Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճշտի մեռածները»

Հունիս 07,2013 14:00

Հիմա, երբ Սուրիկ Խաչատրյանն այլեւս նախկին պաշտոնյա է, իմ գնահատականներն ավելի մեղմ են լինելու: Դուք կասեք՝ ինչո՞ւ, մի՞թե նույն այն անձնավորությունը չի, որը զինված ջոկատով «գրավել» է Գորիսի քաղաքապետարանը, ում անունը կապում են բազմաթիվ սպանությունների, ծեծերի, բռնաբարությունների հետ, ով անձամբ եւ իր «թիկնապահներով» հանդերձ՝  սարսափի մեջ էր պահում ամբողջ Սյունիքի մարզը: Այո, խոսքը նույն Լիսկայի մասին է, բայց՝ մի մարդու, որը երեկվանից էապես ավելի քիչ լծակներ ունի՝ շարունակելու իր այդ «գործունեությունը», ինչպես նաեւ իրեն քննադատողների հետ հաշվեհարդար տեսնելու: (Փեսաները հաշիվ չեն՝ նրանց սպառնալիքները նեղ անձնական ոլորտից են): Եթե շարունակենք Սյունիքի նախկին մարզպետի մասին խոսել նույն ոգով, ինչպես խոսում էինք նրա պաշտոնավարության ժամանակ, ապա կնմանվենք այն քաղաքական գործիչներին եւ մեկնաբաններին, որոնք 1998 թվականի փետրվարից հետո աքլորանում էին՝ «նախորդ հանցավոր ռեժիմը» պախարակելով:

Հետեւաբար ժամանակն է խոսել ոչ թե անձերից, այլ արժեքներից: Իսկ տեղի ունեցածի մեկնաբանությունը, ըստ այդ արժեքային համակարգի, հետեւյալն է. «Բուդաղյանները մի քիչ իրենց սխալ պահեցին Սուրիկի հանդեպ, դե, Սուրիկն էլ՝ ճշտի ու թասիբի մեռած տղա, հարցերը լուծեց նամուսով հայ տղամարդու նման»: Հիմա, եթե մի կողմ դնենք մարզպետ լինելու հանգամանքը եւ տվյալ անձնավորության նախկին քաջագործությունները, եկեք խոստովանենք՝ արդյոք այս բացատրությունը ընդունելի չէ՞ Հայաստանի բնակչության մեծ մասի համար: Կրիմինալ, օլիգարխիկ եւ «պաշտոնական» միասնական աշխարհում ընդունված այս նորմերը արդյոք չե՞ն մտել մեր հասարակության ընդհանուր պատկերացումների շրջանակի մեջ: Ում ձեռքին դանակ է՝ մորթում է, ում ձեռքին ինքնաձիգ (օրինակ՝ բանակում)՝ կրակում է: Բա ինչպե՞ս կարող են նրանք ճշտի դեմ գնալ:

Քանի որ հենց այդպիսի տղերքը ոչ միայն մարզպետ են, այլեւ պատգամավոր, օլիգարխ եւ հեղինակություն, այսինքն՝ հասել են կյանքի բաղձալի բարձունքներին, շատ բնական է, որ դեռահասներից, երիտասարդներից շատերը կողմնորոշվում են կյանքի այդ ստանդարտներով եւ արժեքային այդ համակարգով: Նրանց միջավայրի խոսակցության գլխավոր թեման է՝ ով քանի մեքենա, առանձնատուն եւ թիկնապահ ունի: Նրանց ծնողների թեման էլ է նույնը՝ սրանք է՛ս ունեն, է՛ն ունեն, իսկ խեղճ ժողովուրդը…

