Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմը, Լիսկան եւ մյուսները

Հունիս 07,2013 12:29

Մենք շատ ենք խոսում Ղարաբաղյան պատերազմի որոշ մասնակիցների հետպատերազմյան արատավոր վարքից: Արամ Աբրահամյանն էլ է այդ խնդրին անդրադարձել իր այս շաբաթվա վերլուծականում, որն ինձ հավելյալ մտորումների տեղիք տվեց: Իհարկե, Սուրեն Խաչատրյանի և Գորիսի դեպքերի առիթով:

ԱՄՆ-ի պես հզոր պետությունն առ այսօր դժվարությամբ է հաղթահարում Վիետնամի պատերազմի մասնակիցների հավակնությունները, և միայն այդ անհեթեթ ու անիմաստ պատերազմի մասնակիցների առաջացող տարիքի շնորհիվ է Միացյալ Նահանգներում այդ խնդիրը հետզհետե մեղմվում ու մարում:

Աֆղանստանի պատերազմը ԽՍՀՄ-ի համար ավելի քան անհեթեթ էր, ես կասեի` կործանարար, բայց Աֆղանստանի պատերազմի մասնակիցների առումով ԽՍՀՄ-ում առանձնապես լուրջ խնդիրներ չառաջացան` ոչ միայն այն պատճառով, որ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսհանումն ու ԽՍՀՄ փլուզումը ժամանակի առումով գրեթե համընկան, այլև ու հիմնականում այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում դեռևս մարտունակ էին առավել հայրենական` 1941-1945 թվականի պատերազմի հերոսներն ու մասնակիցները, որոնց ձեռքում էր կենտրոնացած գրեթե ողջ խորհրդային իշխանությունը, և քանի որ տարիներ շարունակ իրենք էին իշխանությունը, բնականաբար, իրենք իրենց համար չէին կարող լուրջ խնդիրներ ու բարդություններ առաջացնել:

Արցախյան պատերազմի մասնակիցների հետ կապված խնդիրներն էականորեն տարբերվում են վերոնշյալներից` մի քանի առումներով: Ի տարբերություն Վիետնամի ու Աֆղանստանի պատերազմների` Ղարաբաղի պատերազմը հայրենական ու ազատագրական էր:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ հայրենյաց կանչով ոտքի ելած երիտասարդներն ու ոչ երիտասարդները մեր միջի լավագույններն ու անձնազոհներն էին, մանավանդ որ` նրանց զգալի մասը կամավորներ էին: Մարդիկ հերոսաբար կռվեցին, հերոսաբար հաղթեցին ու պատվով վերադարձան: Փառք ու պատիվ զոհվածներին, որոնց կյանքի գնով գրվեց մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկը:

Բայց մեր խոսքը վերաբերում է վերադարձածներին: Վերադարձածներից որոշներն իսկական պատուհաս դարձան մեր ժողովրդի գլխին: Նրանցից ամենազոռբաները տեր կանգնեցին հաղթանակի ողջ փառքին ու «ավարին»: Ավար բառը չակերտների մեջ առա, որովհետև ոչ թե պատերազմի օրերի թալանը նկատի ունեմ, այլ հետպատերազմյան նրանց ավարառությունը` արդեն միանգամայն խաղաղ պայմաններում: Մյուս կողմից` զոհվածների ու պատերազմի մասնակիցների բազում ընտանիքներ ծայրահեղ աղքատության մեջ են:

Մի կողմից` մենք պարտավոր ենք այս ամենի մասին խոսել, մյուս կողմից էլ` պիտի ամեն ինչ հաշվի առնելով խոսենք, որովհետև Արցախյան պատերազմն ընդամենը սառեցված է: Աստված չանի` վերսկսվի: Եվ եթե խոսում ենք, պիտի ամեն ինչ հիշելով խոսենք: Առաջին հերթին պիտի հիշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերին մեր հազարավոր կամավորականները զենք վերցրին` իրենց աչքի առաջ ունենալով մեր պատմական հերոսների օրինակը:

Վերջին պատերազմի օրինակելիները, ցավոք սրտի, քիչ են: Ավելի ճիշտ` օրինակելիները կամ զոհված են, կամ էլ` ծայրահեղ աղքատության մեջ: Առանձնապես չեմ չափազանցնում:

Փաստորեն, շատ բարդ իրավիճակում ենք:

Ճիշտը, այնուամենայնիվ, ոչ թե խոսելն է, այլ` գործելը: Իշխանությունների նախաձեռնությամբ և բոլորիս պահանջով պետք է «Հայաստան» հիմնադրամի պես լուրջ ու հզոր հիմնադրամ ստեղծել, որն զբաղվի Արցախի պատերազմում զոհվածների և նույն պատերազմի մասնակիցների անապահով ընտանիքների հոգածությամբ: Պետք է շտապել, որովհետև հետո շատ ուշ կլինի: Հավատում եմ, որ սփյուռքի և Հայաստանի մեծահարուստները ձեռքները ծալած չեն նստի: Համոզված եմ, որ մյուսներս էլ մեր չունեցածից որոշակի բաժին կհանենք:

Թե չէ` զոհվածների և մասնակիցների թոռներին դեպքից դեպք և տոնից տոն հիշելով և ցուցադրաբար խաղալիքներ ու քաղցրավենիք բաժանելով` նրանց ոչ թե օգնում ենք, այլ` նվաստացնում: Զոհվածների ու մասնակիցների մեծարանքի պարտականությունն էլ է մեր խղճի վրա:

Մեր սերունդները պիտի համոզվեն, որ հանուն հայրենիքի կռվելը պատիժ չէ:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցես՝ Երևանցի: -Իշխանությունների նախաձեռնությամբ և բոլորիս պահանջով պետք է ………….:
    Ազգանունով Երևանցի ես, բայց արմատներով հավանաբար այն քարաբաղցիներից, որոնց շնորհիվ
    երկիրը գտնվում է՝ այս ……………………………………………… և այլանդակ վիճակում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930