Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքից այսօր գազի սակագնի բարձրացման համար բողոքող քաղաքացիները իրենց բողոքի ակցիան շարունակեցին Բաղրամյան 26-ում:
Մինչեւ նախագահական նստավայր բարձրանալը «Եկեք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ-քաղաքացիները պահանջում էին հրապարակել քննարկման մասնակիցների ցուցակը՝ պնդելով, «թե չէ կմտնենք ներս»: Նրանց անունները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցուցակում չկային:
Իրենց մասնակցությունը խոչընդոտելուց դժգոհ քաղաքացիները նախ նստեցին հանձնաժողովի շենքի դիմաց: Հետո սկսեցին վիճել ոստիկանների հետ, որոնք ակտիվիստներին մի կողմ էին հրում, որ լրագրողները կարողանան ներս մտնել:
Ակտիվիստներն ավելի ուշ վիճեցին նաեւ հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեեփանյանի հետ՝ նրան հեգնելով. «Ձեզ դրել եք առաջին տիկնոջ տեղը, հա՞, ինչո՞ւ թույլ չեք տալիս, մասնակցենք»:
Կարդացեք նաև
Հետո սկսեցին նաեւ կատակել. «Աթարը կդառնա ազգային վառելանյութ»: «Եկեք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ կատակեց. «Աթարի սակագինը հաջորդ բարձրացման առարկան է»:
«Հայաստանի հակաժողովրդական իշխանությունները, որոնք սերտ համագործակցության մեջ են քրեաօլիգարխիկ տարրերի հետ, այսօր հերթական անգամ փորձ են անում թանկացնել ժողովրդի հանապազօրյա հացը՝ երկրում գների արհեստական աճ նախաձեռնելով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտադրված կատարում է քաղաքական պատվեր եւ օրինականացնում է իշխանությունների պահանջը: Հանձնաժողովը չի հանդիսանում քաղաքացիների շահերը պաշտպանող կառույց, չի ապահովում թափանցիկ գործունեություն եւ արհամարհում է քաղաքացիների կողմից ներկայացված բողոքները, որ կատարվում է հանցագործություն… Նման պայմաններում հանձնաժողովն իրավասու չէ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ընդունել որոշումներ՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման մասին»,- ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Ավելի ուշ, երբ քաղաքացիները հասան նախագահական նստավայր, նրանք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից իրենց դժգոհությունները գրավոր եւ քաղաքացիների ստորագրություններով ուղարկեցին նախագահին՝ պահանջելով հանձնաժողովի հրաժարականը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները շուտով տեսանյութում