Ստեղծվել է մի իրավիճակ, որը շատ է հիշեցնում բրեժնեւյան ժամանակները. այն ժամանակ պաշտոնական ամբիոններից խոսվում էր բարձր արժեքներից, պլանի կատարումից եւ գերակատարումից, իսկ բնակչության մեծամասնությունը երազում էր «ցեխավիկ», պահեստապետ, քննիչ, դատախազ կամ ռայկոմի քարտուղար դառնալ ու կյանք վայելել: Այսօր էլ այն, ինչ պաշտոնապես ասվում է հայրենասիրության, ազգային արժեքների կամ, չգիտեմ, նժդեհականության մասին, բացարձակապես «չի բռնում» իրականության հետ: Առաջին հերթին՝ Լիսկայի նման կերպարների շնորհիվ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Հոպար says:

    Կարծում եմ ժամանակն է հասկանալու, որ լիսկան մեղավոր չէ, մեղավոր ենք մենք բոլորս, հայ կոչվածներս: Ժողովուրդ, հասկացեք վերջապես, որ մենք, եթե ոչ բոլորս, ապա մեր գերակշիռ մեծամասնությունը թաքնված լիսկաներ ենք և սպասում ենք մեր ժամանակը գա, որպեսզի մեզ դրսևորենք, որպես լիսկա: Այսօվա լիսկան ոչ երկնքից է իջել, ոչ ռուսը և ոչ էլ թուրքն է ուղարկել մեզ վրա: Մենք ենք ծնել և դեռ շարունակելու ենք ծնել լիսկաներ: Մեկ լիսկա պաշտոնանկ անելով ոչ լիսկաներն են վերանում, ոչ էլ լիսկայությունը: Բնությունը չի հանդուրժում դատարկություններ և անպայման հայտնվելու է հաջորդ լիսկան: Պատճառը? Մեր հոգեկերտվածքն է, մեր իսկ կողմից ստեղծված միջավայրն է, որը մենք լռելյան հանդուրժում ենք: Մեր ազգը այնքան թշվառ է, որ նույնիսկ արժանի ընդդիմություն չունի: Չնայած գուցե ես սխալվում եմ, ընդհակառակը, վերափոխելով հայտնի ասույթը իշխանության և ժողովրդի մասին, կարելի է ասել, որ ամեն ազգ արժանի է իր ընդդիմությանը: Այնպես է ստացվել, որ Հայաստանում միակ ընդդիմությունը և ժողովրդի շահերից խոսողը մնացել է ազատ մամուլը: Հիրավի իսկական ARMCOMEDY-ի մեջ ենք:

    • Ալբերտ says:

      Ողջունում եմ Ձեզ և լիովին համամիտ, ժամանակն է խելքի գանք…

      • gago says:

        …սա ի՞նչ է, որոշու՞մ:Երանի քվեարկությամբ լիներ, ընտրակաշառքով կքվեարկեինք խելքի գալու օգտին ու պըրծ, բոլոր հոռի երևույթները կվերանային:Բայց, եթե լուրջ ապա առաջին քայլը և անահպաղ պետք է դադարեցնել հայկական սերիալները կամ մի գուցե թույլ տալ եթերում հեռարձակել որոշ պայմանների բավարարման դեպքում:Մեր հավաքականի՝ Մալթայից կրած պարտությունից էդքան չեմ ամաչում, ինչքան սերալներում հնչող աղբահոտ խոսակցություններից:Սովետի ժամանակ քաղաքի գրպանահատները, հարկ եղած դեպքում ավելի գրագետ և մաքուր հայերեն էին խոսում:

    • Ruben says:

      Ես հասկանում եմ Ձեզ, սակայն ճիշտ կլիներ անվանել ոչ թե ազգ, այլ՝ ժողովուրդ (զանգված՝ հայկական ազգանունով): Առանց էն էլ ազգից մնացին միայն բեկորները:

