), ապա հավատանք այդ ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպության՝ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության մթնոլորտային երեւույթների գիտական ուսումնասիրությունների հանձնաժողովի երկարամյա փորձագիտության հիման վրա հաստատված կարծիքին:

Ինչպես հաղորդվեց, 12.05.13-ին կատարվել է 30 000-ից ավելի կրակոց, յուրաքանչյուրը՝ 6000 դրամ արժողությամբ, այսինքն՝ շուրջ 200 միլիոն դրամի: Ասում են նաեւ, որ ինչ-որ պատճառով ճիշտ ժամանակին չեն կրակել, եթե ճիշտ կարգով կրակեին, ապա վնասը քիչ կլիներ: Ասենք՝ 60-ի փոխարեն կկորցնեինք 24 միլիոն դոլար, բայց կկորցնեինք: ՀՀ-ում տարեկան միջինում 5 անգամ է նման կարկուտ տեղում (Ֆրանսիայում՝ 10 անգամ, Սիբիրում՝ 1 անգամից քիչ եւ այլն), որը հնգապատկում է վնասը, չհաշված գույքի եւ աշխատակազմի ծախսերը: Էկոլոգիական առումով ոչ մի օգուտ չի ուրվագծվում, բայց վնասներ կարող են՝ ծանր ատումների, թթվային կամ այլ թափոնների «անձրեւ», տեղումների տարածական որոշ վերաբաշխում, էկոդինամիկայի խախտում եւ այլն: Հատկապես կարեւոր է վերջինը: Կարկուտի բնութագրիչները կանխատեսելի են, թեպետ զգալի սխալանքով, իսկ նրա վրա ազդելու հետեւանքներն անկանխատեսելի են, այլն էլ՝ արդի բնական ու արհեստական կլիմայափոփոխության պարագայում: Միակ կանխատեսելին էլ այն է, որ կարկտատեղումների քանակը պիտի աճի: Տ. Պետրոսյանի պնդումն այն է, որ «ավելի լավ է կանխել վտանգը՝ զրկվելով լավի ակնկալիքից, քան լավի ակնկալիքով վտանգի ենթարկվել»: Մարդկությունը չորրորդ անգամ է այս կարծիքին հանգում: Առաջին համաշխարհայինից առաջ սկսվեց եւ 3-4 տարի հետո զգացին անարդյունավետությունը: Հետո 25-30 տարվա ընդմիջումով կրկնվեց դա: Կարկուտից պաշտպանվելն ամենաանվտանգն ու հարմարն է, որի միջոցը, ինչպես հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարարը, ցանցապատումն է, սակայն, որը շատ թանկ է (միայն 1 հեկտարի ցանցը կարժենա 12000-20000 ԱՄՆ դոլար): Դա, այնքան էլ թանկ չէ, քանզի արդեն իսկ մեկ հեկտարից ունեցել ենք 5000 դոլարի կորուստ: Դա թանկ է եւ ոչ իրատեսական արդի ՀՀ-ի համար, բայց ոչ ընդհանրապես: Սակայն, եթե պաշտպանիչ ցանցերն արտադրվեն ՀՀ-ում ապակեթելից կամ բազալտեթելից, ապա արժեքը կկազմի 3000 դոլար: Համեմատության համար բերենք որոշ տվյալներ: 1 մմ տրամագծով բազալտեթելի ամրությունը գերազանցում է 2 մմ տրամագծով պողպատելարի ամրությանը եւ նույն երկարության դեպքում շուրջ 10 անգամ թեթեւ է: 1 ծավալով ու 3 մմ լայնությամբ եւ 8 մմ երկարությամբ բջիջներով բազալտեթելի ցանցի մակերեսը 1 հեկտարից ավելի է, իսկ արժեքը չի գերազանցում 3000 դոլարը: Դա այս կարկուտից տուժածի մոտ կեսն է, ուստի թանկ չէ: Ավելին, արտադրողը կարող է հողի մշակին ցանցը տալ ապառիկ՝ ապագա բերքից մաս-մաս վճարելու պայմանով: Դեռեւս 2007թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել շուրջ 6 միլիոն դոլար ցածրատոկոս վարկով բիզնես-ծրագիր, որում ներառված էր նաեւ ցանցերի հարցը: Եթե արտադրվեր միայն ցանց, ապա այդ ներդրման արդյունքում կբավարարվեր տարեկան 10000 հեկտար, իսկ կարկուտից կորած 60 միլիոն դոլար գումարի ներդրման դեպքում կբավարարվեր տարեկան 100000 հեկտար: Ցավոք, ՀՀ էներգետիկայի նախարարությունում դեռեւս մշակված չէր անհրաժեշտ քաղաքականությունն ու հայեցակարգը, կարծես, որոնք 2012-ին արդեն մշակվել են: Դա նշանակում է, որ եթե հակակարկտային ցանցերի արտադրությունն (որը, ըստ վերն ակնարկած բիզնես-ծրագրի, երկրորդական արտադրանք է) ավարտվի, ապա կարտադրվի շինանյութերի, էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության եւ շատ այլ ոլորտների համար լայն տեսականի: Գյուղատնտեսության ոլորտում բացի հակակարկտային ցանցերից, բազալտե ապրանքները պիտանի են նաեւ որպես այգեգործության բոլոր տեսակի հենասյուներ, սառնարան-պահոցների եւ ջերմոցների հենքային շինանյութեր եւ այլն: Այլ կերպ ասած, ներդրումները քամուն չենք տալիս (ինչպես գրոհային եղանակներում), այն մնում է ՀՀ-ում եւ լոկ նպաստում է ՀՀ տնտեսության հզորացմանն ու 21-րդ դարին խիստ համահունչ արտադրությանը: Այս բոլորը գիտաարտադրական ու իշխանական խավերին հայտնի էին անկախացումից առաջ, եւ սկսված էր որոշ գործընթաց: Այն խաթարվեց, որի համար մեղադրել պետք չէ ոչ ոքի, այդպես ստացվել է: Հիմա իրավիճակը հարկադրում է չհապաղել, այլ կերպ մեղավոր կդառնանք:

ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, 

ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Ասլանյան says:

    Հոդվածում բարձրացված հարցերի արդիականությունը կասկած չի հարուցում, իսկ ակնկալիք օգուտի հաշվարկները լավ հիմնավորված են: Անհրաժեշտ է քննարկել ստորջրյա խութերի առկայությունը և, բացակայության պարագայում, հրատապ ներդրման պլան մշակել:
    Գազի գնի թանկացմանը նվիրված մասի հրապարակումը օրակարգային է` պայմանավորված հանրապետության բնակչության լայն հատվածի շահերի ընդգրկմամբ: Առավել ևս, որ այդ մասին բարձրաձայնել է հանրապետության նախագահը` ՀՀ Անվտանգության Խորհրդում:
    Ողջունելի է “Առավոտ” թերթի արագ արձագանքը` հատկապես, եթե հաշվի ենք առնում հրապարակումից հետո հանրապետության տարածքի նոր կարկտահարումները:
    Մի փոքր ուղղում-առաջարկ: Երևի “Գրոհել կարկուտը, թե պաշտպանվել նրանից” վերնագիրն ավելի ճիշտկարտահայտեր հոդվածի էությունը:

    Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

  2. Շուշանիկ says:

    Հոդվածը շատ հետաքրքիր էր, իսկ բարձրացված հարցերը ժողովրդի համար անչափ կարևոր: Պետք է լինել միասնական և ուժեղ, որպեսզի կարողանանք պայքարել բնական երևույթների դեմ:

  3. Տիրուհի Գաբոյան says:

    Կարկուտն իրական աղետ է մեր գյուղտնտեսության համար:
    Ուզում եմ շնորհակալություն հայտնել “Առավոտ” թերթի խմբագրությանը, որ ԶԼՄ-ներից առաջինն էր,որ բարձրացրեց այս հարցն իր լուծմամբ հանդերձ:
    Համաձայն եմ հեղինակի հետ, որ պետք չէ բնության գործերին շատ խառնվել,այլ պետք է պարզապես ապահով պաշտպանվել:Ընդունելի է նաև հոդվածում առաջարկված եղանակը, հատկապես որ այն արդեն իսկ օգտագործված է Եվրոպայում ,ԱՄՆ-ոմ և շատ այլ զարգացած երկրներում:
    Ցավալի է, որ մենք չենք հավատում մեզ, մեր գիտնականներին և պլան կատարելու պես միայն ճառում ենք ու մոռանում զանգ կախել:
    Հույս ունեմ, որ Ձեր թերթը կպայքարի նաև զանգ կախելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930