Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորները նեղը գցեցին գյուղնախարարին

Հունիս 07,2013 13:46

«Գյուղնախարարությունը չունի իրավասություններ գյուղատնտեսությունն ամբողջությամբ կառավարելու համար. Մենք կրկին նույն խնդրին ենք հանգում»,- այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2012 թվականի գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հաշվետվությունը բյուջեի կատարողականի ժամանակ ներկայացրել էր փոխնախարարը, պատգամավորները հրաժարվեցին նրան հարցեր տալ`պատճառաբանելով, որ իրենց հարցերին սպառիչ պատասխաններ կտա միայն գյուղատնտեսության նախարարը, ով այդ օրը ինչ-որ պատվիրակության հետ էր զբաղված ու չէր ներկայացել խորհրդարան:
Մինչ Լյովա Խաչատրյանի ելույթը, մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր`Վահագն Մախսուդյանը դիմել էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին`ասելով. «Ձեր հայրենասիրությունը, ձեր մարտական տրամադրվածությունը չի կարողանա արդյունքների բերել, քան համակարգային փոփոխությունները, լավ է, որ ասեցիք, որ գյուղատնտեսության մասին օրենքը կբերվի խորհրդարան»:

ԲՀԿ-ական պատգամավորի հարցն էլ վերաբերվում էր գյուղատնտեսության ոլորտում արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերին, որոնք հիմնականում թերակատարվել են: «Եթե գյուղնախարարությունը հռչակել ենք գերակա, ուրեմն որոշակի արտոնություններ պիտի տանք: Թե չէ մենք մեր հնարավորությունները թողած հույսներս դրել ենք արտասահմանյան դրամաշնորհների վրա, որոնք հիմնականում թերակատարվում են»,- բարկացավ ԲՀԿ-ական պատգամավորը: Նախարարն ասաց, որ իրենք պատասխանատու են այն ծրագրերի համար եւ խոսում են այն ծրագրերի մասին, որոնք կատարել է գյուղնախարարությունը եւ որոնք իր ենթակայության տակ են:
Լյովա Խաչատրյանն էլ վրդովվեց. «Իֆադը»-ը իրանը չի, էս իրանը չի, մյուսն իրանը չի, միայն ինտուզիազմով, բարի ցանկությամբ բավական չէ գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Շարունակ շփվում ենք այն խնդրի հետ, որ ստեղ չկրակեցին, որովհետեւ զապռավկա արած չէր, չսրսկեցին, չգիտեմ ինչ եղած չէր: Եթե դուք եք ղեկավարում գյուղատնտեսությունը, ինչն է պատճառը, ինչ է` ՕԵԿ-ին այդքան քվոտա չի՞ հասնում, որ բյուջեից փող տան»: Պատգամավորը հետաքրքրվեց` նախարարը չի՞ կարծում, որ գյուղատնտեսությունը կառավարելու համար պետք է ամբողջական լիազորություն: Նախարարն ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի դժգոհությունների ընդամենը հակադարձեց. «Հա որ «Իֆադն»-ն իմը չի, ասե՞մ իմն ա»: Լյովա Խաչատրյանն ուղիղ հարցը ձեւակերպեց`ձեզ բավարարո՞ւմ է ձեր լիազորությունները: «էսօր ինչ որ կա իմ համար բավարար ա, ես էսօր էղածով կառավարում եմ»,-հայտարարեց նախարարը:
ԲՀԿ-ական պատգամավորներին մնում էր զարմացած դեմքով նայել միմյանց ու ուսերը թոթվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930