  2. Arsinya says:

    Համամիտ եմ, որ պաշտոնականը “չի բռնում” իրականի հետ: Պաշտոնական մեզ ասում են, որ գրեթե 2000 ամյա քրիստոնյա պետություն ենք, բնակչության 90% չգիտի քրիստոնեության հետ կապված տարրական հարցեր, էլ չեմ ասում, թե քանի հայ է Աստվածաշունչը կարդացել, ասում են մենք հին մշակույթի կրող ենք, քաղաքի կենտրոնում ամեն օր բացվում են գիշերային ակումբներ, ամեն տեղից հնչում է հայ երգիչների ադրբեջանական մոտիվներով”գոհարները”, ասում են, մենք ավանդապաշտ, բարոյական ազգ ենք, բայց ամեն օր հայկական սերիալները “գովազդում են”միանգամայն հակառակ մի բան, ասում են, մենք ուսումնատենչ ազգ ենք, բայց մեր ծնողների մի ստվար զանգված զբաղված է չսովորելու դիմաց իրենց զավակներին գնահատականներ գնելով ու հպարտանալով` տղաս կամ աղջիկս իրավաբան է, քաղաքագետ է, բա գիտեք` անվճար է սովորում…Չեմ հասկանում, էս ոնց ու ում հաջողվեց հպարտանալու բազմաթիվ առիթներ ունեցող ազգին այս աստիճան հեռու պահել իր իսկ պատմությունից, մշակույթից, արմատներից…Մեզանից վերցրել են թանկարժեք մի քար ու հիմա տվել են փայփլուն մի պլաստմասի կտոր, մենք էլ երեխայի պես հրճվում ենք դրանով:

  3. harut says:

    Կը ներես Պ Աբրահամեան եթէ խոհեմութիւն կը համարիս ուղղակի Լիսկայի նման հրէշներ ստեղծող
    նախագահի դէմ ուղղակի պայքարիլ պէտք ես շարունակել նոյն թափով (ինչպէս ըրեր ես միշտ) պայքարիլ անիրաւութիւններու եւ մարդասպանութիւններու հեղինակ Լիսկաներու դէմ որոնց գոյութիւնն իսկ այն հողամասին վրայ (ուր բիւրաւոր պարկեշտ մարդիկ կ՜ապրին )աննդունելի է։

  4. ՄԶ says:

    Բայց դեռ վաղ է կոնկրետը թողած ընկնել ընդհանրական մեղքեր քավելու կամ ապաշխարհելու հետևից։ Ոչ մի քարոզ ու ինքնագիտակցություն օգուտ չեն տա , եթե չկա արդարացի ու անխտրական պատիժ ու դատաստան։ Մեղավոր է, դատեք, ու չկարծենք աշխատանքից հանելը պատիժ է։ Հայտնի առակի աչքերը դուրս պրծած գայլի օրնակով են միայն դաստիրակվելու անհայտ ու պոտենցիալ աղվես– լիսկաները։

  5. Ալբերտ says:

    ԺՈՂՈՎՈՒՐԴ ջան ես ստիպված եմ նորից կրկնելու « ԱՄԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՐԺԱՆԻ Է ԻՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ» խոսքերը: Ինձ թվում է ժամանակն է, ահագին էլ ուշացած ենք, կներեք որ ասեմ, ուշադրություններս պետք է շեղենք, մեր ընդհանուր մակարդակի բարձրացման վրա: Չգիտեմ ի՞նչն է պատճառը, որ լավ խոսում ենք, բայց գործում ճիշտ հակառակը: Կաշառակերությունը, խաբեբայությունը, դավաճանությունը, լկտիությունը, ցուցամոլությունը, հույսներս ուրիշի (երկրների) վրա դնելը , ամենքս մեզ ղեկավար զգալը, լավն ու բարին չգնահատելը, քանի գնում այնքան արմատավորվում է մեզ մոտ: Մի քիչ էլ խորանանք կտեսնենք, որ արդեն ոչ թե ՁՕ տարի է, այլ մի քանի հարյուրամյակ է, որ այդպես ենք, ու միշտ տուժել ենք դրանից: Բա ե՞րբ ենք խելքի գալու ու գործելու նորմալ երկրների և ժողովուրդների պես: Ազնիվ, նորմալ մարդիկ շատ կան մեր մեջ, բայց որ նայենք տոկոսային հարաբերությամբ, վատը շատ է: Ղեկավարությունից սկսած,ալեգարխներով դուրս եկած, համարյա բոլորն ունեն ածական անուններ, կրիմինալ անցյալ և ներկա: Ամոթ է, առաջին հերթին դրանց, հետո նաև մեզ, որ հանդուրժում ենք: Ավելի լավ կլինի, որ բարձրաձայնեք այս մասին ու մտածենք դրա կարգավորման մասին: Այս վերջին տարիների Քոչարյան-Սարգսյան համակարգից՝ սպանություններից, լափելուց, բռնություններից ու կեղծիքներից բացի, նորմալ բան, ո՞վ է տեսել կամ լսել: Եթե ՀԿ-ից, ՕԵ-ից ինչ որ մեկը չհամաձայնի, ասեմ որ միայն արտագաղթի չդադարելը արդեն բավարար է, չհաշված այս տիպի լկտի, խայտառակ դեպքերը, աղքատության խորացումը և այլն…. Կցանկանայի նաև իմ շնորհակալական, երախտագիտության խոսքը հայտնել, մեր ազնիվ ու քաջարի մամուլի աշխատակիցներին, որոնց շնորհիվ է, որ էս լկտիները մի քիչ զգաստանում են, չնայած, որ ամոթ ու նամուս բացարձակ չունեն: Ե՞րբ է վերջակետ դրվելու այս խայտառակություններին, որ ապրենք հայ ժողովրդին վայել, նորմալ, մարդկային կյանքով….

  6. Galust Yenokyan says:

    Կարծում եմ որ ներկայիս իրականությունը ամբողջ ԱՊՀ երկրներում, ինչպես եվ հատկապես մեր Հարենիքում հետեվանք է 20 րդ դաի սկզբում Ռուսաստանի ֆեոդալական համակարգը բոլշեվիկյան սստրկատիրական համակարգով փոխարինելու հետ որի տնտեսական հիմքը սկզբում միլիոնավոր աքսորակաների ձրի աշխատանքն էր եվ իհարկե անծայրածիր Ռուսաստանի ընդերքի հարստությունները: Կոմունիտական «Փարավոնի» անկումից հետո 1953 ին Խրուշչով հիմք դրեց նոր ֆեոդալական «Սովատական» համակարգին որը Բրեժնեվը կատարելաքործեց իր «ստագնացիայի» տարիներին… Այս բոլոր հասակական եվ իրարամերժ մշակույթային արժեքները որ կա մեր երկրում արդյունքն է եվ դրական եվ բացասական հարաբէրությունների որ տեղի ունեցան Սովետական երկրում: Մի կողմից Ռուսաստանի բնական հարստությունները օգնեցին սահմանայինն հանրապէտություններին ապահովել քիչ թե շատ տնտեսական ապահով կյանք որը խթանեց մասնավորպէս Հայաստանի գիտության եվ մշակույթի աննախադեպ զարգացմանը, սակայն Բրնեժնեվյան ժամանակաշրջանում ծայր առած «կոմունիստական» կոռուպցիան իհարկե ծաղկեց եվ դրա կարկառուն ժառանգորդ ներկայացուցիչներն են Ռ.Ք եվ Ս.Ս. եվ նրանց հոգեվորդի Լիսկան: Իրականում «Ղարաբաղյան» շարժումը Հայաստանի ֆէոդալական համակարգը չփոխեց, ինչքան էլ նրա ռահվիրաները ձգտում էին «լիբերալ-բուրժուկան» իրավահարաբերություններ հաստատեին: Թերեվս ԿԳԲ ուներ իր պլանները բրեժնեվյան ֆեոդալական կարգը շարունակելու առթիվ…

  7. Արմեն Սարգսյան says:

    Միջավայրը, խոսակցություններն ու արժեքները տարածվել են առաջին հերթին մտավորական համարվող շերտի պատճառով ու մասնակցությամբ: Մեր մտավորական համարվողները ինչ արժեքներ ունեն, ինչ են հակադրում փողի ու պաշտոնի արժեքներին: Ամենաշատը հենց մտավորական կոչվածներն են փողից ու պաշտոնից խոսում, մեկը տեսություններ ա մտածում, որ օլիգարխները մի քիչ փող տան, մյուսը նախկին մարզպետին ա մխիթարում, մեծ մասն էլ նստած տարբեր կաֆեներում սրանից-նրանից են բամբասում: Հիմնական միտքը մտավորական կոչվողների մեծամասնության զրույցներում որ կա, էն ա, որ իրանք խեղճ ու չգնահատված են, որովհետև կա իրենցից հարուստ ու պաշտոնյա մեկը, չնայաց իրանք 7-րդ դասարանում լավ են շարադրություն գրել: Այնինչ 21-րդ դարում չի կարող մտածող ու ստեղծագործող շերտը, որպես դասակարգ, լինի խեղճ, ով ուզում ա պրեզիդենտ կամ մարզպետ լինի: Նախանձ, բամբասանք, ծուլություն… Ըստեղ ինչը գրավի երիտասարդությանը:

  8. Արտակ Գաբրիելյան says:

    Վիճակը մի քիչ ավել կամ պակաս նույնն է հետխորհրդային ամբողջ տարածքում, ու հիմնական գործիքը, որով ներշնչվում, տարածվում ու պահպանվում են այդ արժեքները՝ կրթությունն է: Հայաստանում վիճակը բարդանում է նրանով, որ հասարակագիտական բոլոր առարկաներին, որ նույն ծրագրով ամբողջ խորհրդային տարածքում ծրագրավորում էր մարդկանց, միանում է անհեթեթ ծրագրերով հայ գրականության դասընթացը:
    Մերձբալթյան երկրներն են տարբերվում իրենց արժեքներով, քանի որ նրանց առաջին գործը անկախանալուց հետո դասագրքերը համաշխարհային արժեքներին համապատասխանեցնելն էր: Մեր հասարակության մեջ զարմանալիորեն անտեսվում է կապը կրթության ու կյանքի միջև: Մեղադրում ենք լիսկայից սկսած սերիալներով վերջացրած բոլորին մեր արժեհամակարգի խեղումների համար, չպատկերացնելով, որ արժեհամակարգի ձևավորման առաջնային գործիքը կրթության բովանդակությունն է:

  9. Maxim says:

    Փայլուն մեկնաբանություններ են, որը նույնպես անհրաժեշտ է, բայց հետո ի՞նչ: Նստել տանը և
    վերլուծումներ կատարելը,՝ հաճելի զբաղմունք է, եթե չկա նրան հետևող քայլերը:
    Հունիսի 14-ին ժամը 19-ին ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ Ազատության հրապարակում սպասում է երկրի
    քաղաքացիներին բաց քննարկում և ճանահարհային քարտեզ իրավիճակից դուրս գալու համար:
    Իմ կողմից կասեի, որ ձկան գլուխը հոտած է, և հենց այնտեղից էլ պետք է սկսել, իսկ լիսկաները և
    այլ զիբիլներ, ընդհամենը ձկան փորոտիքն է, որի հերթը անմիջապես հաջորդը կլինի:

