Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼ ՊԼՅՈՒՍ

Հունիս 07,2013 13:44

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ հինգերորդ

ՖՈՒՏԲՈԼ ՊԼՅՈՒՍ

Չնայած էս վերջերս  բորբոքված ֆուտբոլային կրքերը դեռեւս շարունակվում  են, էսքանով ուզում եմ ֆուտբոլային թեման ժամանակավորապես դադարեցնել՝ հավատալով ու հուսալով, որ հայոց ֆուտբոլը հետագայում էլ իր մասին խոսելու առիթներ կտա,  որովհետեւ մեզանում արդեն՝ մանավանդ էս վերջին օրերին ֆուտբոլով են ապրում ու շնչում նաեւ նրանք՝ ովքեր երբեւէ ֆուտբոլով չեն ապրել ու շնչել, եւ հենց էս պահին, երբ էս բաներն եմ գրում, «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը զրուցում է ֆուտբոլի մասնագետների եւ  Հայաստանի հավաքականի ցավքաշների հետ, ավելի ճիշտ՝ սա երեկվա հաղորդման կրկնությունն է, եւ Արամի էս զրույցները երեկ երեկոյան «Վիվարոյում» արդեն տեսել ու լսել եմ, եւ արդեն Արամի հետ կապված գրազ էլ եմ կրվել, որովհետեւ երբ «Վիվարոյի» խաղընկերներիցս Վաչոն ինձ ասաց, որ Արամ Աբրահամյանը նաեւ «Շանթում» է աշխատում, ես հետը գրազ եկա, պնդելով, որ Արամը «Շանթի» հետ որեւէ կապ չունի, եւ երբ կողքից վկայեցին, որ Արամն անցած կիրակի էլ է էս «Կիրակնօրյա Շանթը» վարել, եւ երբ Արամն ինքն էլ  եթերից ազդարարեց, որ եթերում «Կիրակնօրյա Շանթի» հերթական թողարկումն է, ես հասկացա, որ գրազը կրված եմ, եւ չնայած չէինք ճշտել՝ ինչի վրա ենք գրազ եկել, ես չափազանց անհարմար վիճակում էի, որովհետեւ Վաչոն ու ուրիշներն արդեն գիտեին, որ Արամն էս «Կիրակնօրյա Շանթն» է վարում, իսկ ես, ահա, նոր-նոր էի իմանում, էն էլ՝ գրազը տանուլ տալուց հետո, եւ Վաչոն գրազը շահելուց հետո զարմացած ասաց՝ «մարդ է՞լ չիմանա՝ իրա խմբագիրը որտեղ ա աշխատում», եւ Խչոն ասաց՝ «Շեկոյանն ամբողջ օրն էստեղ ա. ո՞նց կարա իմանա՝ ով որտեղ ա աշխատում», եւ Վաչոն ասաց՝ «որ ամբողջ օրն էստեղ ա, բա ե՞րբ ա իրա էդ վեպը գրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ վեպն աշխարհի ամենաերկար վեպն ա», եւ Խչոն արհամարհական նայեց Վաչոյին ու հարցրեց՝ «կարող ա՞ աշխարհի սաղ վեպերը կարդացել ես», եւ Վաչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ավելի երկար վեպ  գրած ըլնեին, դժվար թե չիմանայինք», եւ Խչոն նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ դու չես էդ վեպը գրում, ա՛յ ախպեր», եւ Վաչոն Խչոյին ասաց՝ «որ ինքը չգրեր, ինչի՞ պիտի էդ վեպի հետ իրա ֆոտոն տպեին», եւ Խչոն ասաց՝ «որ ինքն ա գրում, բա ո՞նց չգիտի, որ իրա խմբագիրը  «Շանթում» էլ ա աշխատում», եւ Վաչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որտեղի՞ց պիտի իմանար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարող ա՞ իրա խմբագիրն իրան ատչյոտ ա տալու», եւ Խչոն Վաչոյին հարցրեց՝ «բա դու որտեղի՞ց գիտես. կարող ա՞ քեզ ա ատչյոտ տվել», ու էդ պահին եթերում Նիկիտա Սիմոնյանն էր, եւ Սիմոնյանը Հայաստանի հավաքականի էս վերջին հաջողություններից էր խոսում, եւ Սիմոնյանից հետո Արամն անձամբ անդրադարձավ էդ հաջողություններին, ու ես ոչ էնքան Արամի՝ «Շանթում» աշխատելու հանգամանքի