Լրահոս
Օրվա լրահոսը

Զ. Փոստանջյանը՝ Սյունիքի դեպքերի և իր աշխատավարձից «պահումների» մասին (Տեսանյութ)

Հունիս 07,2013 13:15

«Զինդատախազի գործողությունների ու հայտարարությունների մեջ տեսնում եմ հանցակազմ»,- «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած դեպքերին այսպես արտահայտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Միջադեպի հետ կապված ՀՀ կառավարության կայքէջում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ նա երկու հարց է հղել ՀՀ վարչապետին, բայց դեռ պատասխան չի ստացել: Մասնավորապես նա նշեց, թե չունենք տեղեկատվություն, թե ի՞նչ է նշանակում մարզպետի լիազորությունների ժամանակավոր դադարը, դիմումն ինչպե՞ս էր ձևակերպված, ո՞րն էր հիմնավորումը:

Տիկին Փոստանջյանն անօրինական է համարում այն, որ կառավարության կայքէջում տեղադրվել է տեղեկատվություն, որտեղ իբր թե վկաները պարզաբանում են Սուրեն Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցածի տեսաձայնագրությունը: Զ. Փոստանջյանը կարծում է, որ այդ տեղեկատվությունն անհապաղ պիտի հանվի:

Ըստ Զ. Փոստանջյանի՝ Ս. Խաչատրյանը, որն այժմ գտնվում է ազատության մեջ, հասարակության համար լուրջ վտանգ է ներկայացնում. «Սուրեն Խաչատրյանի տնից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք զինամթերք, նա արել է բռնության կոչեր և այլն: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ գոնե այդ առումով  պիտի նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեր: Նա, մնալով ազատության մեջ, խոչընդոտում է նախաքննությանը և հանրորեն կարող է վտանգ հանդիսանալ այլոց նկատմամբ»: Արդյոք այս պարագայում կարելի՞ է վստահել նախաքննության մարմնին և կարելի՞ է հաջողություն ակնկալել, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Սուրեն Խաչատրյանը, ով տասնինը միլիոն դոլար է գրպանել ՀՀ քաղաքացիներից հանքի շահագործման արդյունքում, ով կեղծում է ընտրությունները, նրա հետ կապված գործում հաջողության հասնելը միանգամից դժվար է, ուղղակի պիտի հետևողականորեն պայքարել»:

Այն, ինչ կատարվում է վերոնշյալ միջադեպի առիթով՝ ըստ Զ. Փոստանջյանի՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ կերպ փորձում են իրենց նախաձեռնությամբ շեղել նախաքննության ողջ ընթացքը:Նա մարզպետի տան շրջակայքում կատարվածի մասին պատմող տեսանյութին գնահատական չտվեց՝ նշելով, որ իր կարծիքը կարող է հայտնել, երբ ծանոթանա քրեական դատավարության բոլոր նյութերին:

Ներքաղաքական զարգացումներին գնահատական տալով էլ տիկին Փոստանջյանն ասաց. «Օրեցօր հասկանում ենք, որ իշխանությունը փլատակ է ու քանդվում է: Այսօր իրականում մենք փլատակների վրա ենք»:

Այն մասին, թե արդյոք իր աշխատավարձից պահվել է ԱԺ հատուկ նիստին չմասնակցելու համար, Զ. Փոստանջյանն ասաց.  «Այո, պահվել է, ուստի գրավոր դիմել եմ, որ ինձ պատասխանեն, թե ինչի համար են պահել աշխատավարձիցս, որ օրվա համար են պահել: Տեսնենք, եթե հատուկ նիստի համար են պահել, ապա պատրաստվում եմ դիմել դատարան, քանի որ դա անօրինական է: Եթե հիշում եք՝ ԱԺ նիստում, երբ օրակարգում ներառված էր նաև հատուկ նիստի մասին կետ, այդ օրը պարոն Շարմազանովը անընդհատ անջատում էր խոսափողը, ուստի մեզ զրկել են մեր իրավունքից, որ արտահայտվենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930