  10. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ, մեր դժբախտությունների միակ պատճառն այն է, որ բարի մարդկանց մեծ մասը վախկոտ է: Դեռ Մեծն Ալեքսանդր Մակեդոնացին էր ասում ՝ վախը պետք է հաղթահարել: Պարզապես մենք վախենում ենք: Նրանք՝ այդ օլիգարխները, կրիմինալները և այլն, որքան էլ չար են, որոշ չափով նաև ռիսկ ունեն ու համարձակ են, իսկ մենք (բոլորին չեմ ուզում ընդգրկել) հիմնականում միայն խոսում ենք և վախենում ենք նրանց նկատմամբ որևէ գործողություն անելուց: Լավագույն դեպքում նրանց վնասում ենք միայն այն դեպքում, երբ արդեն մեր կաշվի վրա ենք զգում նրանց լկտիությունը՝ այսինքն երբ նրանք ոտնձգություն են կատարում ասենք՝ մեր գույքի, կանանց և այլնի վրա: Իսկ այս երևույթի ու սրանց նմանների դեմ պետք է ԱՆՀԱՏԱԿԱՆ պայքար մղել:

  11. Ruben says:

    Լուրեր են պտտվում թե իբր Սերժ Սարգսյանը դիմել է ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդին, որ Լիսկային “Գորիսի արծիվների” հետ ուղարկի Սիրիայի եւ Իսրայելի տարանջատման գոտում (Голанские высоты), ավստրիական խաղաղապահների փոխարեն, խաղաղություն պահպանելու:

  12. sergik says:

    մարդու արժեքային համակարգի ձևավորման գործում մեծ դեր է խաղում նրա ընտանիքի հոր վերաբերմունքը ընտանիքի մոր նկատմամբ…կարևոր չէ օլիգարխ է, թե հասարակ քաղաքացի…շատերը ուշադրություն չդարցրեցին Լիցկայի կնոջ խոսքերը ,, թե ինքն անգամ իրավունք չունի եթե լիցկան խոսում է սենյակ մտնի,, նաև լիցկայի բազում սիրային արկածները և այլն….դա երեխաների արժեքային համակարգի ձևավորման հարցում չի կարող դեր չխաղալ….մեկ այլ օրինակ, Դոդի Գագոի օրնակը՝ հակառակը հասարակության մեջ ասում են , որ շատ դաստիրակված, համեստ երեխաներ ունի, իսկ դուք տեսեք թե նա ինչպես է մեծարում իր մորը, կնոջը…..

  13. Համլետ says:

    Արամ,խնդրում եմ գոնե մեկ օրինակ՝ քո հիշատակած ,,բրեժնևյան ժամանակահատվածից,, որտեղ չորսամյա կրթությամբ՝ գող,ավազակ ու բանդիտ,մարդասպան շրջկոմի առաջին քարտուղարը զինված ավազակախմբով գրավեր գործկոմի շենքը,թալաներ մոտ 200 միլիոն դոլարի հարստություն ու ձեռի հետ էլ պարգևատրվեր կառավարական բարձր պարգևներով…Իմ այս դիտարկումը ինձ,քեզ ու մեր սերնդակիցներին պետք չէ,մենք այդ՝ այսօրվա հետ համեմատած՝ երանելի ժամանակները լավ ենք հիշում…Քո հոդվածը կարդում են նաև՝ երիտասարդներն ու դեռահասները ու չէի ուզենա,որ նրանք հանիրավի ատելությամբ լցվեն մեր փառավոր անցյալի հանդեպ ու չիմանան,որ Ռոբի,Սերժի,Նեմեցի,Լֆիկի,Լիսկայի ու նրանց ավազակախմբի բոլոր անդամների տեղը ,,բրեժնևյան ժամանակահատվածում,, միմիայն բանտախուցն էր,կամ էլ՝ էլեկտրական աթոռը…
    Խնդրում եմ օբյեկտիվորեն,հակիրճ՝ պատասխանես իմ մեկնաբանությանը՝ առանց խուճուճ դարձվածքների ու մեկնությունների:
    Շնորհակալություն:

  14. Համլետ says:

    Աննա,Ռուբենին հասցեագրված իմ մեկնաբանության մեջ ո՞ր մասում ,,նկատեցիք,, ստանդարտներին չհամապատասխանող որևիցե տող,կամ՝ բառ…Փաստերը կարելի է ներկայացնել նաև հեգնական տոնով:Այդպես չէ՞…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930