Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Ստամբոլցյան. Ծրագիրը շքեղ է լինելու, հյուրերի կազմը ներկայացուցչական

Հունիս 07,2013 12:55

«Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանն այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում ներկայացրին «Ոսկե Ծիրան» 2013-ի արտամրցութային ծրագրերը` «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Երեւանյան պրեմիերաներ» եւ խոսեցին քույր փառատոններից:

Միքայել Ստամբոլցյանը մասնավորապես նշեց. «Լրագրողներին միշտ հետաքրքրում են արտամրցութային ծրագրում տեղ գտած ֆիլմերը եւ անվանի հյուրերը, դրա համար այս անգամ դրանից կխոսենք, իսկ հաջորդ ուրբաթ մրցութային ծրագրից: Այս տարին «Ոսկե ծիրանի» համար հոբելյանական է, դրա համար աշխատել ենք, որ ծրագիրը շքեղ լինի, պատվավոր հյուրերի ցանկն էլ՝ ներկայացուցչական»:

Սուսաննա Հարությունյանը խոսեց ասիական Կանն համարվող Պուսանի փառատոնից, Ռոտերդամից եւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրից:

«Արդեն քանի տարի է «Ոսկե ծիրանը» ջերմ հարաբերություններ է հաստատել Ռոտերդամի եւ Պուսանի փառատոնների հետ: Երկու փառատոնների հետ 2006-ից կնքվել է համագործակցության հուշագիր, այդ երկու փառատոնները մեզ դիտարկում են որպես կապող օղակ այս տարածաշրջանի հետ»,-փաստեց նա: Տիկին Հարությունյանը նաեւ հավելեց, որ «Ոսկե ծիրանին» ներկա կլինի Պուսանի փառատոնի նախագահը, ու կցուցադրվի այս տարի այդ փառատոնում գլխավոր մրցանակ ստացած Թամարա Ստեփանյանի ֆիլմը: Ռոտերդամի փառատոնի հաղթած ֆիլմերը անպայման կլինեն «Ոսկե ծիրանին»:

Տաթեւիկ Մանուկյանն էլ խոսեց «Երեւանյան պրեմիերաներից». «Այս տարի հատուկ տեղ է գրավել սկանդալային կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի «Դրախտ» եռապատումը: Շատ ուրախ ենք հյուրընկալել նրան, ինքն էլ կներկայացնի իր եռապատումը: Զայդլին հիշում եք «Ոսկե ծիրան-7» փառատոնից, որտեղ նա ստացավ «Ոսկե ծիրան»: Ինչ վերաբերում է Մարգարեթե ֆոն Տրոտային, Մանուկյանի ասելով, նա իր կարիերան սկսել է իբրեւ կինոդերասանուհի, իսկ այժմ համարվում է գերմանական նոր կինոյի կին ռեժիսորներից մեկը:

«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Յոս Ստելինգի «Աղջիկը եւ մահը», Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ», Մարգարեթե ֆոն Տրոտայի «Հաննա Արենդտ» ֆիլմերը, Ուլրիխ Զայդլի «Դրախտ» եռերգությունը, Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունքը»: Ի դեպ, Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին իբրեւ պատվավոր հյուրեր ներկա կլինեն փառատոնին եւ անձամբ կներկայացնեն իրենց ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն մեծանուն հայորդիներ Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները, իսկ «Հետահայաց ցուցադրություններում»՝ Շարլ Ազնավուրի, Սթիվեն Ֆրիրզի, Իշտվան Սաբոյի, Պիետրո Մարչելոյի, Ռեզո Չխեիձեի ֆիլմերը:

Անդրադարձ եղավ նաեւ վրացական կինոյի ծրագրին, որտեղ ընդգրկված են հին ու նոր ֆիլմեր: Վերջինիս շրջանակում եւ ստեղծագործական խմբի մասնակցությամբ կտոնվի Գեորգի Դանիելյանի «Միմինո» ֆիլմի ստեղծման քառասնամյակը:

Հավելենք, որ «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930