Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք»

Հունիս 07,2013 12:57

Հատված «Փաստինֆո» գործակալությանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանի հարցազրույցից:

-Հանձնաժողովի եզրակացությունները, մասնավորապես ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի մասով, միանշանակ չընդունվեցին հանրության կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ցանկացած նորմալ հասարակությունում ցանկացած հարցի վերաբերյալ միշտ էլ լինում են տարբեր մոտեցումներ և դա բնական է: Կարծում եմ՝ հասարակությանը մտահոգող հարցերի բաց քննարկումն այն ճանապարհն է, որը տանելու է դեպի առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման: Սակայն նման դեպքերում կարևոր է, թե քննարկման մասնակիցները քննարկում են առկա փաստերի համադրությունը օրենքի պահանջների հետ, թե համադրում են իրենց նախապես ունեցած համոզմունքները հանձնաժողովի եզրակացության հետ: Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պարտավոր է որդեգրել առաջին տարբերակը՝ և համադրել առկա փաստերը օրենքի պահանջների հետ, ինչը և արել է իր եզրակացության մեջ: Առաջնորդվել երկրորդ մոտեցմամբ այն է՝ իր եզրակացությունները կառուցել հասարակական ակնկալիքների վրա հանձնաժողովը ուղղակի չի կարող: Եվ եթե նույնիսկ կարողանար էլ, կարծում եմ դա կլիներ այս հանձնաժողովի որպես կառույց ոչնչացման ամենակարճ ճանապարհը: Եթե ուսումնասիրելու լինենք որևէ այլ պետությունում նմանատիպ կառույցների կայացման պատմությունը կտեսնենք, որ միշտ էլ որոշ ժամանակ է պահանջվում դրանց կայացման համար և երբեք դրանց գործունեության արդյունքները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից:

-Ի վերջո, ի՞նչ է եզրակացրել հանձնաժողովը ՊԵԿ նախագահի և Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթի արդյունքում:

-Նախ ասեմ, որ եզրակացություններում հանձնաժողովը իրեն առաջադրված հարցերը փորձել է համակողմանի քննարկման ենթարկել, ինչ արդյունքում մենք ունենք մի դեպքում 14, իսկ մյուս դեպքում 9 էջից բաղկացած եզրակացություններ: Փորձեմ դրանք ներկայացնել հնարավորինս խուսափելով իրավաբանական ձևակերպումներից: ՊԵԿ նախագահի մասով հանձնաժողովը ստացել էր համարյա նույնաբովանդակ դիմումներ «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից և քաղաքացի Ռ. Նիկողոսյանից: Երկու դիմումատուներն էլ ներկայացրել էին մամուլի որոշ հրապարակումներ որոնցում պնդում կար, որ մի շարք ընկերություններ պատկանում են ՊԵԿ նախագահին: Դիմումատուները խնդրել էին հանձնաժողովին պարզել թե արդյոք այդ հրապարակումները համապատասխանում են իրականությանը և եթե այո, ապա արդյոք դրանց առնչությամբ ՊԵԿ նախագահը չի գտնվում շահերի բախման իրավիճակում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը որդեգրել է գործողությունների շատ պարզ տրամաբանություն՝

1. Պարզել թե ում են պատկանում դիմումներում նշված ընկերությունները,

2. Ի պաշտոնե ինչ առնչություն է ունեցել ՊԵԿ նախագահը այդ կազմակերպությունների հետ, և վերջապես

3. Համադրել ստացված փաստերը օրենքի պահանջների հետ:

Մի շարք գերատեսչություններից և անձամբ ՊԵԿ նախագահից ստացված փաստերից պարզ դարձավ, որ նշված ընկերություններից ոչ մեկը չի պատկանում ՊԵԿ նախագահին, ավելին՝ դիմումներում նշված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Այստեղ պետք է պարզաբանել, որ «պատկանել» եզրույթը հասարակության մեջ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն համաձայն գործող օրենսդրության պատկանել նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է տվյալ ընկերության հիմնադիր կամ մասնակից: Սակայն այստեղ առաջանում է երկրորդ խնդիրը՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու համար պարտադիր չէ, որ ընկերությունը պատկանի պաշտոնատար անձին, այն կարող է պատկանել նաև նրան հետ փոխկապակցված անձի: Եվ իսկապես դիմումներում նշված ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք: Սակայն ազգակցական կապը դեռևս չի նշանակում, որ մենք գործ ունենք փոխկապակցված անձի հետ: Այստեղ նույնպես հայ հասարակության մեջ կարող են լինել բազմաթիվ մոտեցումներ, սակայն այս առումով օրենքը հստակ սահմանում է փոխկապակցված անձանց շրջանակը: Եվ փաստերը համադրելով օրենքի սահմանումների հետ մենք ունենք այն իրավիճակը, որ նշված ընկերություններից միայն երկուսն էին, որ պատկանում էին ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձանց, այն է՝ նրա զավակներին: Այս երկու ընկերությունների մասով էլ ոչ դիմումներում և ոչ էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ կվկայեին, որ ՊԵԿ նախագահը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ ինչը պարտադիր պայման է շահերի բախման իրավիճակում գտնվելու փաստը արձանագրելու համար:

Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթին ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը իր դիմումում, հղում անելով Վանաձորի քաղաքապետի լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցին, նշել էր, որ իր կարծիքով քաղաքապետը որոշ արտահայտություններ անելով հարգալից վերաբերմունք չէր դրսևորել քաղաքացիների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետը իր բացատրություններում ընդունել էր, որ իսկապես ոչ տեղին արտահայտություն է թույլ տվել և հայցել էր քաղաքացիների ներողամտությունը: Հանձնաժողովը գտել է, որ իսկապես նշված արտահայտությունը կարող է վիրավորական հնչել, սակայն հանձնաժողովը նաև հաշվի էր առել այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետը նշված հարցազրույցի հենց հաջորդ օրը փորձել էր հրապարակային ներողություն հայցել այն քաղաքացիներից ովքեր կարող էին վիրավորվել նրա ոչ տեղին արտահայտությունից: Համադրելով բոլոր փաստերը հանձնաժողովը գտել էր, որ Վանաձորի քաղաքապետի գործողությունների շղթան տեղավորվել է էթիկայի կանոնների շրջանակում, սակայն հարցը փակված համարելու համար առաջարկել էր քաղաքապետին աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել քաղաքացիներից: Ավելացնեմ, որ այս վերջին առաջարկը պարտադիր բնույթ չուներ քաղաքապետի համար, սակայն նա հարգելով իր համայնքի բնակիչներին անմիջապես կատարել է հանձնաժողովի առաջարկը:

-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը կիրառել է օրենքը և եթե հասարակության մի հատվածը դժգոհ է հանձնաժողովի եզրակացությունից պետք է բողոքի օրենքից և ոչ թե հանձնաժողովից:

-Ես ամենևին հակված չեմ պնդելու, որ հանձնաժողովը գործել է անթերի, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովը չունի այլընտրանք քան խստորեն առաջնորդվել օրենքով, նույնիսկ այն դեպքերում, երբ օրենքով առաջնորդվելու դեպքում մենք ունենում ենք հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվող եզրակացություն: Հանձնաժողովի անդամները նույնպես բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և ենթարկվում են նույն էթիկայի կանոններին ինչ բոլորը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի առաջին կանոնը պահանջում է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Մի բան հստակ է մենք առաջնորդվում ենք և այսուհետ ևս առաջնորդվելու ենք այն սկզբունքով, որ օրինականություն կարելի է հաստատել միայն օրինական ճանապարհով:

-Հանձնաժողովը պլանավորո՞ւմ է առաջիկայում հանդես գալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, հաշվի առնելով հնչող քննադատությունները:

-Օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցին, իմ կարծիքով, պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովի որոշակի փուլի գործունեության արդյունքները կամփոփվեն, վեր կհանվեն այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում, սակայն դրանց լուծումը անհնարին է առկա օրենսդրական կարգավորման շրջանակներում, կուսումնասիրվի տվյալ խնդրին առնչվող միջազգային լավագույն փորձը: Այստեղ է, որ մենք իսկապես կարիք ունենք տարբեր գաղափարների բաց և շահագրգիռ քննարկման, ինչի արդյունքում կծնվեն մեր պետության համար օգտակար առաջարկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930