վրա էի զարմացած, ինչքան էն հանգամանքի, որ Արամը «Շանթում» աշխատելով՝ ֆուտբոլին  ու մասնավորապես հայկական ֆուտբոլին է անդրադառնում, որովհետեւ Արամին հնարավորինս ճանաչելով՝ գիտեի, որ ինքն առանձնապես ֆուտբոլասեր չի ու երբեւէ ֆուտբոլով չի ապրել, ու մինչեւ վերջերս էլ ֆուտբոլով չէր ապրում, բայց Արամն ահա իր էս ֆուտբոլային «Կիրակնօրյա Շանթն» էնպիսի պրոֆեսիոնալ մակարդակով սկսեց ու մինչեւ վերջ շարունակեց, որ որեւէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Արամն իր ամբողջ կյանքում ֆուտբոլի թեմայով էնքան չէր խոսել՝ ինչքան էդ իրիկուն խոսեց, եւ «Վիվարոյի» խաղընկերներս էլ էին զարմացած Արամի ֆուտբոլային իմացությունից ու պատրաստվածությունից, եւ երբ Արամի ֆուտբոլային իմացության մասին իրենց հիացմունքն ինձ հայտնեցին, ես էլ իմ կողմից հաստատեցի, որ Արամն իսկապես ֆուտբոլի գիտակ է, որովհետեւ ինձ համար  իսկապես հաճելի էր, որ խաղընկերներս խմբագրիս ֆուտբոլային իմացության վերաբերյալ էդքան բարձր կարծիք էին կազմել, եւ եթե նույնիսկ իրենց հակաճառելով՝ էդ պահին Արամի ֆուտբոլային գիտելիքների ու պատրաստվածության մասին հակառակ կարծիք հայտնեի, միեւնույն է, ինձ չէին հավատալու՝ էնքան որ հիացած էին, եւ եթե իրենց ասեի ու գաղտնազերծեի, որ Արամը մինչեւ անգամ Սլովակիա-Հայաստան էդ ամենասենսացիոն խաղը չէր նայել, առավել եւս չէին հավատալու, ու էդ էր պատճառը, որ խաղընկերներիս հիացմունքը լռելյայն կիսելով՝ ոչինչ էլ չասացի, ու էս մասին ընդհանրապես կարող էի չգրել, բայց քանի որ խոսք գնաց էս վերջին ամիսներին մեզանում արթնացած ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությանը, չէի կարող չնշել, որ եթե արդեն Աբրահամյան Արամն էլ է  ֆուտբոլով ապրում ու շնչում, կնշանակի՝ ֆուտբոլի  հանդեպ հետաքրքրությունը մեզանում գագաթնակետին է հասել, եւ ֆուտբոլի մասսայականության առումով ավելին հնարավոր էլ չէր պատկերացնել, եւ առավել եւս ձեր խոնարհ ծառան ավելին չէր կարող պատկերացնել, որովհետեւ մինչեւ վերջերս Արամի հետ ամեն ինչի մասին հնարավոր էր խոսել՝ ֆուտբոլից բացի, եւ հիմա՝ էս «Կիրակնօրյա Շանթի» կրկնությունը նայելուց ու լսելուց հետո արդեն մտածում եմ, որ սրանից հետո հեռուստադիտող ֆուտբոլասերներն Արամին նաեւ որպես  ֆուտբոլի մասնագետ ու մարզական լրագրող են ճանաչելու ու գնահատելու, եւ եթե իր էս հաղորդման սկզբում մտածում էի, որ Արամն օրվա ու հասարակական պահանջով է ֆուտբոլի թեման ընտրել, հիմա՝ իր էս հաղորդումը երկրորդ անգամ տեսնելուց ու լսելուց հետո արդեն մտածում եմ, որ մյուսներիս պես Արամն էլ է արդեն ֆուտբոլով ոգեւորվում ու ոգեշնչվում, չնայած, հենց հիմա հիշեցի նաեւ, որ Արամն իր խմբագրական սյունակում առնվազն երկու անգամ ֆուտբոլին անդրադարձել է. առաջին անգամ Ֆալյանին ու Ֆալյանի հետ կապված մեր երախտամոռությանն էր անդրադարձել, եւ երկրորդ անգամ անդրադարձել էր Մարգարովին ու Մարգարովի հետ կապված մեր երախտամոռությանը, ինչպես նաեւ՝ Մարգարովի գերհամեստությանը, եւ եթե Ֆալյանի ու մեր ֆուտբոլում Ֆալյանի նշանակության մասին Արամը հիմնականում իմ պատմելով գիտեր, Մարգարովի համեստությունն անձամբ էր տեսել Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականների՝ Ղարաբաղի ու Ադրբեջանի  շփման գծում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, եւ շփման գծում տեղի ունեցած էդ հանդիպումն ու Ֆալյանի մասին իմ պատմածներն էնքան էին տպավորվել, որ ահա երկու անգամ խմբագրական իր սյունակն ամբողջովին ֆուտբոլին էր նվիրաբերել, չնայած, հնարավոր է, Արամն էդ երկու անգամն էլ թեմաների քչության պատճառով ֆուտբոլին անդրադարձած լիներ, եւ սա արդեն իմ իսկ փորձից եմ ասում, որովհետեւ ժամանակին ինքս էլ տարբեր թերթերում խմբագրականներ եմ գրել եւ թեմաների քչության պատճառով բազմիցս եմ չսիրածս թեմաներով գրել, բայց Արամի էս «Կիրակնօրյա Շանթը» հաստատ էդ դեպքերից չի, եւ չնայած ֆուտբոլային էս վերջին իրադարձությունների ընթացքում Արամին չեմ տեսել, համոզված եմ, որ էս մի քանի օրվա մեջ ինքն էլ է մեզ պես ֆուտբոլասեր դարձել, եւ Արամի դեպքում Համբարձումյան Ռաֆոյի առաջարկած ցավքաշ բառը չեմ օգտագործում, որովհետեւ էդ բառն Արամին հեչ չի սազում, եւ, որ ճիշտն ասեմ, էդ բառը ոչ մեկիս էլ առանձնապես չի սազում, բայց մեր ունեցած ֆուտբոլասեր բառն էլ ընդհանրապես չի համապատասխանում ռուսերեն болельщик բառի էությանն ու բովանդակությանը, եւ վաղուց ժամանակն է, որ մենք մեզ արժանի ու մեզ սազական մեր բառն ունենանք, ընդ որում՝ ցավքաշ բառից միանգամայն տարբեր, որովհետեւ Ռաֆոյի էդ ցավքաշ բառն էդպես էլ կյանք չունեցավ եւ ժողովրդի կողմից չօգտագործվեց, եւ նմանապես Ռաֆոյի առաջարկած չրթոնն անզոր գտնվեց փոխարինել մեր կողմից շարունակաբար օգտագործվող սեմուշկային, եւ չնայած Ռաֆոն իր էդ հոդվածից ամիսներ անց ոգեւորված պնդում էր թե՝ իր էդ երկու նորաբանություններն էլ արդեն օգտագործվում են ժողովրդի կողմից, հիմա արդեն նույնիսկ ինքը կխոստովանի, որ իր էդ երկու նորաբանություններն էլ հավասարապես կյանք չունեցան՝ լինելով ու մնալով ընդամենը բարի ցանկություններ, բայց հիմա, երբ հայկական ֆուտբոլը վերածնության որոշ նշաններ է ցույց տալիս, ժամանակն է, որ մենք ռուսերեն էդ болельщик բառի լիարժեք ու կենսունակ համարժեքը ստեղծենք եւ ունենանք, եւ եթե յոթանասունականների սկզբներին՝ մեր ֆուտբոլի առաջին  վերելքի տարիներին էդ բանը զլացանք անել, հիմա արդեն պարտավոր ենք՝ ոչ միայն էն պատճառով, որ վաղուց արդեն անկախ երկիր ենք, այլեւ էն պատճառով, որ անկախ լինելով՝ համարյա ռուսներին  հավասար խաղում ենք ֆուտբոլ կոչվող էս անհասկանալի ու անվերծանելի խաղը, որը, ինչպես եւս մեկ անգամ հասկացանք, բոլորն են հասկանում ու վերծանում՝ յուրաքանչյուրը յուրովի, եւ եթե ռուսներն ու մյուսները միլիոնավոր դոլարներ ստանալով են էդ խաղը խաղում, մերոնք ամենահամեստ աշխատավարձով են էդ նույն խաղը խաղում՝ միանգամայն թանկ  հաճույք պատճառելով հայ ֆուտբոլասերներին, եւ հիմա էս ամենը գրելով՝ շարունակաբար Աստված եմ կանչում, որ երկու տարի անց, երբ  էս հատվածս «Առավոտում»  տպագրվի, մերոնք շարունակեն լավ խաղալ՝ ուրախություն պարգեւելով մեր ֆուտբոլասերներին:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել